HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալները պարբերաբար հացադուլ են հայտարարում

Հունիսի 9-ից հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արման Իսկանդարյանը: Այս մասին «Հետքին» փոխանցեց նրա մայրը՝ Մանյա Հովսեփյանը, ով մեկ ամիս առաջ դարձյալ դիմել էր խմբագրություն որդու առողջության հարցով:

«Արմանի բողոքը նույնն է՝ առողջություն չունի, ոտքը ծնկից ներքև կտրված է, 13 տարի է պատիժ է կրում փակ ռեժիմում, մի անգամ չեն տարել «Դատապարտյալների հիվանդանոց», գոնե էնտեղ ոտքը արևին կլինի, չի ուռի, տակը արյուն չի հավաքվի էդ պրոթեզից: Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ համար է էդ հիվանդանոցը, եթե ոչ իմ տղայի նման հաշմանդամ դատապարտյալների: Էլ ճար չունի բողոքելու, ստիպված հացադուլի նստեց»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց ցմահ դատապարտյալի մայրը:

«Հետքն» այս հարցով դիմեց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին, ով պարզաբանեց, որ տիկին Մանյա Հովսեփյանի՝ ԱՆ ուղղված նամակին պատասխանել է նախարարության վերահսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մինասյանը:

«Բանն այն է, որ ցմահ դատապարտյալը ցանկանում է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն այն, ինչ հնարավոր է կազմակերպել տեղում, կազմակերպվում է, մասնագիտացված բժշկական ՔԿՀ դատապարտյալին կարող են ուղեգրել միայն հատուկ դեպքերում»,-նշեց Ծովինար Խաչատրյանը:

Նշենք, որ ցմահ դատապարտյալները պարբերաբար դիմում են բողոքի ծայրահեղ միջոց հացադուլի: Նրանք հիմնականում բողոքում են իրենց քրեական գործերից ու դատավճիռներից: Որոշները պնդում են, որ չափազանցված պատիժ են կրում, կան խոշտանգումներով ինքնախոստովանական ցուցմունքներ տված անձինք: Կան դատապարտյալներ, ովքեր պնդում են, որ բացառապես անմեղ են:

24-օրյա հացադուլն օրերս դադարեցրեց մեկ այլ ցմահ բանտարկյալ Արմեն Տեր-Սահակյանը, ով, ինչպես 2 տարի առաջ, այնպես էլ հիմա բարձրացրել է իր քրեական գործի վերանայման հարցը:

Հայաստանում պատիժ է կրում 104 ցմահ դատապարտյալ: Նրանցից 42-ը նախկինում մահապատժի դատապարտվածներն են, ում դատավճիռները կայացվել են մինչև 2003 թ-ը (նոր ՔՕ ընդունումը): 42-ի մահապատժի դատավճիռները ՀՀ նախագահի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագրով փոխարիվել են ցմահ ազատազրկման՝ առանց գործերի անհատական վերանայման:

Ցմահ դատապարտյալների նկատմամբ չի կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատումը (մոտ 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման 20 տարվա պատժի շեմը, սակայն նրանցից և ոչ մեկը պայմանականորեն ազատություն չի վերադարձել): Չկա պատժաչափերի  անհատական վերանայման նախադեպ: Համաներման ակտերը մշտապես շրջանցում են դատապարտյալների այս խմբին, ՀՀ նախագահի ներմամբ ևս չկա նախադեպ, որ ցմահ դատապարտյալ ազատություն ստանա: Չեն կիրառվում նաև ռեժիմների փոփոխման օրենսդրական մեխանիզմները՝ անցում կիսափակ ռեժիմի, այնուհետև՝ կիսաբացի: Նրանք 23 ժամ փակ խցերում են՝ փակ ռեժիմում (ունեն 1-ժամյա զբոսանքի իրավունք): Հարազատներին տեսակցում են տարեկան 1 անգամ երկարատև (3 օրով) և 3 կարճատև (1 ժամով): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter