«Առաջին երկու աշխատանքներս նվիրել եմ ամուսնուս՝ տուն է և վրան»
Կան երեխաներ, ում հայրերը կամ մայրերը ոչ իրենց կամքով ընտանիքներից հեռու են գտնվում: Խոսքը արտագնա աշխատանքի մեկնողների մասին չէ (նրանք ցանկացած ժամանակ կարող են տուն գալ), այլ մարդկանց, ովքեր ճաղերից այն կողմ են՝ ազատազրկման վայրերում, մեկուսարաններում: Ինչպե՞ս են այդպիսի երեխաները նշում այս օրը, ինչպե՞ս է ազատության մեջ գտնվող ծնողը փորձում լրացնել ընտանիքի անդամի բացակայությունը:
Մարգարիտան արդեն 7 ամիս երեխաներին խնամում է մենակ

4.5 տարեկան Ագնեսային ու Նարեին մայրիկի՝ Մարգարիտա Ստեփանյանի հետ հանդիպեցի Ազատության հրապարակում՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Խեցեգործության ստուդիայի» տաղավարում: Մարգարիտան արդեն 7 ամիս է՝ երեխաներին խնամում է մենակ. ընտանիքի միակ կերակրողը՝ Վահե Մկրտչյանը, անցյալ տարվա նոյեմբերի 5-ից անազատության մեջ է Շանթ Հարությունյանի ու ևս 12 այլ քաղաքացիների հետ:
«Ուղիղ յոթ ամիս առաջ այս օրը՝ նոյեմբերի 1-ին մենք այստեղ էինք՝ Ազատության հրապարակում՝ ամուսնուս կողքին: 7 ամիս է՝ նա մեր կողքին չէ ոչ իր կամքով»,-պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, անցյալ տարվա նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Վահե Մկրտչյանի կինը` Մարգարիտան: «Չկար մի տոն, որ մենք ընտանիքով հիշարժան չդարձնեինք: Հիմա բոլոր տոներին, նաև առօրյայում, աշխատում եմ այնպես անել, որ երեխաները Վահեի բացակայությունը չզգան: Մենք իրենց ստիպված խաբել ենք, մի բան, որ տանել չեմ կարողանում՝ խաբել երեխաներին. ասել ենք, որ հայրիկը աշխատանքի է գնացել»,-պատմում է Մարգարիտան:
Փոքրիկ Նարեն, ով քույրիկի ու մայրիկի հետ մեծ արև էր նկարում, ասաց, որ կուզեր հայրիկն իրենց հետ լիներ, որ նորից տաներ եղնիկներին տեսնելու. «Հիմա չի կարող, գործի ա»,-համոզված ասաց Նարեն:
Հոգեկան ապրումները բացահայտել են ստեղծագործելու շնորհ
«Հետքի» հետ զրույցում Մարգարիտան պատմեց, որ ամուսնու կալանավորումից հետո հոգեկան ծանր ապրումների մեջ է եղել, իսկ 2 ամիս առաջ որոշել է փորձնական հաճախել կավագործության խմբակ: Ընտրել է Արգենտինական դպրոցի «Խեցեգործության ստուդիան», որտեղ հաճախողները տարիքային սահմանափակում չունեն:
«Մեկ-երկու պարապմունքից հետո զգացի, որ սա հենց այն է, ինչ ինձ պետք է. պարզ մարդկային շփում՝ գումարած գեղեցիկի, արվեստի հետ կապ: Իմ ուսուցիչները սովորեցին ինձ կավի հետ աշխատելու գաղտնիքները»,-ասաց Մարգարիտան՝ ցույց տալով տաղավարում ներկայացված իր աշխատանքները:

Խեցեգործության ստուդիայի ղեկավար Ռիտա Խաչատրյանը 9 տարի է` հոբբին դարձրել է աշխատանք: Նա պատմեց նաև Մարգարիտայի առաջին պարապմունքների մասին. «Մարգարիտան շատ դեպրեսիվ, ծանր հոգեկան վիճակում եկավ խմբակ: Իսկ կավը զգում է, թե ինչ վիճակով են իրեն մոտենում: Եթե մարդը լավ հոգեվիճակում չէ, կավը ջարդվում է, փչանում աշխատանքը, ու մարդը ստիպված ենթարկվում է կավի օրենքներին, կենտրոնանում, նորը սարքում: Երբ ներդաշնակվում ես կավի հետ, նոր մի բան ստացվում է: Եթե բացասական է էներգիան, կավը մտքերդ ցրում է, հանգստացնում հոգիդ: Բուժիչ ազդեցություն ունի մարդկանց վրա: Անցել է մի քանի ամիս, հիմա Մարգարիտան բավականին կենտրոնացած է աշխատում, ստեղծում տարբեր աշխատանքներ»,-ասաց խեցեգործության ուսուցչուհի Ռիտա Խաչատրյանը:
Ի՞նչ է պատրաստել Մարգարիտան առաջին անգամ
![]() |
![]() |
«Ես միշտ մտքերով, հոգով Վահեի հետ եմ, ու պատահական չէ, որ առաջին երկու աշատանքներս նվիրել եմ ամուսնուս՝ տուն է և վրան: Երկուսի հետ կապված էլ ջերմ ընտանեկան հուշեր ունենք:
Երեխաների սենյակի համար լուսամփոփ եմ պատրաստել: Զարդատուփ, բաժակներ կան: Երբ գալիս էինք այստեղ՝ ցուցադրություն-վաճառքի, մեր ուսուցչուհին հոգեբանորեն նախապատրաստեց մեզ իրերից բաժանվելուն՝ ասելով, որ միշտ էլ կարելի է նորերը ստեղծել: Եվ ահա իմ իրերից մեկը քիչ առաջ վաճառվեց»,-պատմում էր Մարգարիտան՝ ասելով, որ միգուցե խեցեգործությամբ զբաղվելը կկարողանա մեղմել իրենց ֆինանսական վիճակը, քանի դեռ ընտանիքի հայրն անազատության մեջ է:
Ավելին՝ երբ երեխաները դժգոհել են, որ իրենց սենյակի վերանորոգումը կիսատ է մնացել, Մարգարիտան իր մեջ ուժ է գտել ու ամուսնու վրձիններով, ներկերով դուստրերի սենյակի պատերին ինքնուրույն նկարել է ծաղիկներ ու արև:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել