Ռուսաստանի համար Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի կարեւոր է, քան Հայաստանինը
Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, մամուլին ասել էիք, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետաձգումը պայմանավորված էր Ադրբեջանի գործոնով: Ո՞վ էր Ադրբեջանի հրավերի «հեղինակը»` Պուտի՞նը, թե՞ Նազարբաևը:
-Այսօր արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Պուտինը հրավեր է ուղարկել: Ճիշտ է, ես չեմ լսել, բայց մինչ այդ հրավերը եղել էր, երբ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարն Ադրբեջանին առաջարկել էր: Չգիտեմ, այսօ՞ր, թե՞ վաղն է Լավրովը գնալու այնտեղ, ավելի կոնկրետ կլսենք, եթե ՌԴ-ի կողմից առաջարկ լինի: Աստանայում տեղի ունեցած վերջին հանդիպումից էր երևում, որ Ադրբեջանի անդամակցության խնդիրը շատ լուրջ է դրված Ռուսաստանի համար: Կարծում եմ` նույնիսկ այն մեկ ամիսը, որ այն ժամանակ տրվել էր, այնքան չէր վերաբերում Հայաստանին, որքան Ադրբեջանին: Տեսնենք` այսօր կամ վաղն ի՞նչ է լինելու:
-Ո՞րն է Ադրբեջանին Եվրասիական միություն ներգրավելու նպատակը, եթե այդ երկիրն ի սկզբանե խանդավառված չէր անդամակցությամբ:
-Արդբեջանն ընդհանրապես չի ուզում: Այս օրերին նրանք մի քանի անգամ արդեն հայտարարել են, որ նման պլաններ չունեն, որևէ ցանկություն չունեն, բայց, ոնց որ ասում են, ո՞վ է Ադրբեջանին լսում. առաջարկում են, և այդ առաջարկությունները նշանակություն ունեն: Ի վերջո, Ադրբեջանը մեծ կապվածության մեջ է Ռուսաստանի հետ վերջին տարիներին, քանի որ զենքեր ստանալու մեծ ծրագրեր ունի և արդեն ստանում է ռուսական նորագույն զենքեր: Այդ վիճակում, իհարկե, Ադրբեջանին այդքան էլ հեշտ չէ միակողմանի ասել, թե գիտեք, մենք ցանկություն չունենք և այլն: Բնական է, ռուսներն ազդելու ինչ-որ ձևեր են փնտրելու, որովհետև Ռուսաստանի համար միանշանակ է, որ Ադրբեջանի մուտքն այդ միություն շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Հայաստանի: Հայաստանը, կարծես, այդքան էլ չի հետաքրքրում Ռուսաստանին, էլ չեմ ասում, որ այնտեղ գոյություն ունի Ղազախստան, որը երևի շահագրգռված է, որ Ադրբեջանը մտնի այդ միություն:
-Այսինքն` տնտեսակա՞ն շահ են ակնկալում Ադրբեջանի անդամակցությունից:
-Ոչ միայն տնտեսական: Կարծում եմ` գեոպոլիտիկ շահ է, Ռուսաստանը կուզենար, որ Ադրբեջանն իր ազդեցության տակ լիներ` բոլոր առումներով, ոչ միայն տնտեսական:
-Ի՞ նչ խնդիր է լուծում Պուտինը դրանով:
-Պուտինի` Ադրբեջանի վրա մեծ լծակներ ունենալը շատ էական նշանակություն ունի իր համար, իր երկրի ծրագրերն իրականացնելու համար: Ադրբեջանն էական գործոն է: Եթե այն դաշինքի մեջ լինի Ռուսաստանի հետ, Ռուսաստանը մեծ հնարավորություն է ստանում օգտագործել Ադրբեջանն ուրիշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար, թեկուզ Թուրքիայի, Իրանի հետ: Ադրբեջանը ռուսների համար էական նշանակություն ունեցող գործոն է:
-Մինչ հուլիսի 1-ը Հայաստանին ու Ադրբեջանին կտեսնե՞նք Եվրասիական միությունում:
-Կարևորն այն է, որ տեսնենք, թե Ադրբեջանն ինչ է անում: Ադրբեջանի դիրքորոշումից շատ բան է կախված հիմա: Դժվար թե Հայաստանին մեն-մենակ բաց թողնեն մտնի այդտեղ, եթե Ադրբեջանի խնդիրը լուծված չլինի:
-Եթե Հայաստանը ԵՏՄ պետք է մտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, և ըստ էության, մաքսակետեր պետք է դրվեն նաև ՀՀ-ԼՂՀ սահմանին, հնարավո՞ր է այդ դեպքում Հայաստանը հրաժարվի անդամակցությունից:
-Բա ի՞նչ պետք է անի, ո՞վ է դնելու նման բաներ: Դրանք անընդունելի պայմաններ են, որոնք մեծ բարդություններ են ստեղծելու, քաղաքական նշանակություն էլ ունեն` ոչ միայն կոնկրետ տնտեսական: Կարծում եմ, դրա համար էլ այդ ամեն ինչն օդից կախված է:
-Ի վերջո, այդ միությունն իրատեսակա՞ն եք համարում` կձևավորվի՞, թե՞ ոչ:
-Այսօր այդ միությունն ինչքան էլ փորձում են ներկայացնել որպես տնտեսական միություն, առաջին իսկ շարժերից երևում է, որ հիմնականում քաղաքական խնդիրներ են լուծվում, փորձում են ստեղծել նոր հարաբերություններ երկրների հետ, և հենց դա է, որ ստվերում է միության էությանը: Դա ինչ-որ ստանդարտ ինտեգրացիոն պրոյեկտ չէ: Այնտեղ առաջին հերթին պարզ չեն ոչ արժեքները, ոչ սկզբունքները, ոչ ստանդարտները, որ իմանաս, թե ինչ միություն է ստեղծվում: Եվ երկրորդ` խոսվում է լրիվ ուրիշ բաների մասին: Միայն այն, ինչ Նազարբաևն ասաց Հայաստանին, նախապայմանի պես մի բան է: Գոյություն ունի ինչ-որ փաստաթուղթ, որտեղ, կարծես թե, բոլոր պայմանները գրանցված են, բայց իրականության մեջ տեսնում ենք, որ բանավոր նախապայմաններով են փորձում շարժվել: Այսօր դրանք կարող են մեկը լինել, վաղը` տեսնմեկը: Ադրբեջանը, ենթադրո՞ւմ եք օրինակ, թե ինչ նախապայմաններ պետք է դնի: Ինքն էլ է, չէ՞, նախապայմաններ դնելու, որոնք վաղն ի հայտ են գալու Հայաստանի դիմաց, կամ էլ վաղը կարող է Հայաստանը նախապայմաններ դնի: Այսինքն` ինչ-որ նախապայմանների խաղ են սկսել, որոնք առաջին հերթին ընդգծում են, որ այս ամեն ինչը քաղաքական նշանակություն ունի: Դրա համար խոսել տնտեսական միության մասին, ինչպես նրանք են ներկայացնում, շատ դժվար է այս պայմաններում` ընդհանրապես կկայնա՞ այն, թե՞ չի կայանա:
-Պարոն Սարգսյան, ի՞նչ է լինելու Ղարաբաղի «ճակատագիրը», եթե Ադրբեջանը համաձայնի անդամակցել միությանը:
-Մենք պիտի մի բան ընդգծենք, որ ուղղակի ուժերի բալանս է փոխվելու, շահերի բալանս է փոխվելու, դիրքորոշումներ են փոխվելու: Իհարկե, էական բան է, թե ինչ հարաբերություններ գոյություն ունեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն տեսնում ենք դա: Այդ ամեն ինչն, իհարկե, վտանգավոր պահեր ունի, որոնք պետք է քննարկվեն Հայաստանում, և լուրջ վերաբերվեն այդ ամեն ինչին: Նոր իրավիճակ կստեղծվի այդ դեպքում:
-Դուք նաև ասել էիք, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:
-Եկել է մի վիճակ, երբ շատ ակտուալ է դարձել, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության համար: Ժամանակին բոլորը միակողմանի էին նայում, անիրական էին գտնում, բայց, տեսեք, միջազգային ասպարեզում էլ Հայաստանին պարզ ու հստակ այդ հարցը տալիս են` ի՞նչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Հիմա ասում են` Հայաստանի մաս չէ, չէ՞, Սերժ Սարգսյանն է ասել, բա եթե մաս չէ, ի՞նչ է, երկրորդը չեն ասում: Պետք է հստակեցվեն իրավական հարաբերությունները, որ կարողանաս աշխարհում ներկայանալ շատ հստակ դիրքորոշմամբ: Այն, ինչ չկա և ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել