
«Ազատ արձակե՛ք Վոլոդյային կամ կալանավորե՛ք բոլորիս»
«Ազատությո՛ւն, հայ ժողովրդին»
Դատարանի դահլիճում «Ազատություն» գոչելով ընդունեցին ու ճանապարհեցին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին: Ի պատասխան Վոլոդյան ասաց. «Ազատությո՛ւն, հայ ժողովրդին»:
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն, ով արդեն 9-րդ ամիսն է՝ կալանքի տակ է, կշարունակի մնալ անազատության մեջ՝ մեկուսարանում: Այսօր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին:
Դահլիճում, որտեղ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն էին, ակտիվիստներ, քաղաքացիներ, տարբեր նախաձեռնությունների անդամներ (սկզբում դարձյալ երգում էին նախորդ նիստի պես), դժգոհությամբ ընդունեցին դատավորի մերժումը: Լարված իրավիճակը տևեց երկար ժամանակ, դահլիճը չէր հանդարտվում:
Մինչ այդ ներկայացել էր դատախազ Կարեն Հարությունյանն, ով պետք է փոխարինի դատախազ Պապիկյանին (վերջինը վերապատրաստման դասընթացներ է անցնում):
Նիստի սկզբում ևս դատավորը չէր կարողանում ազդարարել նիստի սկիզբը. Ներկաները դժգոհում էին, որ դատավորի ձայնը լսելի չէ դահլիճում, նրանք բարձրախոս էին պահանջում:
«Ներողություն, հա՛յ ժողովուրդ»
Դատավորը պարբերաբար նկատողություն էր անում ներկաներին նիստը խանգարելու համար: Հերթը հասավ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին: Դատավորը պահանջեց նրանից ներողություն խնդրել դատարանից ու ներկաներից կամ լքել դահլիճը: Սուսաննան էլ, թե՝ ներողությո՛ւն, հա՛յ ժողովուրդ: Դատավորը ևս մեկ անգամ պահանջեց ներողություն խնդրել դատարանից, կին ազատամարտիկն էլ պատասխանեց. «Դատարանն ու դատախազը հայ չե՞ն, ասացի՝ ներողություն, հայ ժողովուրդ»:
«Ձայնագրությունը դրեք, թե չէ հեքիաթ ենք լսում»
Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանը հրապարակեց Վոլդոյա Ավետիսյանի և վկա Հենրիկ Հարոյանի հեռախոսային խոսակցությունը, ըստ որի նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերում Վոլոդյային վճարվելիք գումարի մասին՝ Հենրիկի թոռանը զինվորական ծառայությունից տարկետում տալու կամ ազատելու դիմաց (ըստ քրեական գործի նյութերի):
Մի քանի խոսակցության սղագրություն հրապարակելուց հետո, դահլիճը չդիմացավ. «Ձայնագրությունը դրեք, թե չէ հեքիաթ ենք լսում»,-ասում էին ներկաները: «Հենց այս պահին ազատ արձակեք Վոլոդյա Ավետիսյանին, կամ կալանավորեք բոլորիս»,-բղավում էին դահլիճից:
![]() |
![]() |
Հայտարարվեց ընդմիջում, իսկ ներկաները բոյկոտեցին նիստը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 13-ին:
Մեկնաբանել