HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Այն մարդը չէի, որ սողեսող փախչեի, այդ մասին բոլորը գիտեն»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով շարունակվեց ապացույցների հետազոտումը: Նիստին դարձյալ ներկա չէին տուժողները: Նրանց ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտնեց, որ տուժողները փոխանցել են՝ դատավարությունը կարող են շարունակել առանց իրենց մասնակցության:

Ճանապարհի ո՞ր մասում է տեղի ունեցել վթարը 

Այս հարցի շուրջ մինչ օրս դատարանում վեճ է ծավալվում: Նախաքննության մարմինը հաստատված է համարել, որ 2013թ. հոկտեմբերի 21-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհի վթարը տեղի է ունեցել կողնակում:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, պնդում է, որ Վարդան Պետրոսյանը դուրս չի եկել կողնակ, այլ վթարը տեղի է ունեցել բանուկ մասի ճամփեզրին: «Վթարը տեղի է ունեցել կողնակում արտահայտությունը բացակայում է դեպքի վայրի զննության արձանագրության տեքստում, սակայն գծագրում հայտնվել է բախման վայր արտահայտությունը: Քննիչի նշած կետի հետևանքով է հնարավոր դարձել Վարդան Պետրոսյանին առաջադրել ներկայիս մեղադրանքը»,- հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վթարի հստակ տեղը պարզելու նպատակով Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատարան հրավիրել փորձագիտական եզրակացությունը կազմած փորձագետին:

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն ու մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն առարկեցին. «Տպավորություն է, թե Նիկոլայ Բաղդասարյանը վթարի ժամանակ մեքենայի մեջ է եղել կամ վերևից տեսել է, թե ինչպես է տեղի ունենում վթարը... Ոչ մի քննիչ հատուկ տեղ չի նշում ու ասում` սա բախման կետն է»,- ասաց դատախազ Արթուր Սարգսյանը:

Տուժողների իրավահաջորդների ու տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ, իր կարծիքով, ճիշտ է նշվել վթարի տեղը, որ բախման վայրում միայն կաթիլների հետքեր են մնում. «Իսկ վթարի տեղում հեղուկ չի թափվում, թափվում է այնտեղ, որտեղ մեքենան կանգ է առնում վթարից հետո»: Ռուբեն Բալոյանը դեմ արտահայտվեց փորձագետ հրավիրելուն, ասելով՝ ամեն ինչ առանց այդ էլ պարզ է:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը, լսելով կողմերի կարծիքները, որոշեց  բավարարել Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը. Խորեն Զաքարյանը՝ փորձագետը դատարանում կներկայացնի ավտոմեքենաների բախման կոնկրետ տեղը:

Հայաստանից ելքի ճանապարհները փակվել էին, երբ Վ.Պետրոսյանը դեռ կասկածյալ չէր

Նոյեմբերի 5-ին արդեն Վարդան Պետրոսյանի կենսագրական տվյալների վրա արգելանք է դրվել: Նա չէր կարող հատել ՀՀ սահմանը՝ անկախ նրանից, թե ինչ անձնագիր կլիներ նրա մոտ: Սա այն դեպքում, երբ նոյեմբերի 5-ին Վարդան Պետրոսյանը կասկածյալ չի եղել:

Հետազոտվեց նաև քննիչի ծանուցումը Վարդան Պետրոսյանին ձերբակալելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին: Ի դեպ, անցյալ տարվա նոյեմբերի 4-ին քննիչը կազմել է ծանուցում, որում նշված է, որ  Վարդան Պետրոսյանին նոյեմբերի 7-ին հրավիրում է ոստիկանության բաժին հարցաքննության` որպես վկա: Այս ծանուցումը Վարդան Պետրոսյանին տրվում է նոյեմբերի 6-ին, ապա նույն օրն էլ կազմվում է նրան ձերբակալելու արձանագրությունը:

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն այս փաստաթղթերի միջև առկա հակասությունները պարզաբանեց այսպես. «Նոյեմբերի 4-ին ծանուցագիր է դուրս գրվել՝ Վարդան Պետրոսյանին՝ որպես վկա հրավիրելու մասին, սակայն նույն օրը ոստիկանության բաժնից քննիչին տեղեկացրել են, որ նոյեմբերի 3-ին Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից և գնացել է տուն, ինչը քննիչի համար կասկածելի է եղել, որ Վարդան Պետրոսյանը կարող է խուսափել նախաքննությունից»: 

Ռուբեն Բալոյանը հետևյալ կարծիքը հայտնեց. «Քննիչը մի պահ կորցրել է Վարդան Պետրոսյանին իր տեսադաշտից: Հնարավոր էր 2-րդ անձնագրով Վարդան Պետրոսյանը հեռանար հանրապետությունից, դա է եղել պատճառը, որ նա ձերբակալման որոշում է կայացրել»:

«Ի՞նչ է նշանակում՝ մի պահ կորցնել Վարդան Պետրոսյանին տեսադաշտից: Սա բացառվում է: Հիվանդանոցում գտնվելու 3-րդ օրվանից ինձ համար բոլոր սահմանները փակ են եղել: Նախ այն մարդը չէի, որ սողեսող փախչեի, այդ մասին բոլորը գիտեն: Քննիչն էլ գիտի, ես էլ փախչող մարդ չեմ»,-արձագանքեց Վարդան Պետրոսյանը:



«Փորձառու քննիչը ապշեցուցիչ սխալ է թույլ տվել»

Դատարանում այսօր հրապարակված քննիչ Հակոբյանի կազմած մեկ այլ արձանագրության համաձայն, ինքը զանգահարել է Վարդան Պետրոսյանի քրոջը` Աշխեն Պետրոսյանին, ով հայտնել է, որ եղբայրը գտնվում է իր տանը: Քննիչն առաջարկել է հարցաքննել Վարդանին, բայց մերժում է ստացել:

Ըստ Վարդան Պետրոսյանի, «փորձառու քննիչը ապշեցուցիչ սխալ է թույլ տվել՝ զանգահարելով քրոջս՝ Աշխենին բոլորովին այլ, ոչ նրա հեռախոսահամարով: Այդ ժամանակ արդեն Աշխեն Պետրոսյանի հեռախոսահամարը ֆիքսված էր ավագ քննիչ, մայոր Հայկարամ Հակոբյանի մոտ: Բարձրագույն կրթություն ստացած ավագ քննիչը փոխարենը քրոջս զանգահարելու 094 –ով հավաքում է 077-ով համար (համարը ընդհանրապես ուրիշ է): Եվ քրոջս հետ խոսելով պարզում, որ Աշխենը նրան մեր տուն չի թողնելու: Չեմ ուզում մշակութաբանական հարցեր շոշափել, որ մեր տանը այսպիսի տոնով չեն խոսում: Փնտրելով ինձ Սարալանջում՝ հրաշալի իմանալով, որ ես Կասյան փողոցում եմ, ուղարկում են ձերբակալող խումբ, որը ոչ գյուղ է գնում, ոչ Երվանդ Քոչար փողոց, այլ ուղիղ գալիս է ինձ ձերբակալելու»,-նշեց Վարդան Պետրոսյանը: 

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, քննիչի հետ մշտապես կապի մեջ է եղել: «Նրա աշխատասենյակում խոսել ենք, որ մինչև նոյեմբերի 7-ը հանդիպենք տուժող կողմի հետ, քանի որ այդ ժամանակ արդեն պատրաստ պիտի լիներ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը: Եվ նախաքննական մարմինը շատ լավ գիտեր, որ Վարդան Պետրոսյանը նոյեմբերի 3-ին կամ 4-ին՝ կիրակի կամ երկուշաբթի օրը պիտի դուրս գրվի հիվանդանոցից, գնա քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի բնակարան: Ավելին՝ այդ մասին թե՛ Վարդան Պետրոսյանն է նշել, թե՛ Աշխեն Պետրոսյանը»:

Վարդան Պետրոսյանը գործի նյութերին չի ծանոթացել

Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում քննիչը փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին ծանոթացել է գործով տուժողներին և տուժողների իրավահաջորդներին, իսկ Վարդան Պետրոսյանին այդ որոշումներին չի ծանոթացրել: Մեղադրող Արթուր Սարգսյանն էլ նշեց, որ որոշումները կայացնելիս Վարդան Պետրոսյանը որևէ կարգավիճակ չի ունեցել, իսկ կարգավիճակ ունենալուց հետո փաստաթղթերը հանձնվել են Նիկոլայ Բաղդասարյանին նոյեմբերի 8-ին: Սակայն Պետրոսյանի պաշտպանը նշեց, որ անձամբ է այդ փաստթղթերի հետևից եկել, ստացել է որոշները, իսկ ինքն ու իր պաշտպանյալը բազմիցս դիմումներ են գրել, որ տրամադրվեն իրենց փորձաքննությունների եզրակացությունները:

 «Մարդասպանության գործերով անգամ ծանոթացնում են, բայց գործում ցույց տվեք մի որոշում, որ իմ պաշտպանյալը ծանոթացել է նյութերին»,-նշեց պաշտպան Բաղդասարյանը:

Հաջորդ դատական նիստը կշարունակվի հունիսի 13-ին:

Փաստաթղթերի լուսանկարներում անձնական տվյալները սևով ջնջված են «Հետքի» կողմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter