
Հաղարծինում ասում են, որ զբոսաշրջիկները եկամուտը Երեւանում են թողնում
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի զբաղեցրած 2775.88 հա հողատարածքից 1055.29 հա-ը արոտ է, հիմնականում 4-րդ կամ 5-րդ կարգի: Այստեղ գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Տարեսկզբի տվյալներով գյուղում կա 1176 գլուխ անասուն, որից 592 կով, 313 մանր եղջերավոր անասուն եւ 656 խոզ: Որոշ ընտանիքներ զբաղվում են նաեւ մեղվաբուծությամբ. գյուղում 308 մեղվաընտանիք է հաշվառված:
Հաղարծինում բանջարաբուծությունը տարածում չունի, որովհետեւ հողերի մեծ մասն աջրդի է, ոռոգման ջուր գյուղը չունի: «Մեզ մոտ էնքան մթերք չկա, որ շուկա հանենք: Եղածը իրենց սպառման համար է, - ասում է Հաղարծինի համայնքապետ Սարգիս Պողոսյանը,- շուկաներում մեր գյուղից մարդ չեք տեսնի, որ գյուղմթերք վաճառի»: Հաղարծին գյուղը շրջապատված է անտառներով, որտեղից գյուղացիները սունկ են հավաքում, գարնանը՝ նաեւ կանաչիների տարբեր տեսակներ: Բերքը վաճառում են գյուղի մեջով անցնող միջպետական ճանապարհին:
Գյուղում վերջին՝ մայիսի 26-ին տեղի ունեցած աճուրդում եւ մրցույթում հողատարածքները նույնպես ձեռք էին բերում անասնապահությամբ զբաղվելու համար. դրանք 4-րդ կարգի արոտավայրեր էին: Համայնքապետը նշում է, որ հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքներ գրեթե չունեն: Նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին, ով որեւէ կառույց է զբաղեցրել, հետագայում այն սեփականաշնորհել է:
Հաղարծին համայնքի ավագանու որոշմամբ աճուրդի մասնակցության վճարը սահմանվել է 10 հազար դրամ: «Հնարավոր է՝ դա մեծ գումար թվա, բայց որպեսզի պատահական 10-ը մարդ չգա մասնակցի ու հետ կանգնի, աճուրդն իսկապես կայանա, ավագանին այս գումարն է սահմանել»,- մասնակցության վճարի չափը պարզաբանում է համայնքապետը:
Մայիսի 26-ին գյուղում առաջին աճուրդն էր տեղի ունենում: Համայնքապետը նշում է, որ աճուրդներ հաճախ չեն անցկացնում: Անցած տարի էլ օտարել են մի քանի փոքր՝ 20,30 ք/մ հողատարածքներ: «Գյուղի ներսում, եթե աճուրդ ենք կատարում, մոտավորապես 200% ենք դնում մեկնարկային գինը: Էսօրվա աճուրդը որ կայացավ, կադաստրային արժեքը 1 ք/մ-ի համար 45 դրամ էր: Օրենքը թույլ է տալիս, որ մենք դրա 50%-ով անենք, բայց մենք մեկնարկային գինը սահմանեցինք 200%` 1 ք/մ-ի համար 100 դրամ ենք դրել մեկնարկային գինը»,- պարզաբանում է Ս. Պողոսյանը:
Վերջինիս կարծիքով` ավագանու որոշմամբ սահմանված 1 ք/մ-ի համար 100 դրամը «ճիշտ գին է», որովհետեւ ցածրի դեպքում կարծես «ձրի նվիրում ես» հողատարածքը: «Մեզ թվում է, թե գյուղատնտեսական նշանակության հողամասերի պահանջարկը քիչ է, բայց եւ կադաստրային արժեքը ոնց որ թե շատ ցածր է գնահատված», - պարզաբանում է համայնքապետը: Աճուրդի հանված 0,2 հա հողատարածքի համար նախնական գին էր սահմանվել 200 հազար դրամը: Հողակտորի համար դիմել էր երկու մասնակից եւ երկու քայլով աճուրդն ավարտվեց, հողակտորը վաճառվեց 220 հազար դրամով:
Հաղարծին համայնքի ղեկավարը նշում է, որ վերջին 13 տարիներին գյուղի բնակչության թվաքանակը նվազել է 400-ով: Մեր այն հարցին, թե արդյոք գյուղը զբոսաշրջության զարգացման պոտենցիալ չունի՞, որովհետեւ այստեղ է գտնվում Հաղարծին վանքը, բացի այդ գյուղը մոտ է Դիլիջան քաղաքին, Պարզ լճին, որոնք զբոսաշրջային վայրեր են, Ս. Պողոսյանը պատասխանում է. «Չնայած վանքը կոչվում է Հաղարծին, բայց մեր գյուղից 10 կմ հեռու է: Համարյա առնչություն չունի գյուղի հետ: Երեւանից զբոսաշրջիկներին ավտոբուսներով բերում են Հաղարծին, Պարզ լիճ, հետ տանում Երեւան: Եկամուտը Երեւանում է մնում, նույնիսկ Դիլիջանում շատ քիչ է մնում»:
Համայնքապետը նշում է, որ գյուղում մեծ է գործազուրկների թիվը: Ամեն տարի մոտ 200 հոգի մեկնում է արտագնա աշխատանքի: Նրանց մեծ մասը երիտասարդներ են, որոնք շինարարությամբ են զբաղվում ՌԴ-ում: «Ուղղակի ժողովրդի վիճակն է ծանր գործազրկության հետ կապված: Մեծ գյուղ է, մեծ քանակով բարձրագույն ավարտ երիտասարդներ կան, որոնք աշխատանք չունեն», - ասում է Ս. Պողոսյանը:
Մեկնաբանել