HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Յոաննա Ֆոմինա. «Եթե Հայաստանն անցկացնի բարեփոխումները, ապա հնարավոր է անցումը առանց վիզայի ռեժիմի»

2014 թ.-ի հունվարի 1-ին ՀՀ-ում ուժի մեջ է մտել ԵՄ-ՀՀ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը: Լեհաստանի գիտությունների ակադեմիայի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը» ներկայացնող Յոաննա Ֆոմինան (Joanna Fomina) վերջին շրջանում ուսումնասիրել է մասնավորապես Արևելյան գործընկերության երկրների փորձը՝ կապված առանց վիզայի ռեժիմ ստանալու գործընթացի հետ:

«Հետքի» հարցերին պատասխանում է Յոաննա Ֆոմինան:

-ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի դյուրացման գործընթացում Արևելյան գործընկերության երկրների շրջանակներում հաճախ խոսվում է Ուկրաինայի և Մոլդովայի փորձի մասին: Կան արդյո՞ք այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են Հայաստանում ընթացող գործընթացներին:

-Չափանիշները բոլորի համար գրեթե նույնն են: Այն, ինչը ձեզ մոտ լավ է ստացվել, կենսաչափական անձնագրերն են, որոնք արդեն տրվում են: Բայց, իհարկե, մնում է հսկայական անելիքներ կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում: Դրանք խիստ կարևոր չափանիշներ են վիզայի ազատականացման հարցում: Հայաստանը նաև մեծ աշխատանք ունի անելու տարբեր ոլորտներում խտրականության դեմ պայքարում: Սրանք մեծ ծավալի աշխատանքներ են, միաժամանակ, դժվար: Ես կարծում եմ, որ հասարակությունն էլ ամեն ինչին չէ, որ դեռ պատրաստ է: Բայց պետք է բացատրել՝ ինչու է դա կարևոր, և  դրանից հետո Հայաստանն ավելի արդյունավետ գործունեություն է ծավալելու:

-Համեմատելով հարևան երկրների հետ՝ ի՞նչ փուլում է Հայաստանը:  

-ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի դյուրացման գործընթացի մասով Վրաստանը շատ բան է արել, և ունի ռեալ հնարավորություն բավականին շուտ ստանալ առանց վիզայի ռեժիմ: Ադրբեջանը նույնպես ստորագրել է մուտքի արտոնագրի դյուրացման մասին համաձայնագիր: Բայց ինչ վերաբերում է բոլոր այն բարեփոխումներին, որոնց մասին խոսում էի, Հայաստանն արել է փոքր-ինչ ավելին, քան Ադրբեջանը:

-Հնարավո՞ր է, որ Հայաստանը մնա այս փուլում, քանի որ սրան պետք է հաջորդի նաև արտոնագրերի ազատականացման փուլը:

-Ամեն ինչ կախված է իշխանություններից: Սա շատ արագ և հեշտ է ընդունել, բայց դրա համար ցանկություն և գիտելիք է պետք: Շատ բան կախված է նաև հասարակությունից, որը պետք է հասկանա, որ սա ոչ թե վատ Եվրոպա է, որը չի ուզում հայերին թողնել Եվրոպա, այլ կան հստակ չափանիշներ, որոնք պետք է բավարարել:

Երկու կողմերի՝ Հայաստանի և Եվրոպայի տեղեկացվածությունը միմյանց մասին քիչ է: Իհարկե, Եվրոպայում կարծրատիպեր կան: Բայց դա պետք է փոխել: Պետք չէ կառչել այն բանից, թե ինչ են մտածում մեր մասին: 

-Բացի այն, որ առանց վիզայի ռեժիմի դեպքում ՀՀ քաղաքացիները  հնարավորություն կստանան ազատ տեղաշարժվել Շենգենի գոտում, քաղաքական առումով ի՞նչ է այն նշանակում:

-Այն, որ Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը, ցանկությունը՝ մտնել Մաքսային միություն, առայժմ ոչինչ չի փոխում: Դրանք երկու տարբեր գործընթացներ են: ԵՄ-ը պետք է պատրաստակամություն ցույց տա բացել սահմանները Հայաստանի համար, իսկ Հայաստանը պետք է ցանկություն ունենա անցկացնել անհրաժեշտ բարեփոխումները: Այս առումով դա քաղաքական գործընթաց է: Բայց այն կապված չէ Հայաստանի աշխարհքաղաքական դիրքորոշման հետ: Եթե Հայաստանը չցանկանա ավելի շատ ինտեգրվել ԵՄ-ին, բայց կյանքի կոչի բոլոր անհրաժեշտ տեխնիկական բարեփոխումները, ապա լիովին հնարավորություն ունի ստանալու առանց վիզայի ռեժիմ:

Ինչո՞ւ գոյություն ունի ԵՄ վիզային քաղաքականությունը և ինչո՞ւ որոշ երկրներ կարող են մեկնել առանց վիզայի, մյուսները՝ ոչ հարցերի դեպքում հաշվի է առնվում, թե ինչպես է ԵՄ-ը տեսնում տվյալ երկիրը, արդյո՞ք այն կոպիտ ասած սպառնալիք է իր համար, որքանով է իրատեսական, որ այդ երկրից կլինի բնակչության մեծ թվով հոսք և այլն: Վիզային ռեժիմը նպատակ ունի ինչ-որ կերպ սահմանփակել այդ սպառնալիքները: Իհարկե, ԵՄ-ը չէր ցանկանա ունենալ մեծ թվով փախստականներ:

Հայաստանն ունի հնարավորություն ձեռք բերել առանց վիզայի ռեժիմ: Այն միշտ կա, չի վերացել: Եթե Հայաստանն անցկացնի այդ բարեփոխումները, ինչպես արել է դա Մոլդովան, ապա հնարավոր է անցումը առանց վիզային ռեժիմի: 

-Կարո՞ղ է այս գործընթացը լինել այն օղակը, որը կնպաստի Հայաստան-ԵՄ երկխոսությանը:

-Կարծում եմ՝ հայերի համար մեծ նշանակություն ունի հնարավորություն ունենալ ճանապարհորդել ԵՄ տարածքով, ծանոթանալ ԵՄ քաղաքացիների հետ, իսկ վերջիններս էլ՝ հայերի: Միջանձային շփումները շատ կարևոր են, որպեսզի տեսնեն, որ մենք շատ նման ենք, մեզ մոտ նույն հետաքրքրություններն են: Պետք չէ միմյանցից վախենալ, որովհետև կարծում եմ՝ այժմ վախ կա երկու կողմերից էլ, վախ՝ կապված կանխակալ մոտեցումների և կարծրատիպերի հետ: Այդ շփումների միջոցով է հնարավոր փոխել կարծրատիպային կարծիքները: Հայ հասարակությունն էլ կփոխվի՝ լայնորեն ընկալելով դեմոկրատիայի արժեքները, որը մենք այժմ անվանում ենք արևմտյան արժեքներ: Չնայած ես համամիտ չեմ այս անվան հետ, որովհետև բոլորի համար էլ կարևոր է, որ իրենց հարգեն, խտրականություն չդնեն, լինի խոսքի ազատություն և այլն:

-Համաձայնագրի մասին խոսելիս Դուք նշել էիք, որ կան կանոններ, բայց պետք է ճնշում գործադրել: Ի՞նչ ի նկատի ունեք:

-Ինչպես ամեն տեղ կա օրենսդրություն, կան որոշակի կանոններ, բայց և կա մարդկային գործոնը: Եվ հյուպատոսները պարզապես մարդիկ են. որոշները ավելի բաց են, մյուսները՝ պակաս: Այդ առումով կարևոր է իմանալ՝ ինչ է գրված համաձայնագրում, իմանալ իրավունքները: Երբ վիզա ստանալու համար հայտ եք ներկայացնում, պետք է պահանջեք ձեր իրավունքները: Այդ դեպքում հյուպատոսին դժվար կլինի մերժել:

-Կա՞ն մեխանիզմներ, որպեսզի վիզա ստանալիս հայտ ներկայացնողը հնարավորինս քիչ առնչվի հյուպատոսի սուբյեկտիվության գործոնի հետ:

-Մենք որպես կոալցիա (Coalition for the European Continent Undivided by Visa Barriers, http://www.eap-csf.eu/en/news-events/news/visa_free_europe/ ) մշտապես զբաղվում ենք դրանով: Բայց ամբողջապես այն վերացնել հնարավոր չէ: Մինչ այժմ մեզ հաջողվել է հաստատել լրացուցիչ փաստաթղթերի ցուցակ: Օրինակ, կա 15 փաստաթուղթ, որ հյուպատոսը կարող է պահանջել և դա պետք է բավարար լինի վիզա ստանալու համար: Սա ինչ-որ չափով կարող է սահմանափակել հյուպատոսին, որը կարող է պահանջել այլ փաստաթղթեր ևս: Այդ ցուցակը գոյություն ունի, բայց Հայաստանը պետք է այն վավերացնի: Այստեղ արդեն Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է. նրանք ևս պետք է հետաքրքված լինեն հեշտացնել իրենց քաղաքացիների կյանքը: Այն փաստը, որ գոյություն ունի համաձայնագիրը, արդեն իսկ քայլ է, որպեսզի հյուպատոսը նվազագույն հնարավորությունն ունենա ընդունել անձնական տպավորություններից ստացած որոշումներ:

Քաղաքականությունն առաջ է գնում, բայց դեռևս շատ բան պետք է արվի:

Լուսանկարը` http://www.dw.de/ կայքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter