HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու ճոպանուղու գործունեությունը դադարեցված է

Էմմա Պետրոսյան

Մայիսի 26-ի երեկոյան մոտ մեկ ժամ չդադարող անձրևն Ալավերդի քաղաքում ուղեկցվել է ամպրոպով ու կայծակով: Ուժեղ կայծակի հետևանքով էլ վնասվել են Ալավերդու ճոպանուղու շարժիչն ու հաստատուն հոսանքի գեներատորը:

Բարեբախտաբար, անսարքություն առաջացել է այն պահին, երբ ճոպանուղու վագոնն արդեն կայանած է եղել: Ճոպանուղու ուղեկցորդ Բագրատ Ծատինյանն ասում է, որ ճոպանուղու վագոնն արդեն օդում է եղել, երբ  կայծակը սկսել է հարվածել:

«Ես տեսա, որ լարը կարմրեց, կողքը կարմրեց, ու անմիջապես շարժիչը անջատվեց: Դրանից հետո որ վերև բարձրացանք, մաշինիստն ասեց, որ գեներատորը վառեց»,- պատմում է Բագրատ Ծատինյանը: Վերջինս իր մյուս գործընկերոջ հետ հրահանգ է ստացել մեքենավարից փակել վագոններն ու սպասել լրացուցիչ տեղեկության: Իրենք  էլ իրենց հերթին` սպասող ուղևորներին են տեղեկացրել անսարքության մասին:  Աշխատակիցներն անսարքության մասին անմիջապես ահազանգել են ճոպանուղու տնօրեն, գլխավոր մեքենագետ Ավետ Թամազյանին:

«Տեսա ամբողջ տարածքը ծխի մեջ է: Փորձնական մի հատ թողարկեցի, տեսա, որ իրոք շարքից դուրս են եկել: Անմիջապես արդեն սկսեցինք վերանորոգման աշխատանքները: Գլխավոր շարժիչին փոխարինող պահեստային շարժիչ ունեինք, անմիջապես տեղադրեցինք: Բայց փոխարինող գեներատոր չունեինք, մեզ գեներատոր տրամադրեց «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու տարածաշրջանային տնօրեն պարոն Ֆեոֆանովը՝ պահեստում ունեին: Էդ գեներատորը վերանորոգման արտադրամասում փորձարկելուց հետո ուղարկվել է Երևան՝ համապատասխան մասնագետների մոտ: Համեմատում ենք մեր նախկին գեներատորի տվյալների հետ: Եթե գեներատորից թողարկվող հաստատուն հոսանքի պարամետրերը համապատասխանեն նախկինին, ապա այն գործարկման մեջ կդրվի»,- ասում է Ավետ Թամազյանը:

Պարամետրերի անհամապատասխանելիության դեպքում`ճոպանուղու տնօրենությունը լուրջ խնդրի առջև կկանգնի, քանի որ համապատասխան պարամետրերով գեներատոր գտնելն այնքան էլ հեշտ չի լինի: Ճոպանուղու աշխատակիցներն այս պահին անորոշ ժամանակով հարկադիր պարապուրդի մեջ են: Ավետ Թամազյանը նշում է, որ ճոպանուղու գործունեության 37 տարիների ընթացքում առաջին անգամ է կայծակի պատճառով անսարքություն  արձանագրվում.  կայծակից պաշտպանվելու նպատակով հողանցում է ապահովված ճոպանուղու ամբողջ տարածքում:

«Մեր հողանցումը նորմաներին համապատասխանում է, թեկուզ ընթացքի ժամանակ էլ շատ է եղել, կայծակը խփել  է, մենք տեսել ենք բարձր լարման էդ նշանները մեր կրող ճոպանի վրա: Ոչ մի վնաս չի տվել մեզ: Բայց էս անգամ հարվածը բավականին ուժգին է եղել, չգիտեմ, տարբեր ձևի ու հզորության կայծակներ կան, միգուցե դա է մեզ խանգարել»,- ասում է ճոպանուղու գլխավոր մեքենագետը:

Ճոպանուղու աշխատանքի սահմանափակումներ կան նաև ուժեղ քամու դեպքում: Երբ քամու արագությունը գերազանցում է 15մ/վ, ճոպանուղու աշխատանքը դադարեցվում է: Հենց մեքենավարի սենյակում հատուկ սարք է տեղադրված, որն արձանագրում է քամու ուժգնությունը: Երբ այն գերազանցում է սահմանված նորմերը, միանում է կարմիրն լույսն ու ձայնային ազդանշանը, այդ ժամանակ մեքենավարը դադարեցնում է աշխատանքը, երբ վագոնը կայան է հասնում:

Ճոպանուղու հաճախորդներն էլ ժամանակավորապես օդային տրնասպորտը փոխարինել են երթուղայինով, որը վերջին մի քանի օրում սովորականից ավելի ծանրաբեռնված է աշխատում:

«Ճոպանուղուց եմ օգտվում, որովհետև այնտեղից ամբողջ Ալավերդին երևում է: Համ էլ ճոպանուղին ավելի արագ է տեղ հասնում, քան երթուղայինը»,- ասում է Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ Մերի Կիրակոսյանը:

3-րդ համարի երթուղայինի վարորդ Արամ Այդինյանն էլ ասում է, որ վերջին օրերին մոտ 20 տոկոսով ավելացել է ուղևորների թիվը: «Նստելու տեղեր լինում են, բայց առավոտն ու իրիկունը՝ գործի գնալ-գալու ժամերին, տեղերը չեն բավականացնում, նենց լինում է, որ ոտքի վրա են լինում մարդիկ»,- ասում է երթուղայինի վարորդը: Իդեպ, վերջին երթուղայինը Սանահին-Սարահարթ է ժամանում երեկոյան ժամը 18:30 րոպեին, իսկ ճոպանուղին ընդմիջումներով աշխատում էր  մինչև կեսգիշեր:  Երթուղայինի  վարորդ Արամ Այդինյանը նշում է, որ ուղևորների կողմից աշխատաժամի հետ կապված դեռևս դժգոհություններ չեն գրանցվել, բայց աաջարկ լինելու դեպքում անպայման կերկարացնեն աշխատաժամերը: Այս պահին երթուղայինների աշխատանքային գրաֆիկը փորձնական երկարաձգել են կես ժամով: Եթե այդ ժամին ուղևորների գոնե մինիմալ թիվ ապահովվի, ապա Ալավերդու ներքևի և վերևի հատվածները միմյանց միացնող 3-րդ համարի երթուղայիններն ավելի երկար գրաֆիկով կաշխատեն, մինչև որ ճոպանուղին կվերսկսի իր գործունեությունը:

Ճոպանուղուց օգտվողների գերակշիռ մասը Ալավերդու պղնձաձուլարանում հերթափոխով աշխատող մարդիկ են: Ի սկզբանե ճոպանուղին կառուցվել է հենց հերթափոխով աշխատող ալավերդցիների համար՝ քաղաքի մի հատվածից մյուսին հասնելն ավելի հեշտ ու արագ դարձնելու նպատակով: Ճոպանուղու տնօրեն Ավետ Թամազյանը հիշում է, որ 1970-ական թվականներին Ալավերդիում երթուղայիններ քիչ կային, իսկ բնակիչներ՝ շատ: Հենց այդ ժամանակ էլ քաղաքում ճոպանուղի կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: Ճոպանուղի կառուցելու միտքը գործի վերածվեց, քաղաքի 2 հատվածներն իրար կապող զարկերակային երթուղին կառուցվեց 1977թ.:

««Ախթալշին տրեստի» ֆինանսավորմամբ կառուցվեց,  էլեկտրատեխնիկական մասերի մոնտաժն էլ իրականացրեց  անդրկովկասյան կենտրոնացված մոնտաժային կազմակերպությունը: Ամբողջ քաղաքն էր սպասում ճոպանուղու շահագործմանը»,- պատմում է Ավետ Թամազյանը: 1977թ. հունիսի 16-ին ճոպանուղին իր առաջին երթուղին իրականացրեց: Ավետ Թամազյանը պատմում է, որ ճոպանուղու գործունեության սկզբնական շրջանում ուղևորների մեծ հերթեր էր գոյանում, մարդիկ 40-45 րոպե ստիպված էին լինում սպասել, մինչև օդային տրանսպորտից օգտվելու իրենց հերթը հասնի: Օրական մոտ 900 մարդ էր օգտվում ճոպանուղուց: Սակայն այդ հերթերը վաղուց արդեն անցյալում են մնացել: Վերջին տարիներին ճոպանուղին օրական 450-500 ուղևոր է տեղափոխում: Ճոպանուղու տնօրեն Ավետ Թամազյանը  ուղևորների թվի նվազումը կապում է քաղաքում երթուղայինների թվի ավելացման հետ: «Բացի այդ, ուղևորների թվի պակասելուն նպաստել է նաև մարդկանց արտագաղթը: Էս պահին նույնիսկ վնասով է աշխատում ճոպանուղին, մենք էլ լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ ենք փնտրում: Հիմա էլ էն սեզոնն էր, որ զբոսաշրրջիկներ շատ են այցելում քաղաք ու նաև օգտվում ճոպանուղուց: Այս օրերին պիտի մի փոքր ավելի շահույթ ստանայինք, էն էլ կայծակը խփեց ու շարքից հանեց մեխանիզմը»:

Նշենք նաև, որ Ալավերդու ճոպանուղին միակն է Հայաստանում, որը ոչ թե որպես տուրիստական, այլ տրանսպորտային միջոց է ծառայում: Այժմ, սակայն, անորոշ ժամանակով ճոպանուղու գործունեությունը դադարեցված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter