
Ներկայացում, որի հանդիսատեսը դառնալու է ինքնասպանի գրառումների թերթողը
Օրեր առաջ Երևանի փողոցներում պարբերաբար հայտնվում էին սև անձրևանոցներով երիտասարդներ, ովքեր նամակներ էին բաժանում անցորդներին: Վերջիններիս հետաքրքրությունը գրավելով՝ նրանք անուղղակի ստիպում էին միանալ իրենց: Երիտասարդների ֆլեշ-մոբի նպատակն էր մարդկանց նախապատրաստել «Ինքնասպանի գրառումներ» բալետային այլընտրանքային փսիխոդրամայի պրեմիերային: Անել այնպես, որպեսզի մարդիկ, չունենալով շատ ինֆորմացիա այս ներկայացման մասին, առնչվեն և դառնան այդ մշակութային իրադարձության մի մասը: Նրանք անուղղակի կերպով առնչվում էին տեղի ունեցող իրադարձություններին՝ չիմանալով, թե որն է դրա վերջնական նպատակը:
Այս մտահղացումն իրականացնում են «ՊԻԿ» (պայմանական իրականության կենտրոն) մշակութային նախագծի հեղինակները: Նրանք համոզված են, որ չնայած ներկայացման պրեմիերան դեռ չի եղել, բայց իրականում սկսվել է այն ժամանակ, երբ ֆլեշ-մոբի մասնակիցները առաջին անգամ դուրս են եկել փողոց: Նախագծի համահիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Անուշ Քոչարյանը այդ գործողությունները որակում է որպես այլընտրանքային մշակութային իրադարձության քայլեր, որոնք փոքրիկ հաղորդագրություններ են հանդիսատեսի համար: Այդ քայլերը նախ հետաքրքրություն են առաջացնում պոտենցիալ հանդիսատեսի մոտ, երկրորդ՝ նրան նախապատրաստում են սպասվող ներկայացմանը:
Փսիխոդրաման ստեղծված է Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումներ» երաժշտական պոեմի հիման վրա: Պոեմը հիմնված է 15 հոգու իրական պատմությունների վրա, ովքեր ինքնասպանության փորձ են կատարել, բայց արդյունքում ողջ են մնացել: Ա. Իրադյանը խոստովանում է, որ պոեմը գրելիս բարդ փուլերով է անցել, որովհետև վերապրել է բոլոր այն պատմությունները, որոնք գրառել է: Չնայած թեման ծանր հոգեբանական է, բայց հեղինակի համար ունի հստակ հաղորդագրություն. հանդիսատեսին ներկայացնել փրկության գաղափարը, ցույց տալ, որ թունելի վերջում կա լույս և ներկայացնել վերածնվող մարդու ապրումները:
Ներկայացման հիմքում երաժշտության և բալետի միաձուլումն է, որը լրացվում է թատրոնի և կինոյի տարրերով: «ՊԻԿ» նախագծի համահիմնադիր և բեմադրող-ռեժիսոր Սամվել Թադևոսյանը նշում է, որ ներկայացումը հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումնրով, տարբերվում է մշակութային դաշտում առկա ներկայացումներից և ոչ դասական մտածողության օրինակ է: Ա. Քոչարյանը հավելում է, որ հանդիսատեսը տեսնելու է նորություն, որը դրսևորվելու է հանդիսատեսի մոտ նոր զգացողություններ ու ապրումներ առաջացնելու միջոցով:
Նախագծի հեղինակները դեռևս չեն ցանկանում բացել փակագծերը և խոսոտովանում են, որ անգամ իրենց համար այն էքսպերիմենտալ է: Բայց և համոզված են, որ հանդիսատեսը գոհ է լինելու: Անգամ այն հանդիսատեսը, որը չի առնչվել ինքնասպանության հետ, մի պահ կհասկանա, թե ինչ է ապրում անդնդի եզրին կանգնած անձը, և ինչ է կատարվում նրա հետ հետագայում:
«Հանդիսատեսը դառնալու է ինքնասպանի գրառումների թերթողը»,- ասում է Ս. Թադևոսյանը:
«Ինքնասպանի գրառումներ» բալետային այլընտրանքային փսիխոդրամայի պրեմիերան կայանալու է հուլիսի 3-ին: «ՊԻԿ» նախագիծը փսիխոդրաման ներկայացնում է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի հետ համատեղ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել