HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգ - հանելուկ` You’re So Vain

Նաիրա Հայրապետյան

1972թ. Elektra Records  ձայնագրման ստուդիան թողարկեց ամերիկյան փոփ երգչուհի Քարլի Սայմընի (Carly Simon«You’re So Vain» երգի սինգլը` երգչուհու երրորդ ստուդիական` «No Secrets» ալբոմից: Նույն թվականին «You’re So Vain» -ը երեք շաբաթ անընդմեջեց  գլխավորեց  «Billboard Hot 100»–ը` դառնալով Սայմընի առաջին «չարթթոփերը»:

Երգ-հանելուկ. այսպես են բնորոշում  «You’re So Vain» -ը, որը, շատերի համոզմամբ, սիրելի էակի դիմանկարի փորձ է: Այն ակնարկ է՝ ուղղված երգչուհու աստղային սիրեկաններից մեկին, ում անունն այդպես էլ մնում է վարագույրի հետևում: Կրկներգում երգչուհին դիմում է հերոսին հետևյալ բառերով՝ «You're so vain, You probably think this song is about you, Don't you? Don't you?»

Թե ում են ուղղված Քարլիի ծաղրալից խոսքերը, տարիների ընթացքում բազմաթիվ թեժ քննարկումների առիթ են դարձել: Չնայած երաժշտասերների և քննադատների անհագ հետաքրքրասիրությանը` երգչուհին այդպես էլ հրապարակայնորեն չի խոստովանել, թե ենթատեքստում ում է նկատի ունեցել:

Գլխավոր հերոսների  ենթադրվող ցուցակի առաջին տեղը հատկացված էր Ուորեն Բիթիին՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր: Բացի այդ՝ 1989թ. հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանում է, որ երգը «մի քիչ նրա մասին է», սակայն  իսկույն հավելում, որ թեման ստեղծվել է երեք տարբեր տղամարդու  հավաքական կերպարից: Մինչդեռ Ու. Բիթին վստահ էր և նույնիսկ շոյված, որ երգն իր մասին է:

«Անշուշտ, երգը լսելիս կարելի է ենթադրել, որ Ուորեն Բիթիին եմ ակնարկում,- ասում է Ք. Սայմընը,-  ինքն էլ էր այդպես մտածել, երբ  զանգահարեց և շնորհակալություն հայտնեց ինձ երգի համար»: 

Սակայն Ուորեն Բիթիով չի սահմանափակվում հանելուկը, դեռ պիտի հնչեն անուններ, որոնք, այլ կերպ ասած, երաժշտական իսկական աստղաբույլ են դառնում այս պատմության մեջ:  Մինչ օրս Քարլին ստիպված է իր բազմաթիվ հարցազրույցներում լսել` « Ո՞ւմ մասին է «You're So Vain»-ը» և հնարամտորեն շրջանցել այն:

Ո՞վ է նա. Ուորեն Բիթի՞ն, թե՞ Միք Ջագերը, Քեթ Սթիվե՞նսը, միգուցե Քրիս Քրիսթոֆերսո՞նը...  իսկ եթե նա իսկապես Դեյվիդ Բոուիի՞ն է նկատի ունեցել: Երկար ժամանակ առավել հնարավոր թեկնածու էր համարվում Միք Ջագերը, ով  երգի ձայնագրությանը մասնակցել էր որպես  բեք-վոկալ, սական 1993թ.  «Washington Post»-ին տված հարցազրույցում երգչուհին հերքում է այս տարբերակը: Դեռևս 1972թ, նախքան երգի հիթային սինգլ ճանաչվելը, Սայմընը մեկնաբանում է, որ այն առհասարակ տղամարդու և ոչ թե կոնկրետ կերպարի հիման վրա է կառուցված:

 

1973թ. հունվարին «You're So Vain»-ը ռադիոկայանների թիվ մեկ երգն էր: Իր կյանքի այդ փուլում Քարլին նոր էր ամուսնացել ամերիկացի հայտնի երգիչ և երգահան Ջեյմս Թեյլորի հետ. ուրեմն կարծիքները պետք է որ շրջանցեին նրան, սակայն… 

«Ոմանք ենթադրում են, որ երգը Ջեյմսի մասին է: Շատերի կարծիքով` Միք Ջագերի և որ ես, ըստ էության, հիմարացրել եմ նրան, ձայնագրել՝ օգտագործելով այդ հնարքը: Բայց ես չեմ կարող ասել, թե իրականում ով է նա, որովհետև այդպես արդարացի չի լինի»:

Մերթ հերքելով, մերթ փոքրիկ ակնարկով նորից բորբոքելով արդեն մոխրացած կրակը, Սայմընը մինչ օրս նորանոր բանալիներ է գտնում և առաջարկում բացահայտելու հանելուկային կերպարը:  Եվ այս մեթոդը կարծես զվարճալի կատակ է, որով նա ժամանակ առ ժամանակ խաղում է հետաքրքրասերների երևակայության հետ:

2010թ. 64-ամյա երգչուհին իր ունկնդիրներին խոստացավ երգի նոր ձայնագրության մեջ շշնջալ այդքան փնտրված անունը:  Բայց հնարամիտ ու գաղտնապահ Սայմընը այդքան էլ չէր փոխել խաղի կանոնները. նա այստեղ ևս երևակայելու տարածություն թողեց, իսկ ահա աստղային ցուցակը համալրվեց նոր անուններով:  Ու մինչ մամուլը, հետաքրքրասերների բազմությունը կքչփորեն կյանքի ամենահեռավոր անկյուններն իրենց դիտակներից, վարագույրի հետևում կանգնած երգչուհին կրկին ժպտում է՝ իր ձեռքում ամուր պահելով երգի հարատևության բանալին:

«You're So Vain»-ը վաղուց արդեն փաստել է, որ իր բոլոր տեսակի  ենթատեքստերից դուրս՝  հաստատվել է ժամանակի և տարածության մեջ,  թե՛ գեղեցիկ երգի, թե՛ երգչուհու`  չկոտրվող կողպեքի քաղաքականության շնորհիվ:  Երգը Սայմընին Գրեմմի մրցանակ նվիրեց` «Կանացի լավագույն վոկալ»  և «Տարվա լավագույն ձայնագրություն»  անվանակարգերում (1974թ.), դրանով ամրագրելով  կայուն և ապահով դիրքեր նաև բրիտանական երաժշտական տարածքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter