Ինչպե՞ս վարվել հարյուրավոր տուգանքներ ունեցող վարորդների հետ
Արդեն երկու տարուց ավել է, ինչ Հայաստանում գործում են արագաչափ սարքերն ու խաչմերուկներում երթևեկությունը վերահսկող տեսախցիկները: Այս տարիներին դրանց թիվը դարձել է 100-ից ավելին: Մենք բազմիցս խոսել ենք դրանց մասին` ներկայացնելով խնդիրները, քննարկելով տուգանքների չափերը և խախտում ծնող հանգամանքները:
Տաքսու վարորդ կա, որ ՃՈ-ին արդեն մի քանի տասնյակ միլիոն է պարտք
Անցած երկու տարիների ընթացքում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերվեց շուրջ երկու միլիոն իրավախախտում (մոտ 15 միլիարդ դրամի): Սակայն այդ խախտումները հավասարապես չեն բաշխված հայաստանցի շուրջ կես միլիոն վարորդների միջև: Հրապարակվող վիճակագրության համաձայն` տուգանքների մոտ 70 տոկոսը ընկնում է շուրջ 10 տոկոս վարորդների վրա… Իսկ կան էլ ավելի աչքի ընկնողներ:
Այսպիսով, պարզվում է, որ կան վարորդներ, ովքեր կատարել են 1000-ից ավել իրավախախտում (ռեկորդակիրը 1098 խախտում ունի), իսկ թվով 144 վարորդ արդեն ունի 100-ից ավել տուգանք: Եթե հաշվի առնենք, որ միջինում խախտման տուգանքը կազմում է 5-10 հազար դրամ, իսկ չվճարելու դեպքում այն հնգապատկվում է, կստանանք, որ կան վարորդներ, ովքեր ունեն մի քանի տասնյակ միլիոն դրամի պարտք: Պատկերացնո՞ւմ եք` տաքսու վարորդի, ումից պետությունը պիտի բռնագանձի մի քանի տասնյակ միլիոն դրամ:
Ակնհայտ է, որ այդպիսի վարորդներից շատերը սնանկ են ճանաչվում և իրենցից անգամ հնարավոր չի գումար բռնագանձել… Եվ այդ վարորդներն էլ կորցնելու բան չունեն ու այլևս չեն վախենում խախտում կատարել, ինչը, իր հերթին, իրենց երթևեկությունը դարձնում է չափազանց վտանգավոր:
Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ կարելի է անել անելանելի դրության մեջ հայտնված այդ վարորդների հետ, քանի որ մի կողմից իրենք վտանգավոր են երթևեկության համար, մյուս կողմից` ծանր վիճակում հայտնված քաղաքացիներ են, ում հարկավոր է օգնել:
Գործող օրենսդրությամբ
Մեր երկրում այս պահին գործող օրենքներով այդ վարորդներից կբռնագանձվի ամբողջ ունեցվածքը և չբավարարելու դեպքում պիտի բռնագանձվի ամենը, ինչ վարորդը կաշխատի: Ընդ որում, հազարավոր խախտումներ արած վարորդին վարորդական վկայականից չեն զրկի, և նա կշարունակի կատարել խախտումներ, քանի որ ունեցվածք չունի (արդեն):
Այնպես որ, գործող օրենսդրությունը խնդրին որևէ լուծում չի տալիս:
Մասնակի համաներում
Խնդրի մասնակի լուծում է նաև համաներումը: Օրինակ` «էս ինչ ժամկետում վճարեք ձեր կուտակած տուգանքների մայր գումարը և ազատվեք ուշացման հնգապատիկը վճարելուց»:
Այո, անշուշտ հարյուրովոր տուգանքներ ունեցող տաքսու վարորդների համար սա փրկություն կլինի: Սակայն մարդիկ, ովքեր հաջողացրել են հարյուրավոր խախտոմներ անել (հետևաբար վատ գիտեն կանոնները), կշարունակեն մեքենաները վարել, վտանգել երթևեկության մյուս մասնակիցներին և կրկին հարյուրավոր տուգանքներ կուտակել:
Վարորդականից զրկում
Այժմ շատերը կարող են արդարացիորեն պնդել, որ եթե մարդ այն անստիճանի վատ է մեքենա վարում, որ երկու տարում հարյուրավոր (ՙկամ, անգամ, հազարավոր) խախտումներ է արել, ապա նրան արժե այլևս ղեկին մոտ չթողնել: Ենթադրենք` օրենքով կարելի է ամրագրել, որ մարդ, ով ամսական, ասենք, 10-ից ավելի խախտում է անում, որոշակի ժամկետով զրկվում է վարորդականից:
Թեև վարորդականից զրկումը կարող է ուղեկցվել բռնագանձմամբ կամ մասնակի համաներմամբ, շատերի համար վարորդական վկայականը հանդիսանում է փող վաստակելու միակ միջոց: Վարորդականից զրկումը այս մարդկանց համար համարժեք է գնդակահարությանը:
«Կրթությունը կփրկի աշխարհը»
Սակայն, թերևս, կա արդեն լավ մոռացված, սակայն արդի միջոց, որը կարող է լուծել խնդիրը:
Քչերը կհիշեն, որ տասնամյակներ առաջ վարորդական վկայականից զրկված վարորդները այն հետ ստանալու համար պետավտոտեսչությունում պարտավոր էին երթևեկության կաննոների մասին ֆիլմ նայել:
Այսպիսով, եթե այժմ հարյուրավոր տուգանքներ ստացած վարորդներին պետությունը առաջարկի, որ վերջիններս կկարողանան մասնակի համաներում ստանալ, եթե ևս մեկ անգամ մանրամասն քննություն հանձնեն երթևեկության կանոնների և անվտանգության մասին, կարծես, խնդիրը կարող է լուծվել:
Այս դեպքում մի կողմից վարորդները հնարավորություն կունենան թե ցմահ պետությանը պարտք չմնալու, թե կանոնները սովորելու ու այլևս չտուգանվելու, մյուս կողմից` պետության «խիղճը հանգիստ կլինի», քանի որ վտանգավոր ու օրինախախտ այդ վարորդները կկրթվեն և կդառնան անվտանգ ու օրինապահ:
Կարծում եմ` այս տարբերակը պետք է ձեռք տա բոլորին: Այսպիսի միջոցառման իրականացման դեպքում մարդիկ կհասկանան, որ պետությունը կոչված է իրենց օգնելու և ոչ պատժելու` դրանից բխող բոլոր դրական հետևանքներով:
Մեկնաբանել