
«Զվարթնոցը» կարող է հանվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից (լուսանկարներ)
Հունիսի 14-ին մեկ օրով վարձակալվել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը, որը տրամադրվել էր ինչ-որ փակ միջոցառման համար: Դրանից մեկ օր առաջ «Ֆեյսբուքում» զբոսավարներից մեկը տարածել էր լուսանկարներ՝ «կորպորատիվ փարթիի» պատրաստության մասին: Միջոցառման համար օգտագործվել է ոչ միայն խոտածածկ տարածությունը, այլև Զվարթնոցի տաճարի ավերակների՝ սյուների հետին հատվածը, որտեղ տեղադրվել են մետաղական հարմարանքներ՝ էկրանն ամրացնելու համար:
Սյուների հարևանությամբ էլ՝ գետնին, դրվել են տարբեր սարքավորումներ: Խոտածածկին կրկին մետաղական կոնստրուկցիաներով մեծ վրան է պատրաստվել: Ինչպես երեւում է լուսանկարներում, տարբեր տեղերում առկա է ռուսական «Տրոյկա Դիալոգ» ընկերության անունը՝ նույնիսկ մեծ գրությամբ:
«Փարթին» փակ է եղել, որին միայն մասնակցել են հրավիրված անձինք: Այդ օրը զբոսաշրջիկների խմբեր են գնացել արգելոց-թանգարան, սակայն բոլորն էլ ստիպված են եղել հեռանալ դարպասների մոտից:
Խնջույք տաճարում՝ զուգարանները վերանորոգելու դիմաց
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ասում է, թե տեղյակ չէր՝ ով է եղել խնջույքի կազմակերպիչը: Նշում է, որ կառավարության կողմից է եղել, հայ և ռուս բարեգործներ էին: Փոխարենը գիտի, որ այդ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել: «Էս ամբողջ տարածքում երկու հավաքարար ունենք, որ ամեն մի գնացողի հետևից վեդրոն վերցրած վազում էին՝ ինձանից բռնած: Հո մենք կրակը չե՞նք ընկել: Էս ո՞րերորդ դարն է»,- ասում է նա: Հետո ավելացնում է, որ 29 տարի աշխատում է այդտեղ, չի թողնում, որ մի ծիտ «թռվռա», ինքն է մշակում ծառերը, հսկում տեղանքը, ու վստահեցնում է, որ այդ միջոցառումից հետո ոչ մի քար չի վնասվել: Նաև զարմանում է, թե ինչու է այդպիսի աղմուկ բարձրացել: Ասում է՝ դրա փոխարեն թող աղմկողները գնան իրեն օգնեն հուշարձան պահպանելու գործում: «Էսօր մեկը սանհանգույցն է արել, մյուսն էլ ցանկապատը կանի»,- ասում է Վ. Գրիգորյանը:
Նախարարությունը հայտնում է
Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ մայիսի 27-ին «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ի հետ կնքել են պայմանագիր: Այն ստորագրել է ընկերության տնօրեն Էդգար Մանուկյանը: «Պայմանագրի առարկան հետևյալն է. ընկերությունը՝ «Քեմփ Վենչուրս»-ը, պարտավորվում է կատարել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնվող զբոսաշրջիկների այցելության սրահի սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ, իսկ մենք պարտավորվում ենք դրա դիմաց տարածքը տրամադրել՝ միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու համար»,- նշում է Վլ. Պողոսյանը:
![]() |
![]() |
Միջոցառումն, ըստ նրա, հայ և ռուս գործարարներին էր նվիրված: Ասում է՝ կազմակերպիչներն էին նախատեսել Զվարթնոցում միջոցառում անցկացնել: Դիտարկմանը, թե Զվարթնոցն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, նախարարության աշխատակիցը նշում է. «Զվարթնոցի հնավայրը, այո, Դուք ճիշտ եք, ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության ցանկում, բայց բուն միջոցառումը տեղի է ունեցել, եթե ֆիքսել եք, ստեղծագործողի տան դիմացի հարթակում՝ վրանների մեջ»: Իսկ մեր հավելմանը, թե էկրան էին փակցրել սյուների հետևում, նա պատասխանում է. «Հա, հիմնականում 3D-ով նախատեսվում էր տաճարին բնորոշ պատկերներ ցուցադրել և այլն, և այլն»:
Պողոսյանի փոխանցմամբ՝ տարածքի վարձակալման մեկ օրվա գինը 700.000 դրամ է: Իսկ սանհանգույցների (ներքևի նկարում) վերանորոգման համար, ՊՈԱԿ-ի տնօրենի հավաստիացմամբ, ավելին է ծախսվել:
Վերջինս նաեւ թվարկում է պայմանագրով նախատեսված կետերը, ըստ որոնց՝ վարձակալը տարածքը պետք է պահի մաքուր վիճակում, իր գործողություններով չպետք է խանգարի արգելոց-թանգարանի բնականոն աշխատանքը, տարածքի հուշարձաններին պատճառած վնասի դեպքում փոխհատուցում պիտի կատարի և այլն: Խնդրեցինք մանրամասնել, թե ինչ է ենթադրում «բնականոն աշխատանքը», Պողոսյանն ասաց. «Տարածքի բանվորը, եթե աշխատանք է իրականացնում, ծառերի ջրման կամ բարեկարգման աշխատանք, [վարձակալը] չասի, թե դուք ինչի եք էդտեղ»:
Սակայն շեշտենք, որ, ըստ մեր տեղեկությունների, տարածքը փակ է եղել ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հենց արգելոց-թանգարանի աշխատակիցների համար: Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասացին աշխատակիցներից երեքը, որոնց շահերից ելնելով՝ անունները չենք նշում:
Ներկայացնենք նրանից մեկի հետ «Հետքի» կարճ զրույցը.
-Միջոցառում ա եղել այստեղ, իրանց տոնն էր, ինչ էր, մեզ ստեղ չեն թողել, կողմնակի մարդ չի եղել, մենակ իրանք են եղել:
-Հայեր չե՞ն եղել:
-Չէ, չէ, ոչ մեկ:
-Դե, հայերից ներկայացուցիչ…
-Հա, նախարարությունից մարդ է եղել:
-Մշակույթի՞:
-Հա, ընենց կողմնակի մարդ չի եղել:
-Իսկ ինչի ձեզ չեն թողել, իրանց ի՞նչ պիտի անեիք:
-Ոչ մի բան, իրանք հանգիստ… ճաշկերույթ են արել:
Ամսի 16-ին՝ այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում բողոքի մեծ ալիք բարձրացավ այս «կորպորատիվ փարթիի» շուրջ, ՊՈԱԿ-ի կայքում, այսպես կոչված, պարզաբանող ինֆորմացիա հայտնվեց: Դրանում նշվում է, թե ՊՈԱԿ-ն իր կանոնադրությամբ հաստատված հուշարձանի հանրահռչակման գործառույթն իրականացնում է նաև բաց և փակ միջոցառումների միջոցով: Դրանք, ըստ հայտարարության, իրականացվում են ՊՈԱԿ-ի մյուս արգելոց-թանգարաններում նույնպես, իսկ միջոցառումների քաղաքականությունը որոշում է ՊՈԱԿ-ը՝ համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Նշվել է նաև, որ Զվարթնոցում փակ միջոցառում է եղել նաև հունիսի 7-ին: Ըստ կայքի՝ «փակ» օրերի փոխարեն արգելոց-թանգարանն աշխատել է այլ օրեր, ինչի մասին նախապես իրազակել են էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությանը, ինչպես նաև հայտնել համացանցով:
«Քեմփ Վենչուրս»-ը հերքում է
«Քեմփ Վենչուրս»-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրականությանը չի համապատասխանում Վլ. Պողոսյանի ասածը, թե կազմակերպիչը եղել է իրենց ընկերությունը: ««Քեմփ Վենչուրս»-ը հանդիսացել է տեխնիկական կապալառու, և իր պարտականությունը կայացել է միջոցառման վրանը մոնտաժելը, և դա տեղի է ունեցել «Զվարթնոցի» տաճարի հարակից տարածքում՝ հուշարձանի կողքը, բայց ոչ հուշարձանի տարածքում»,- նշում է նա: Իսկ հարցին, թե ինչու է նախարարության աշխատակիցը նշել իրենց ընկերության անունը՝ որպես պայմանագիր ստորագրող կողմի, Անուշ Բեղլոյանն ասաց. «Կամ ինքն ապատեղեկացված է, կամ ես չեմ կարող մեկնաբանել նման հայտարարությունը: Ես՝ որպես ընկերության աշխատակից, կարող եմ ասել, որ «Քեմփ Վենչուրսը» վարձվել է արտասահմանյան ընկերության կողմից որպես վրան մոնտաժող: «Քեմփ Վենչուրս»-ի աշխատակիցները ներառված չեն եղել միջոցառման կազմակերպմանը և միջոցառմանը»:
Նա, սակայն, հրաժարվեց ասել, թե ով է միջոցառման կազմակերպիչը՝ համարելով, որ իրավասու չէ, չի կարող բացել պատվիրատուների գաղտնիքը:
Նշենք, որ «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թ. և «Սքուլ Վենչուրս» ՓԲԸ-ի իրավահաջորդն է: «Քեմփ Վենչուրս»-ը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացնողներից մեկն է, իսկ վերջինիս հեղինակն ու գլխավոր հովանավորը, ինչպես հայտնի է, գործարար «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանն է:
Զվարթնոցը համաշխարհային ժառանգություն է
Զվարթնոցի տաճարը կառուցվել է կաթողիկոս Ներսես Տայեցի Երրորդի օրոք՝ 643-652 թթ.: 2000 թ. այն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (1011 համարի ներքո. այս համարով գրանցվել են նաև Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ եկեղեցիները՝ իբրեւ մեկ ընդհանուր արժեք): Այստեղ չափանիշներից մեկը համարվում է այն, որ տվյալ օբյեկտը մարդկային ստեղծագործ մտքի գլուխգործոց է: Մինչդեռ այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է ընդամենը 700.000 դրամով սրբավայր-արգելոցը տրամադրել միջոցառումների համար, այդ թվում՝ հարսանյաց արարողությունների (խոսքը ոչ միայն ծիսակարգային արարողությունների, այլև կերուխումի մասին է): Փաստորեն, մշակույթի նախարությունը սրբավայրը հավասարեցնում է ռեստորանի մակարդակի (ընդ որում՝ բարձրակարգ ռեստորաններն ավելի թանկ են) և դրա տարածքը դիտարկում իբրև կերուխում-փարթիներից փող աշխատելու լավ միջոց:
Հայաստանում՝ ԱԳՆ-ի կազմում, գործում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողով, որի նախագահը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը Վահրամ Կաժոյանն է: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ առանց թույլտվության չի կարող պատասխանել հարցերին և խորհուրդ տվեց հարցերն ուղարկել գրավոր:
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ՅՈւՆԵՍԿՕ-ն իմանա նման միջոցառման մասին, ապա առանց վարանելու հուշարձան-արժեքը կհանի համաշխարհային ժառանգության ցանկից: Իսկ դրա համար մշակույթի նախարարությունը ջանք ու եռանդ չի թափում իր գործելաոճով, ավելին՝ նախարարուհին երևի նույնիսկ բնական կընդունի դա: Գուցե այդ դեպքում հնարավորություններն ավելի շատանան այդ տարածքում, ասենք, մի լավ «քլաբ» բացելու համար:
ՀԳ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այսօր հասցրել է «ավետել», որ վաղը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն աշխատելու է մինչև 17:00-ն: Բանն այն է, որ նախատեսված է փակ միջոցառում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերի համար:
Լուսանկարները՝ Կատար Թասլաքյանի, Նարեկ Ալեքսանյանի, Վահե Սարուխանյանի
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել