HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի քննչականի պետը հարձակվել է փաստաբանի վրա ու վիրավորել նրան

«Սևանի քննչականի պետը հարձակվեց ինձ վրա՝ ձեռքերը աչքս մտցնելով ու ամենաանվայելուչ խոսքեր ասելով: Հետո նա փախավ, իմ վստահորդ Անահիտ Մկրտչյանը վատացավ (նոր է վիրահատություն տարել), սկսեց ամբողջ մարմնով դողալ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

ՀՀ փստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանին վիրավորել են ոստիկանության քննչական վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում: Անձնական վիրավորանք հասցնողները եղել են քննչականի պետը, ով ներկայացել է Վարդանյան ազգանունով ու քննիչ Մարտիրոսյանը:   

Քաղաքացի Անահիտ Մկրտչյանին, առանց պատշաճ ծանուցելու, թե ինչ գործով է նա հրավիրվում Սևանի քննչական բաժանմունք, զանգով միայն ասել էին, որ ներկայանա որպես վկա: Նրան, ինչպես և նրա ներկայացուցիչ, ՀՀ փստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանին քննիչ Մարտիրոսյանը հեռախոսազանգով էր տեղեկացրել, որ ուրբաթ օրը իրեն հարմար չի կատարել քննչական գործողություն, նա խնդրել է ոչ աշխատանքային օր, այսինքն՝ այսօր, շաբաթ օրը կատարել վկա Անահիտ Մկրտչյանի հարցաքննությունը:

«Այսօր առավոտյան իմ վստահորդ Անահիտ Մկրտչյանի հետ գնացինք Սևանի քննչական բաժանմունք, ներսում անծանոթ անձ կար և քննիչը: Արդեն լրացված պատրաստի ձևաթուղթ կար առերեսման մասին: Մեզանից հետո ներս մտավ քննչական բաժանմունքի պետը, ով ներկայացավ Վարդանյան ազգանունով և սկսեց միանգամից խոչընդոտել իմ աշխատանքը: Նա քննիչին ասում էր՝ թող արագ-արագ առերեսման հրավիրված անձը (ում իմ վստահորդը չէր էլ հիշում, ճանաչման չի էլ ներկայացվել),  պնդի իր ասելիքը: Տեսնելով իրավիճակը, ասացի՝ թույլ տվեք իմ վստահորդի հետ առանձին զրուցենք մի քանի րոպե: Քննիչը, թե ոչ մի դեպքում: Իմ պատասխանը եղավ սա՝ կարո՞ղ է մենք այստեղ կալանավորված ենք: Անահիտին թույլատրեցին, որ իր դժգոհությունը արձանագրի: Ես սկսեցի գրել, այդ պահին քննիչն անմիջապես արձանագրության թուղթը քաշեց ձեռքիցս, գրիչը՝ նույնպես: Դրանից հետո սկսվեց վիրավորանքների տարափ իմ հասցեին»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանի համար պարզ է դարձել, որ իր վստահորդի «դեմ գործ են ուզում սարքել»: Մեզ հետ զրույցում, փաստաբանն ասաց, որ Սևանի բաժանմունքում բեսպրեդել է, ամեն գնով մարդկանց դեմ փորձում են ինչ-որ քրեական գործեր սարքել, խոչընդոտում են փաստաբանի օրինական մասնակցությանը պրոցեսին:

Փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին. «Դեռ փորձում եմ ուշքի գալ, հետո կմտածենք, թե որտեղ ներկայացնենք հաղորդում քննչականի պետի ու քննիչի դեմ»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Լուսանկարը՝ Ինեսսա Պետրոսյանի ՖԲ էջից

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Երբ առանց օշեյնիկի կենդանիները ձեռք են բերում միլիցիայի կամ ՀՀԿ-ի անդամատոմս, իսկույն ևեթ իրենց մեծ ոհմակի անպարտելի անդամ են զգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter