HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից հուսախաբ գնացած գյուղատնտեսը ցորենի արտադրության առաջարկ է ներկայացնում

Եսայի Հավաթյանը Լիբանանից է: Արդեն 20 տարի է՝ ղեկավարում է գյուղատնտեսական հարցերով զբաղվող հաստատությունը (հիմնադիրն ինքն է): Մասնագիտությումբ գյուղատնտես է: Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը: Բացի սերմերից, քիմիական նյութերից, դեղորայքի վաճառքից, հաստատությունը զբաղվում է նաև խորհրդատվությամբ: Նա մտադրվել է Հայաստանում և Ղարաբաղում ընդլայնել ցորենի արտադրությունը, իսկ դրա արդյունավետությունը ստուգելու համար առաջարկում է իրականացնել նախնական փորձ:

-Հայաստանի ցանքատարածության մեջ ամենաշատ տարածությունը գրավում են ցորենի ցանքերը: Արդեն 5 տարի է՝ ավելի խորը մխրճված եմ ցորենի արտադրության մեջ՝ օգտվելով իտալացիներից, իսպանացիներից և ամերիկացիներից:

Այսօրվա դրությամբ Բեքաայի հովտի մեջ 1 հա-ից 8-10 տոննա հացահատիկ ենք ստանում, երբ Հայաստանում 1 հա-ից 3 տ են ստանում: Ուզում եմ ցորենի արտադրության մեջ օգտակար լինել Հայաստանին և Ղարաբաղին: Նախքան այդ գործն սկսելը անհրաժեշտ է փորձն անել մի քանի տարբեր վայրերում, որովհետև օդը, ջուրը, կլիման, տաքը, պաղը, ամեն ինչ ազդող բաներ են: Դրա համար առնվազն պետք է փորձել Շիրակի, Արարատյան դաշտերը, Ղարաբաղի գոնե երկու շրջան:

Պետք է բերենք այն սերմերը, որոնք մենք ենք օգտագործում, որովհետև ամեն ինչ միայն խնամքից չէ կախված, սերմի ժառանգություն կա: Լիբանանը հոյակապ սերմեր ունի, որոնք իտալական են: Եվ դրա շնորհիվ է, որ այդ արդյունքները ձեռք ենք բերում:

-Ձեր տվյալներով՝ Հայաստանը ցորենի ի՞նչ սերմեր է օգտագործում:

-Հայաստանի մասին շատ տեղեկություն չունեմ: Հեռուստատեսությունից եմ իմացել, որ ռուսական նոր սորտեր են բերվել, որոնցից շատերը նույնիսկ 3 տոննա արդյունք չեն տվել:

-Իսկ իտալական Ձեր նշած ցորենի գինն ինչքա՞ն է:

-Ամեն տեղ ցորենի տեսակների մասին փոքր ուսումնասիրություն էի արել: Ցորենի սերմի և վաճառքի գինը նույնն են: Օրինակ, Լիբանանում ցորենը պետությունն է գնում ագրոնոմներից՝ 3 կգ-ը 1 դոլարով: Իտալական ցորենի սերմն ունի գրեթե նույն գինը:

Հիմա իմ ծրագիրն ու երևակայությունը հետևյալն է. հիմնական ցորենի արտադրությունն ունի 4 հանգրվան. առաջինն սկսում է ցանելուց, որը կախված է 3 բանից:

Առաջին. ի՞նչ տեսակ ենք ցանելու, երկրորդ՝ հյութը. այդ սերմը ցանելուց առաջ թաթախում ենք հատուկ բնական հյութի մեջ, որը ծովից է բերված: Դա հունդն ավելի տոկուն է դարձնում հիվանդությունների նկատմամբ և ավելի դյուրին արմատավորման համար: Ուստի, աճն ավելի արագ է լինում:

Երրորդն իսպանական քարայրների բնական նյութն է, որն ավազի պես է և ցանվում է ցորենի հետ: Այս նյութն ունի սննդարար հատկանիշներ, հողը փխրուն է դարձնում, որպեսզի բույսը շատ ուժ չվատնի արմատը հողի մեջ հրելու համար: Կա նաև ամերիկյան մանրէ, որը ցանելուց առաջ սրսկում ենք հողին: Դա ապրում է հողի վրա՝ այն դարձնելով շատ փխրուն: Ինչքան հողը փխրուն է, բույսն իր արմատները հրելու ուժի կարիք չունի, ուստի, չի սպառում իր ուժը և ավելի արագ է աճում:

Իսկ երբ ցորենը 15 սմ է լինում, նախատեսվում է 3 սրսկում: Մի նյութն, օրինակ, այն է, որ ցորենի ցողունը ոչ թե 1, այլ 3 հասկ տա: Երկրորդը՝ հասկին երկայնքը բարձրացնելու համար է (օրինակ, հասկը, որ 10 հատիկի շարք ունի, 16-ը դառնա), իսկ վերջինը` հատիկը մեծացնելու և կարծրացնելու նյութ է:

Այս նյութերը չկան Հայաստանում, իսկ փորձն անելու համար նախևառաջ պետք է բերվեն Հայաստան: Ղարաբաղի պատասխանատուներից մեկի հետ էի խոսել, ասաց, որ պետությունը հերկում և ցանում է ցորենը 400 դոլարով, այսինքն՝ պետությունն ինքն է ցանում՝ սերմն իրենից, հերկելն իրենից, ցանելն իրենից, և 1 հա-ը մոտավորապես տալիս է 1000 դոլարի արդյունք: Այսինքն՝ շահը շուրջ 600 դոլար է, որը ներդրմանը բաղդատած լավ է, բայց մեր ակնկալածի համեմատ քիչ է:

-Իսկ Դուք ինչքա՞ն եք ստանում:

-Իմ հաշիվն այսպիսին է. եթե ես 1000 դոլար եմ ներդնում, պետք է ստանամ 3500 դոլարի արդյունք: Հեկտարի վրա իմ ճիգը շահը բարձրացնելն է: Միևնույն ժամանակ մեր ծախսն ավելի շատ է լինում հեկտարի վրա:

-Թա՞նկ են այդ նյութերը:

-Շատ թանկ չեն: Փորձի համար մտադիր եմ այդ նյութերն անվճար տրամադրել: Մեր հայրենիքն է, վնաս չունի, որ այդ փորձը 1000 դոլար վնաս ունենա: Եթե տեսնենք, որ այդ փորձը ձեռնտու է, այդ պարագայում պետք է մտածենք, մեր երկրում ցորենի արտադրությունը բարձացնելու մասին: Ապագայում հացահատիկը շատ ավելի հարգի պիտի դառնա: Ուկրաինայում տեղի ունեցող կռիվներն էլ ազդեցություն կարող են ունենալ հացահատիկի գնի վրա, որովհետև Ուկրաինան աշխարհին հացահատիկ մատակարարողներից է:

-Ի՞նչ է անհրաժեշտ Ձեր նախաձեռնությունն իրականացնելու համար:

-Ամենակարևորը փորձն անելն է, Լիբանանից նյութերը բերելն է: Մոտավորապես 2 տոննա ապրանք կա, որ պետք է տեղափոխեմ Հայաստան: Հիմնական դժվարությունն այն է, թե ինչպես պետք է այդ ապրանքն անցնի սահմանը, գրանցվի, որովհետև այդ նյութերի արձանագրություն չկա, հետևաբար, պետական աջակցության անհրաժեշտությունը կա՝ այդ նյութերը սահմանակետերից երկիր բերելու համար:

-Ձեր առաջարկը ներկայացրե՞լ եք պետական որևէ կառույցի:

-Անկեղծ ասած, 2 տարի առաջ «Հայագրոֆորումի» ժողովից հուսախաբ գնացի և դրանից հետո չեմ խոսել որևէ մեկի հետ: Գործընկեր ունեի, որ 1 ամիս առաջ եկավ և նախնական ուսումնասիրություն է արել՝ տեսնելու համար, թե ուր կարող ենք անել փորձը: Ունեմ նաև վստահելի մի քանի հոգի Հայաստանում և Ղարաբաղում: Իրենք կարող են հսկել փորձի գործընթացը, երբ ես Լիբանանում լինեմ:

-Ինչո՞ւ հուսախաբ գնացիք «Հայագրոֆորումից»:

-Անցյալ «Հայագրոֆորումի» հուսախաբությունը շատ դառն է, և շատ չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ շատ դառնացած և վշտացած եմ: Թողնելով իմ գործը՝ եկել էի հայրենիքի գյուղատնտեսության մասին հարցեր քննարկելու: Օրակարգով հարցեր պետք է քննարկվեին, զեկուցումներ պետք է տրվեին, և դրա լույսի տակ կարելի կլիներ բաներ ձեռնարկել, սակայն այդպես չեղավ: Ժողովի կես օրն անցավ շքանշաններ տրամադրելով, մյուս կես օրվա մեջ մի քանի հոգի զեկուցումներ տվեցին: Ինձ էլ պատիվ արեցին, որ եթե ասելիք ունեմ, ասեմ, թեև նախապես ասել էի, որ ասելիք ունեմ: Երևի թե դժգոհ մնացին իմ ելույթից, որովհետև անկեղծորեն ասացի այն, ինչ տեսել էի: Դա վշտացրել էր նախարարին ու նախարարության անդամներին: Իմ միտքը նրանց վշտացնելը չէր, այլ այն, թե ինչպես կարող ենք օգտակար լինել հայրենիքին: Ժողովին հանկարծ հռչակագիր կարդացին և փակեցին՝ ոչ քննարկումներ եղան, ոչ օրակարգով նշված բաները եղան:

Ժողովի նիստից չբացակայելու համար 3 օր առաջ էի եկել Հայաստան, պտտել էի Արարատյան դաշտը, գյուղացիների հետ էի խոսել, իսկ դրանից 1 ամիս առաջ ինտերնետով կարդում էի Հայաստանի գյուղատնտեսության մասին հրապարակումները, որպեսզի ամբողջական լիներ ասելիքս:

Ես ասել էի, որ գյուղատնտեսությունն է մեր երկրի ապագան, որովհետև Հայաստանը նավթ չունի, ծով չունի: Իսկ այն երկրում, որտեղ գյուղացին չի կարողանում ապրել, դժվար թե ապագա ունենա այդ երկիրը: Ես տեսա, որ գյուղացիները խեղճուկրակ էին, պարտքերի մեջ «թաղված»: Արարատյան դաշտի սարսափելի պատկերը տեսա, որի մեծ մասը խոպան, լքված էր: Այս դաշտը կարող է կերակրել ամբողջ Կովկասի հանրապետությունները: Մեր Բեքաայի դաշտը շատ փոքր է Արարատյան դաշտավայրի համեմատ, բայց ապահովում է Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի ամբողջ կարտոֆիլը հսկա քանակությամբ:

Մեր գալիք սերունդների գոյատևման աղբյուրն է Արարատյան դաշտը, որն այսօր 60-70 %-ով խոպան է: Եվ շատ վշտացած եմ այս դառը փորձառությունից, որովհետև մենք եկել էինք հայրենիքին օգտակար լինելու, բայց դուրս եկավ, որ նույնիսկ մեր խոսքը չընդունվեց, դժգոհություն առաջացրեց, ինչպես նաև թերթին տված իմ հարցազրույցից շատ դժգոհ էր մնացել նախարարը: Ասել էի, որ երկիրն արյունահոսություն ունի, գյուղացիները երկրից գնում են, և եթե արյունահոսությունը չկագնեցնեն, երկիրը կարող է արյունաքամ դառնալ և վաղն էլ կարող է մահամերձ լինել: Սա նախարարը վերցրել էր իր վրա, բայց ես մտահոգված էի երկրի ապագայով: Հիմա մտածում եմ, թե ինչպես մեր երկրի ցորենի արտադրությունը բարձրացնել, պարզապես ուզում եմ օգնած լինել իմ հայրենիքին:

Մեկնաբանություններ (4)

Աննա
CARD - The Center for Agribusiness and Rural Development ընկերությունը որքան գիտեմ լավ գործեր է անում Հայաստանում եւ տնօրենն էլ հասկացող մեկն է: Միգուցե արժեք մոտենալ, զրուցել...հասցեն՝ Azatutyan 1/21-40 Yerevan 0037, Telephone: (374 60) 440-550; E-mail: [email protected] Իսկ գյուղ նախարարը եթե ճիշտ գործի մարդ լիներ, էդպես նեղացկոտ չէր լինի: Բոլորս էլ գիտենք որ գյուղացու դրությունը ողբերգական է ու ողորմելի, ու՞մ ինչ ունենք խաբելու: Կարո՞ղ եք, գործ արեք, լսեք փորձառու մարդկանց, մի բան սովորեք, ու թողեք որ այս երկրի համար մի քայլ անեն; ինչ էլ որ անեն՝ ձեր շահն է, վերջում արդյունք կունենաք ցույց տալու:
Յովան
Պէտք է արձանագրել, որ գիւղատնտես մասնագէտը՝ Եսայի Հաւաթեան միամտօրէն ձեռնարկած է Հայաստանի գիւղատնտեսութեան օգտակար հանդիսանալու կամ այդ կարեւոր մարզին զարկ տալու յանձնառու նախաձեռնութեան... իշխանութեան ԲՈՐԵՆԻՆԵՐԸ առանց կերակրելու անկարելի է Հայաստանի մէջ ոեւէ բան տեղէն շարժել: Ի՜նչ փոյթ, որ Հայաստանի գիւղացիները կը լքեն հայրենի ափերը, կ'երթան ու կը ծաղկեցնեն օտարի այգին ու արտերը: Նախ կերակրեցէք իշխանութեան ԲՈՐԵՆԻՆԵՐԸ, այն ատեն պիտի տեսնէք թէ գործերու ընթացքը ինչքան կը դիւրանայ: Եսայի Հաւաթեանը սքանչելի մարդ է: Հայրենասիրութիւնը եւ ծառայութեան ներշնչումը կուգան անոր ազգային ամուր արմատներէն: Մինչդեռ իշխանութեան ԲՈՐԵՆԻՆԵՐՈՒՆ համար հայրենասիրութիւնը եւ ծառայութիւնը պայմանաւորուած են իրենց անհատական եւ վոհմակային շահերով ու բարգաւաճումով: Անոնց կը պակսին մարդկային որակն ու առաքինութիւնները:
կարին
Հայրենիքի անունով՝ սննդի համաշխարհային արդյունաբերությունը մեզ դեղորայքով աճեցվող մթերք է առաջարկում: Շնորհակալություն
Պապին Դավթյան
Եսայի Հավատյանը նորություն չի ասում․․․Օրինակ՝ ԱՄՆ-ՈՒՄ,ԿԱՆԱԴԱՅՈՒՄ,Հոլանդիայում ևայլ շատ-շատ երկրներում մենակ ցորենի 1 հա -ից ստանում են 12 տոննա ցորեն․․․Մնացած գյուղատնտեսական կուլտուրանից նույնպես ստանում են հայաստանի համեմատ ռեկորդային բերք․․․Ինչու Հայաստանում գյուղ․կուլտուրաների բերքն այդքան ցածր է,քանի որ գյուղատնտեսությունը վարում են նախնադարյան համայնական կարգերի մեթոդով․․․Գյուղ նախարարը գյուղատնտեսությունից բեխաբար մարդ է․․․Ես գյուղ․ մասնագետ եմ երկար տարի աշխատել եմ հայաստանում,արդեն 20 է Եվրոպայում․․․Հայաստանի գյուղատնտեսությունում նոր տեխնալոգիաներ և ժամանակակից գիտական մեթոդներ կիրառելով 4 անգամ շատ բերք ,բոլոր գյուղ մթերքների առումով․․․Նունիսկ լավ մեթոդներ կան կարկութից և ցրտահարվաժությունից պաշտպանվելու․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter