HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աշոտ Մարգարյան. «ԼՂՀ-ն կարող է ինչպես կառուցողական, այնպես էլ կործանարար նշանակություն ունենալ Մաքսային միության գործընթացում»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Աշոտ Մարգարյանը

ՀՀ-ն մտնում է Մաքսային միություն (ՄՄ), որի անդամ երկրները միմյանց հետ ավելի սերտ հարաբերություններ ունեն, եւ ՀՀ-ն, կարծես թե, չի ասոցացվում այդ երկրների խմբի հետ: Որքանո՞վ է ՀՀ-ն  համատեղելի այդ երկրների հետ նույն միության մեջ:

Ինքս եղել եմ ՄՄ հիմնադիր անդամ երկրներում եւ ականատեսի աչքերով կարող եմ փաստել, որ քաղաքակրթական առումով Հայաստանը հեռու է եւ քիչ ընդհանրություն ունի այդ երկրների հետ: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ գնում ենք մի միություն, որտեղ ստիպված պետք է գործընկեր լինենք մեր թշնամի երկրների դաշնակիցների եւ բարեկամների հետ: Տվյալ դեպքում Ղազախստանի դիրքորոշումը բացահայտ է ԼՂՀ հակամարտության շուրջ, որը դրսեւորվեց Նազարբաեւի հայտարարությամբ: Դա մեկ անգամ եւս ցույց տվեց, որ փորձեր են ձեռնարկվում ԼՂՀ հակամարտության լուծումը դիտել այս ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Մյուս կողմից` առկա է Բելառուսի գործոնը. Լուկաշենկոն բազմիցս ֆինանսական աջակցություն է ստացել Ալիեւից: Մենք գնում ենք ինտեգրման մի խումբ, որտեղ հետագայում երաշխավորված չէ մեր թշնամի եւ հակառակորդ երկրների միացումն այդ առանցքին: Նշված համատեքստում կարծես թե ընդհանրություններ եւ շահեր չունենք այդ երկրների հետ: Սակայն չպետք է մոռանանք, որ այդ նույն պետությունների հետ ունեցել ենք ընդհանուր պատմական անցյալ եւ խաղաղ համագոյակցության փորձ: Կարծում եմ՝ շեշտը պետք է դնենք ընդհանրությունների վրա եւ փորձենք ամրապնդել դրանք: Այս դեպքում ուսանելի է ԵՄ երկրների փորձը: Չնայած ԵՄ անդամ երկրներն ունեն քաղաքակրթական համանմանություն, սակայն համաշխարհային պատերազմների ժամանակ, օրինակ՝ Գերմանիան ու Ֆրանսիան արյունալի պատերազմ են մղել միմյանց դեմ: Իսկ ներկայումս բավականին հաջող կերպով համագործակցում են: Մեր պարագայում հիմնական խոչընդոտը քաղաքակրթական տարբերություններն են, բայց դրանք կարող են երկրորդական պլան մղվել, եթե արդյունավետ տնտեսական համագործակցություն իրականացնենք: Միայն այս պարագայում մեր համագործակցությունն արդարացված կլինի:

Արդյո՞ք Հայաստանի  համար կա այլընտրանք, երբ նրա հիմնական դաշնակից ՌԴ-ն զենք է վաաճառում Ադրբեջանին, իսկ մյուս երկրներն ունեն իրենց հստակ դիրքորոշումը:

Այլընտրանքներ միշտ էլ կան, սակայն հարցն այն է, թե ինչ գին մենք կվճարեինք այդ այլընտրանքներին դիմելու համար: Օրինակ՝ մենք կարող էինք գնալ հարեւան Վրաստանի ուղով, սակայն, ելնելով նրանց փորձից, գիտակցում էինք, որ կարող ենք կորցնել Արցախը: Ուստի, կարծում եմ, ներկա պահին այս ինտեգրացիոն գործընթացներում այլընտրանք ինքնին չկա: Հայաստանը տնտեսապես, ռազմա-անվտանգային տեսանկյունից այնքան կախված է Ռուսաստանից, որ չէր կարող չեզոք դիրքում հայտնվել եւ կամուրջի դեր կատարել ԵՄ-ի եւ ՄՄ-ի միջեւ: Այս դեպքում մեր այլընտրանքը պետք է լինի հզոր տնտեսությամբ, կայուն զարգացող, դեմոկրատական երկրի կառուցումը, որը հանդես չի գա կախյալի եւ ենթարկվողի դերում , այլ իր ներուժի չափով կկարողանա որոշակի պայմաններ թելադրել տարբեր կառույցներում, ստիպել իր կարծիքի եւ շահերի հետ հաշվի նստել: Այդ ամենը կախված է ոչ թե գերտերությունների ցանկությունից, այլ մեր ժողովրդի կամքից եւ քաղաքական էլիտայի վճռականությունից:

Այս դեպքում իր վճռականությունը ցույց տալու համար գուցե Հայաստանի  իշխանությունները պետք է ավելի կոշտ արձագանքեին Նազարբաեւի հայտարարությանը:

Ոչ մի երկրի նախագահի վայել չէ կատարելու մեկ այլ երկրի նախագահի սուրհանդակի դերը՝ կարդալով նրա հրովարտակը: Հատկապես այն դեպքում, երբ այդ երկիրը՝ Ադրբեջանը, չի հանդիսանում Եվրասիական տնտեսական միության թեկնածու անդամ: Այստեղ մեկ անգամ եւս ընդգծվում է ղազախա-ադրբեջանա-թուրքական եռյակի սերտ համագործակցությունը: Այս համատեքստում լիովին սպասելի էր պանթուրքիզմի գաղափարախոսության ջատագով Նազարբաեւի հայտարարությունը: Կարծում եմ` Հայաստանի կողմից ճիշտ կլիներ Նազարբաեւին հիշեցնել, որ նա հյուրընկալողի դերում էր, այլ ոչ թե Ալիեւի մամուլի խոսնակի: Այս պարագայում անհարմար վիճակում կհայտնվեր հենց ղազախական պատվիրակությունը:

ՄՄ-ի հետ ինտեգրման գործընթացում ի՞նչ դեր է ունենալու ԼՂՀ-ն:

ԼՂՀ-ն կարող է ինչպես կառուցողական, այնպես էլ կործանարար նշանակություն ունենալ այս գործընթացում: Գաղտնիք չէ, որ 80-ական թթ. վերջին Ղարաբաղը դարձավ այն առաջնային օջախներից մեկը, որն իր անմիջական դերակատարումն ունեցավ ԽՍՀՄ փլուզման գործընթացում: ԼՂՀ-ի հակամարտությունն ի վնաս հայության լուծելը կարող է պատասխան հարված լինել ԵՄ-ին, եւ ղարաբաղյան գործոնը դառնա այն տաշեղը, որը կկոտրի ռուսական մեկ այլ խոշոր քաղաքական բլոկ ստեղծող ուղտի մեջքը:

Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է լինելու ԼՂՀ-ի հնարավոր կարգավիճակը ՄՄ-ի շրջանակներում:

Նախքան ԼՂՀ-ին անդրադառնալը, նշեմ, որ այստեղ եւս գործում է երկակի ստանդարտների կիրառումը: Օրինակ՝ Ղրիմը, որպես ՌԴ-ի անբաժան մաս, ինտեգրվելու է միությանը: Եվրասիական տնտեսական միության գոտում հայտնվելու հեռանկարներ ունեն նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան: Նույնը չի վերաբերում ԼՂՀ-ին: ԼՂՀ-ն չի ինտեգրվելու ՄՄ, Եվրասիական տնտեսական միությանը: ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի կողմից պաշտոնապես հնչեցվում է այն տեսակետը, որ որեւէ մաքսային սահման չի կարող լինել մեր երկու երկրների միջեւ: Ստացվում է, որ ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ մաքսակետ չի լինելու, սակայն Արցախը պաշտոնապես չի դառնալու ՄՄ անդամ: Այս պարագայում մեզ համար բավականին վտանգավոր հետեւանքներ կարող են առաջանալ: Կարգավիճակի ցանկացած անհստակություն արտաքին ուժերին մանեւրելու բավականին մեծ տեղ է թողնում: Ուստի, Հայաստանը հետագա գլխացավանքներից խուսափելու համար պետք է անդրկուլիսյան բանակցություններում երաշխիքներ ստանա Արցախի համար: Մասնավորապես, պետք է համոզված լինենք, որ Արցախը չի դառնա մեզ վրա կիրառվող մտրակ, իսկ Ադրբեջանին՝ հրապուրելու քաղցրաբլիթ: ԼՂՀ-ի համար հնարավոր դրական ազդեցությունը կարող է լինել այն, որ այստեղ արտադրվող ապրանքները ՀՀ-ի միջոցով իրենց սպառումը կունենան ՄՄ երկրներում: ԼՂՀ-ի համար ձեւավորվում է նոր շուկա: Այդուամենայնիվ, ԼՂՀ-ի հարցը դամոկլեսյան սրի պես մշտապես կախված է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, եթե ինտեգրացիոն գործընթացների ընթացքում ՀՀ-ն երաշխիքներ չունենա Արցախի հարցում: Ադրբեջանի հնարավոր մասնակցության դեպքում այս ինտեգրացիային կգործի, այսպես ասած, վերախորհրդայնացման քաղաքականությունը, երբ ՀՀ-ն հետ կգնա այն իրավիճակին, ինչպիսին կար 20-ական թվականներին, երբ որոշվում էր, թե Ղարաբաղն ում պետք է տրվի:

ԵՄ ներկայացուցիչները նշում են, որ ՀՀ-ն ստիպված էր, բայց արդեն կայացրել է իր որոշումը՝ մտնելու ՄՄ: ՀՀ-ն հաճախ դիտարկվում է ՌԴ քաղաքականության շարունակողը: Մյուս կողմից՝ ԵՄ-ը հայտարարում է, որ շարունակելու է  համագործակցել ՀՀ-ի հետ: Ըստ Ձեզ` ԵՄ-ն ինչպե՞ս է դիտարկում ՀՀ-ն:

ԵՄ-ը բավականին շուտ հրաժարվեց Հայաստանից եւ համակերպվեց այն ընտրության հետ, որը սեպտեմբերի 3-ին կայացվել էր, ինչը չի կարելի ասել Ուկրաինայի մասին: ԵՄ-ի անտարբերությունը ՀՀ-ի որոշման նկատմամբ խոսում է այն մասին, որ նրանց համար ավելի քան սպասելի էր մեր ընտրությունը: Սակայն, կարող ենք համոզված նշել, որ ԵՄ-ը մի շարք ոլորտներում չի դադարեցնի Հայաստանի հետ համագործակցությունը՝ աջակցելով քաղաքացիական սեկտորին: ԵՄ-ի համար Հայաստանը կարեւորություն կներկայացնի ոչ թե երկկողմ հարաբերությունների հարթությունում, այլ տարածաշրջանային մակարդակում: ԵՄ-ը, ելնելով 2003թ. ընդունված իր Անվտանգության ռազմավարությունից, կշարունակի տարածաշրջանում մի շարք ծրագրերի իրականացումը, որից Հայաստանը միայն կշահի: Պետք է հաշվի առնել մեկ հանգամանք եւս. ԵՄ-ի մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը փաստացի կդառնա հայ-թուրքական սահմանը, քանի որ Թուրքիան ԵՄ-ի մաքսային տիրույթի երկրներից է, իսկ Հայաստանը շուտով կդառնա ՄՄ անդամ: Ուստի, հետագայում ԵՄ-ն եւ Ռուսաստանը շահագրգռված կլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ եւ սահմանի վերաբացմամբ:

Կարո՞ղ ենք եզրակացություն անել, որ ՀՀ-ում տեղի է ունենալու երկշերտ ինտեգրում, որովհետեւ քաղաքական մակարդակում ՀՀ-ն ՄՄ-ի կազմում է, իսկ հասարակակական շերտերին աջակցում է ԵՄ-ն:

Անշուշտ, ԵՄ-ը կշարունակի իր ծրագրերը Հայաստանում: Սակայն, հասարակությունը քաղաքացիական ոլորտում ներգրավված անհատները չեն միայն, այլ մեր երկրի ողջ բնակչությունը: Քաղաքացիական լայն զանգվածները մշտապես դեմ կլինեն ռուսական սահմանափակող ազդեցությանը եւ կշարունակեն իրենց պայքարը: Չմոռանանք, որ մեր հասարակության մի ստվար հատված էլ գոհ է Ռուսաստանի հետ մեկ միություն մտնելու որոշումից: Խնդիրն այն է, թե մենք հասարակական կարծիքը գնահատելու համար առաջնորդվում ենք քանակակա՞ն, թե՞ որակական ցուցիչներով: Քաղաքացիական հասարակության մեջ էլ պետք է կարողանանք կողմնորոշվել, թե որ հատվածն է իրականում ցանկանում գնալ եվրոպական ուղով, իսկ որը դա կատարում է՝ ելնելով իր գրանտային պարտավորվածություններից: Հասարակության իսկապես մտահոգ շերտը կփորձի շարունակել իր պայքարը հանուն իր նախապատվելի ուղու` չհամակերպվելով այն մտքի հետ, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը կստանա Ռուսաստանի կցորդի պիտակը:

Դա ավելի չի՞ խորացնի իշխանություն-հասարակություն կոնֆլիկտը:

Կարծում եմ՝ եթե նման կոնֆլիկտ լիներ, դա առաջին հերթին կդրսեւորվեր սեպտեմբերի 3-ին նախագահ Սարգսյանի հայտարարությունից հետո: Հայաստանյան հասարակությունն ավելի հարմարվող եւ հանդուրժող է երկրի պաշտոնական, արտաքին քաղաքական գործընթացների նկատմամբ: Չկա կտրուկ արձագանք:

Գուցե հասարակության հարմարվողականությունը բխում է իշխանության հարմարվողական քաղաքականությունից:

Կարծում եմ՝ հասարակության հարմավողականությունը գալիս է արտաքին սպառնալիքներից, մասնավորապես` անվտանգության հարցերից, երբ սահմանին ունենք թշնամի, որը ցանկացած պահի սպասում է Հայաստանի ներսում քաղաքական իրավիճակի ապակայունացման: Ընդհանուր առմամբ, մենք՝ հայերս, բավականին կոմֆորմիստ ազգ ենք, որն իր դրսեւորումն է ստանում ոչ միայն Հայաստանում, այլ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների մոտ եւս:

Հաշվի առնելով առկա իրավիճակը` զարգացման ի՞նչ հեռանկար ունի ՀՀ-ն:

Գիտակցելով, թե ինչպիսի վերջնական արտաքին քաղաքական կողմնորոշվածություն է ընտրել ՀՀ-ն եւ որ երկրների հետ ենք պատրաստվում ինտեգրացիոն նոր բլոկում հայտնվել, պետք է հնարավորինս ճկուն օգտագործենք մեր դիվանագիտությունը եւ փորձենք կիրառել այն հնարավորությունները, որ մեզ կտրամադրի ՄՄ-ն: Ի տարբերություն ազատ առեւտրի գոտու, որտեղ պետությունները զրկված չեն ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունից, ՄՄ-ում Հայաստանի արտաքին առեւտուրը պայմանավորված է լինելու ընդհանուր Մաքսային միության ներսում ձեռք բերված պայմաններով: Եթե եվրոպական ազատ առեւտրի գոտում Հայաստանը կարող էր ունենալ ազատության հնարավորություն, ՄՄ-ի շրջանակներում Հայաստանը զրկվում է ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականությունից: Սակայն առայժմ վաղ է կանխատեսել` մեզ առաջընթա՞ց , թե՞ հակառակ պրոցեսն է սպասվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter