HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ոչ մեկի հողը». Մալվինյան կղզիների կոնֆլիկտը` արգենտինացի գրողի պոեմում

«Ենթասպաներն ասում են, որ թշնամուն սպանելուն պես նրանք ուտում են զոհի սիրտը. իմ արգենտինյան սիրտն առայժմ բաբախում է, գհուրկաները պիտի ծամեն սրտիս կտորները, դրանք պիտի կուլ գնան գհուրկաների բրիտանական ստամոքսին, իմ երկնագույն ու սպիտակ սրտի արյունը կխառնվի իրենց արյան հետ, և այդպես մեր անցյալներն իրենց ցավի և գաղտնիքի բեռով կմիախառնվեն զարկերակի ամեն մի հարվածի, ամեն մի բաբախման հետ»:

Այս հատվածը մեջբերված է Մարիո Սամպաոլեսիի «Մալվիններ» պոեմից: Արգենտինացի բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարիո Սամպաոլեսին իր պոեմում անրադարձել է իր ժողովրդի պատմության ցավոտ էջերից մեկին: 1982թ. պատերազմի արդյունքում Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ անցած Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիները արգենտինացիներն առ այսօր համարում են իրենցը: Սակայն պատերազմում պարտված արգենտինացիները այնտեղ հասնելու համար կարող են օգտվել միայն օդային ճանապարհից: Հեղինակը պատկերում է կորստի այն զգացողությունները, որ ունի արգենտինացին, այն ապրումները, որ կրում է պատերազմի դաշտում հայտնված բրիտանացի զինվորը: Միաժամանակ, այդ նկարագրությունները զերծ են ավելորդ պաթոսից ու քարոզչությունից:

Մ. Սամպաոլեսիի պոեմն ունի ուրույն, ոչ ստանդարտ կառուցվածք: Իրար հաջորդում են հանրագիտարանային տեղեկությունները կղզու աշխարհագրության և կենսաբազմազանության մասին, փիլիսոփայական զեղումները, այնուհետև լսվում է նախկին զինվորի ձայնը, տեսանելի են դառնում պատերազմի հետքերն ու հետևանքները: Այս ամենն ամբողջացնում է պատկերացումը կղզու ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գրքում՝ պոեմի վերջում, տեղադրված է 2010թ. արված Մալվինյան կղզիների լուսանկարների շարքը, որն անվանված է «Ոչ մեկի հողը»: Այդ նկարներից մեկն էլ ընտրվել է գրքի շապիկի համար. գետի հուն հիշեցնող ջրի շերտն իրականում ջրով լցված նախկին խրամատ է: «Գերության մի զգացում է առաջանում սեփական և միաժամանակ օտար այս հողի վրա», - գրում է լուսանկարների հեղինակ Մակարենա Կորդիվիոլային:

Հունիսի 10-ին տեղի ունեցավ «Մալվիններ» պոեմի հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը պատմում է, որ երկար ժամանակ հետաքրքրվում էր Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ստեղծված գրականությամբ: Գիտեր նաեւ կռվախնձոր դարձած Մալվինյան կղզիների մասին: Իսպանական գրականության մասնագետ, թարգմանիչ Ա. Տեր-Ղևոնդյանի կարծիքով՝ շատ ավելի ազդեցիկ է կոնֆլիկտը արվեստի միջոցով ներկայացնելը: Տվյալ դեպքում հեղինակը չի խոսում  ատելության դիրքերից: Պարզապես գալիս է մի պահ, երբ էական են ոչ թե կարգախոսները, այլ մարդը:

«Մի հրամանով խեղվում են մարդկային ճակատագրեր, բայց գրողն ուզում է ասել՝ մի խաղացեք մարդու հետ, նա խաղալիք չէ», - ասում է Ա. Տեր-Ղևոնդյանը:

Երեկ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Ա. Տեր-Ղևոնդյանը և Հայաստանում բնակվող արգենտինուհի Պաոլա Գևարան հայերենով և իսպաներենով հատվածներ ընթերցեցին «Մալվիններ» պոեմից:

«Այդ կղզիները մենք համարում ենք մերը: Սամպաոլեսին փորձում է վերականգնել կղզու զգացողությունները մեզ համար, դրանք կղզու հիշողություններն են, - ասում է Պ. Գևարան: - Այն կարևոր գիրք է նաև հայերի համար, որովհետև դուք էլ ունեք նման փորձառություն. տարածք, որը օկուպացվում է այլ երկրի կողմից»:

«Դանակի ամեն մի հարված պարանին վերջ է դնում նաև ամենօրյա ատելության թույնին, նախատինքին, վերջ է դնում թաքցնելու հետ կապված այդ վախին (ոչ ոք առանձնապես չի ճանաչում այս ահռելի և մռայլ վայրը):

Հունիսի 19-ին Բուենոս Այրեսի Ազգային գրադարանում գրքի հայերեն թարգմանությունը ընթերցողներին է ներկայացնելու անձամբ հեղինակը՝ Մարիո Սամպաոլեսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter