HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քառյակն «արտոնո՞ւմ» է իշխանությանը՝ Արցախի հետ սահմանին մաքսակետ դնել

Ոչ իշխանական քառյակի` իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջագրում ամենաանորոշը արտաքին քաղաքականությանն առնչվող միակ կետն է: Դրանով քառյակն իշխանություններից պահանջում է չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով «Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ` միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:

Ակնհայտ է, որ այս պահանջը բխում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցում Ղազախստանի առաջադրած` ԼՂՀ-ից իրավաքաղաքական առումով սահմանազատվելու, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր տեղակայելու նախապայմանից: Սակայն, պահանջի ձևակերպումն այնքան ընդհանրական է, որ դրա ներքո դժվար է հասկանալ` քառյակը հենց կոնկրետ մաքսակետեր դնելու պայման նախատեսող համաձայնագրի ստորագրման բացառո՞ւմը նկատի ունի, թե՞ ինչ-որ այլ բան:

Պահանջագրում խոսքը վերաբերում է ներկայումս առկա տնտեսական ռեժիմի կամ դրա բացակայության պահպանմանը: Բայց այն, ինչ պահանջում է Նազարբաևը, շատ քիչ կապ ունի տնտեսական հարաբերությունների հետ: Հաշվի առնելով Հայաստանի համար ԼՂ հիմնահարցի խիստ սկզբունքային, կենսական նշանակություն ունենալու հարցը, ԵՏՄ-ն կարող է առաջնորդվել «և գայլերն են կուշտ, և ոչխարները՝ տեղը» հայտնի սկզբունքով. պահանջել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ տեղակայել՝ համաձայնելով աչք փակել այն իրողության վրա, որ դրանք չեն գործելու, այսինքն` ձևական, զուտ սիմվոլիկ նշանակություն են ունենալու: Դրանով դե յուրե Հայաստանը կսահմանազատվի ԼՂՀ-ից, բայց դե ֆակտո կշարունակի մնալ նրա հետ միևնույն տնտեսաքաղաքական տարածության մեջ և, ըստ էության, այդպիսով կհանդիսանա ԵՏՄ-ի ոչ ֆորմալ անդամը: Հայաստանյան պաշտոնական շրջանակներից արվող այն հայտարարությունները, թե Հայաստանն այսպես թե այնպես ԵՏՄ-ին չի անդամակցելու ԼՂՀ-ի հետ, ինչի մասին խոսել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, թույլ է տալիս կարծել, որ Հայաստանի իշխանությունները սա ոչ միայն բացառված տարբերակ չեն համարում, այլև գուցե դիտարկում են որպես ստեղծված փակուղային, ճգնաժամային վիճակի հաղթահարման միջանկյալ, ժամանակավոր լուծում:

Բայց այն, ինչ Ղազախստանի նախագահի շուրթերով Աստանայում պահանջեցին Հայաստանից, և որի շրջանակներում կարծես թե ընթանալու են կուլիսային գործընթացները թե́ Հայաստանի, թե́ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մինչև հուլիսի մեկը` այսինքն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ վերջնական որոշման կայացման պահը, վերաբերում է ոչ «դե յուրե Հայաստանից անջատ, դե ֆակտո` Հայաստանի հետ միասին ԵՏՄ-ում» սկզբունքով հարաբերությունների ձևավորմանը, այլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխությանը: Եթե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է Նազարբաևի գծած սցենարով, այսինքն` մաքսակետերի տեղակայման միջոցով, ապա իբրև չճանաչված սուբյեկտ` ԼՂ-ն ինքնաբերաբար հայտնվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված հարևան երկրի` Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո, նրա սահմանների շրջանակում: Հակառակ դեպքում առնվազն ԵՏՄ անդամները ստիպված են լինելու հաստատել, որ մաքսակետերը դրվելու են Հայաստանի և ինքնիշխան ԼՂՀ-ի միջև` այդպիսով փաստացի և մասամբ դե յուրե ճանաչելով ԼՂՀ-ի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը: Դրան այս պահին ԵՏՄ երկրներից որևէ մեկը պատրաստ չէ, եթե չասենք՝ գործում են հենց այդ հնարավորությունը չեզոքացնելու ուղղությամբ:

Ադրբեջանը հայտարարում է, թե ԵՏՄ-ին միանալու նպատակ չունի: Սակայն եթե մինչև վերջերս Բաքուն պնդում էր առհասարակ նման մտադրություն չունենալու մասին, ապա երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե «այս պահին» նման խնդիր չկա իրենց առջև դրված: Իսկ դա նշանակում է, որ «այս պահը» ցանկացած ակնթարթի կարող է վերջանալ: Եթե պատկերացնենք, որ Ռուսաստանին հաջողվում է Ադրբեջանին ևս ներքաշել ԵՏՄ, ապա բնական է, որ նրան եւս այդ կառույց ընդունելու են ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն` ստացվելու է, որ դե ֆակտո ԼՂՀ-ն ԵՏՄ-ում է լինելու  Հայաստանի հետ, իսկ դե յուրե` Ադրբեջանի կազմում:

Բայց եթե անգամ Բաքվին հաջողվի ինչ-որ կերպ ճողոպրել Մոսկվայի ուժեղ ճնշումներից և ազատագրվել ԵՏՄ-ին բռնակցվելու հեռանկարից, ինչին ամեն կերպ ձգտում է Բաքուն, ԼՂՀ-ի կարգավիճակային փոփոխությունն ամեն դեպքում վերջինիս քարոզչական-քաղաքական լուրջ դիվիդենտներ է տալու: Բանն այն է, որ երբ ԵՏՄ անդամ-երկրները Հայաստանի պարագայում շեշտադրում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների պահպանման, այսինքն` մաքսակետեր դնելու անհրաժեշտության հարցը, ուղղակի թե անուղղակի, ԼՂ հիմնահարցը դնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային վեճի ամպլուայի մեջ, որի համատեքստում Հայաստանն ընկալվում է որպես ագրեսոր: Այսինքն` Ադրբեջանը և Ղազախստանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը փորձում են դարձնել ԼՂ հակամարտության էությունը նաև եվրասիական հարթակում խեղաթյուրելու, ղարաբաղցիների ինքորոշման իրավունքի գործոնը կատարելապես չեզոքացնելու մանիպուլյացիոն միջոց:

Եվ նաև այս տեսակետից է էական դառնում, թե հայաստանյան ոչ իշխանական քառյակն իշխանությանն ուղղված պահանջագրում տալով նման հեղհեղուկ ձևակերպում` արդյոք իշխանությանը չի՞ տալիս նազարբաևյան սցենարով գործելու քարտ բլանշ: Ներկա պահին, երբ Երևանը կանգնած է կոնկրետ որոշում կայացնելու ջրբաժանի առջև, նման անորոշությունը թվում է ավելորդ և նույնիսկ վտանգավոր սեթևեթանք ընդդիմության կողմից:  

Համենայնդեպս, նման ձևակերպումների պարագայում իշխանության ցանկացած քայլ կարելի է լինելու մեկնաբանել ցանկացած կերպ` ելնելով տվյալ իրավիճակից, քաղաքական կոնյունկտուրայից, քառյակում առկա և իշխանության հետ գործող հարաբերություններից, քաղաքական ուժերի դասավորությունից: Նման պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ քանի դեռ քառյակի ներսում կարող են բանավիճել, թե ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումը որքանով է բխում պահանջագրի 12-րդ կետից կամ հակասում դրան, իշխանությունը արդեն քայլ արած կարող է լինել նազարբաևյան ճանապարով, ինչի դեմն առնել ուղղակի հնարավոր չի լինի:

 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Մեր օրինական պահանջների դիմաց 88-ի արհեստական երկրաշարժ և պատերազմ հրահրողները, այսօր մեր ազգի գլխին մութ ամպեր կուտակողները նույն կերակրամաններից սնվող, նույն դավադիր ոժերն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter