«Եթե «Նիվայի» մեջ գազի բալոն չլիներ, վթարից մարդ չէր մահանա»
Վարդան Պետրոսյանին 2 անգամ են մեղադրանք առաջադրել
Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստին հետազոտվեցին մի շարք ապացույցներ: Ըստ այդմ` անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Վարդան Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Սակայն որոշման տակ չկար ո՛չ քննիչի, ո՛չ էլ Վարդան Պետրոսյանի ստորագրությունը: Հետազոտված մեկ այլ փաստաթղթի համաձայն` քննիչ Հայկարամ Հակոբյանը նույն օրը՝ նոյեմբերի 8-ին, մեկ անգամ ևս նույն որոշումն է կայացրել մի քանի ժամվա տարբերությամբ, որտեղ կա քննիչի ստորագրությունը:
Այս 2 փաստաթղթերի հետ կապված պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ քննիչ Հայկարամ Հակոբյանը եկել է Վարդան Պետրոսյանի մոտ նոյեմբերի 9-ին` ժամը 10-ին, սակայն Վարդան Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ գրված է «նոյեմբերի 8»: Նույնաբովանդակ որոշում կազմվել է արդեն ժամը 12-ին, երբ Վարդան Պետրոսյանը խնդրել է իրեն ձևաթուղթ տալ, որպեսզի ցուցմունքը շարադրի: Քննիչն ասել է՝ ստորագրի, կտա ձևաթուղթը ցուցմունքի համար:
Երբ Վարդան Պետրոսյանը ստորագրել է և գրել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քննիչը ձևաթուղթ չի տվել: Վարդան Պետրոսյանը ստիպված գրել է այլ թղթի տակ: «Քննիչի ապօրինի գործողություններն են պատճառը, որ Վարդան Պետրոսյանը ցուցմունք չի կարողացել տալ: Չկա արձանագրություն, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Իսկ փորձաքննությունից հետո ցուցմունք տալը ոչինչ չէր փոխի»,- կարծիք հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:
Վարդան Պետրոսյանին չեն ծանոթացրել փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին
Թեև գործում առկա են որոշումներ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին բոլոր տուժողներին ծանոթացնելու վերաբերյալ, այդուհանդերձ, չկա որևէ փաստաթուղթ, որը կվկայի, որ Վարդան Պետրոսյանը ծանոթացել է նույն որոշումներին: Ավելին, նոյեմբերի 8-ին պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել մարզի դատախազին այն մասին, որ Վարդան Պետրոսյանին չեն ծանոթացնում փորձաքննություններ կատարելու մասին որոշումները: «Պարտավոր էին, ըստ օրենքի, 10-օրյա ժամկետում ծանոթացնել: Ես նման գործ չեմ ունեցել, որ կասկածյալին կամ մեղադրյալին չծանոթացնեն փորձաքննությունների նշանակման որոշումներին»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ կարծիք հայտնելով, որ իրականում դեպքի վայրի զննության արձանագրության մեջ չգրանցված հետքերն էին պատճառը, որ իրենց չէին ուզում ծանոթացնել որոշմանը: Այս հետքերը կապացուցեին, որ վթարը կողնակում չի եղել: Միայն քննչականի պետի միջամտությամբ են պաշտպանական կողմին տրամադրվել որոշումները, երբ արդեն փորձաքննությունը ավարտված է եղել: Ըստ Բաղդասարյանի` եթե Վարդան Պետրոսյանը այն ժամանակ ցուցմունք էլ տար, որ կողնակում չի եղել վթարը, ոչինչ չէր փոխվի, քանի որ արդեն արձանագրությունից հանել էին կողասահքի հետքերը:
Նիկոլայ Բաղդասարյանի վերջին մտքից հետո տուժող Արթուր Հակոբյանն ասաց. «Սուտ ես խոսում: Մեզ մի հատ ներողություն էր պետք, դրանից հետո դատը կպրծներ, կգնար»: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հորդորեց Արթուր Հակոբյանին տեղից չխոսել:
Դատախազ Արթուր Սարգսյանը նշեց, որ Նիկոլայ Բաղդասարյանին հանձնվել են իր պահանջած փաստաթղթերը ամսի 8-ին, երբ Վարդան Պետրոսյանն այս գործով 3 օր առաջ կարգավիճակ էր ստացել: «Ինչ վերաբերում է չհարցաքննելուն, ապա ըստ բժշկի ներկայացրած գրության` Վարդան Պետրոսյանը մինչև ամսի 11-ը ներառյալ չէր կարող ցուցմունք տալ»,- ասաց մեղադրող դատախազը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց. «Դրանից հետո առ այս պահը 150 անգամ Վարդան Պետրոսյանը հնարավորություններ է ունեցել ցուցմունք տալ: Դուք իրավունք ունեք ցուցմունք չտալու, բայց առ այս պահը կարող էիք ցուցմունք տալ: Պատճառաբանությունները անհիմն են»:
«Նիվայի» մեջ գազի բալոն տեղադրելու թույլտվություն չի եղել
Ըստ Հակոբյանների կողմից շահագործվող, գյուղնախարարության հաշվեկշռում գտնվող «Նիվայի» ավտոտեխսպասարկման փաստաթղթերի ուսումնասիրության` մեքենայի մեջ գազի բալոն տեղադրելու թույլտվություն չի եղել, ինչը տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների կոպիտ խախտում է։ Սակայն այս հարցին իրավական գնահատական չի տրվել: Պաշտպանական կողմը գտնում է, որ հենց այդ բալոնն է դարձել 2 անգձի մահվան պատճառ:
«Գյուղնախարարությունը համաշխարհային բանկից ստացել է վարկ, որով ձեռք է բերել «Նիվա» մակնիշի մեքենաները։ Նրանց տրամադրում են բենզինի չեկեր, որ բենզինով լիցքավորեն մեքենաները, քանի որ կանոնակարգով նրանց չի թույլատրվում այդ տեսակի մեքենայի մեջ գազի բալոն տեղադրել։ Գյուղնախարարությունում չէին կարող չիմանալ, որ մեքենայում գազի բալոն է տեղադրվել, դա պարզապես արվել է 1 մլն 700.000 դրամ գումար տնտեսելու նպատակով։ Գազի բալոնը սեղմել է, երեխաները հայտնվել են երկու նստարանների արանքում։ Եթե չլիներ գազի բալոնը, «Նիվա» մակնիշի մեքենան կշպրտվեր առաջ, դեֆորմացիա չէր լինի, երեխաները չէին մահանա։ Դատաբժշկական փորձաքննության մեջ հաստատված է, որ երեխաների մահը վրա է հասել սեղմելու ժամանակ ողնաշարի կոտրվելու հետևանքով»,- շեշտեց Նիկոլայ Բաղդասարյանը:
«Միգուցե ասեն, որ գազի բալոն չլիներ, վթար է՞լ չէր լինի»
Ռուբեն Բալոյանը գազի բալոնի հետ կապված ասաց. «Գազի բալոնն այդ վթարի հետ կապ չունի։ Սա կարծես թե դատավարության հաջորդ սերիան է։ Միգուցե ասեն, որ գազի բալոն չլիներ, վթար է՞լ չէր լինի»։
Ռուբեն Բալոյանը դատական նիստից հետո «Հետքի» հետ զրույցում ասաց. «Եվս մեկ անգամ փորձ արվեց հանրությանը մատուցել, որ եթե գազի բալոնը չլիներ, ապա վթար չէր լինի: Գազի բալոնը երեխաների մահվան հետ կապ չունի: Նման վերաբերմունք ցուցաբերել և փորձել մահը կապել գազի բալոնի հետ, մի քիչ անպարկեշտ է: Սրանք անլուրջ մոտեցումներ են: Վթարի մեղավորությունը գազի բալոնով չի որոշվում»:
Մեր հարցին, թե կան իր վարույթում մահվան ելքով վթարների այլ գործեր, որտեղ որպես խափանման միջոց կալանքը ընտրված չէ, Ռուբեն Բալոյանը պատասխանեց. «Այո՛, կան նման գործեր: Իսկ Վարդան Պետրոսյանի կալանավորումը եղավ այն պատճառով, որ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից դուրս գալով կիրակի օրով գնացել էր տուն: Նա մի պահ կորել էր նախաքննական մարմինի տեսադաշտից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել