Լրագրող Անի Գեւորգյանի հարցերը նյարդայնացրել են առերեսվող ոստիկանին
Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը հունիսի 17-ին առերեսվել է երկու ոստիկանների հետ, որոնցից մեկը եղել է Վարդան Գևորգյանը: Ըստ Անի Գեւորգյանի՝ հենց վերջինս է այս տարվա փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում փորձել խլել իր տեսախցիկը եւ խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը: Վարդան Գեւորգյանը լրագրողի եւ նրա փաստաբանի նկատմամբ անհարգալից է եղել նաեւ առերեսման ժամանակ:
«Վարդան Գեւորգյանը սկսեց պահանջել, որ առերեսումն ավարտվի, փաստաբանն ասաց, որ վկայի կարգավիճակում գտնվող անձը իրավունք չունի նման բան պահանջել, առերեսումը կարող է դադարացվել միայն քննիչի որոշմամբ, ինչից հետո էլ ոստիկանը սկսեց բղավել: Նրա ուզածն այն է, որ առերեսումը շուտ ավարտվի: Ես օգտվում էի իմ իրավունքից եւ ոստիկանի սուտ ցուցմունքից հետո սկսեցի նան հարցեր տալ, դա նրան նյարդայնացրեց, քանի որ ամեն հարցի պատասխանելիս նա ստիպված նոր ստեր էր հորինում: Նյարդային պատասխաններ էր տալիս կամ չէր ցանկանում պատասխանել, սակայն ես պնդում էի իմ հարցերի կարեւորությունը, ու նա ստիպված պատասխանում էր»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Անի Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստներն առաջիկա հանրահավաքի մասին իրազեկման ակցիա էին իրականացրել: Նրանց աշխատանքին խոչընդոտել էին երիտասարդ ՀՀԿ-ականներ: Դեպքից հետո ոստիկանները ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում եղել են «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գևորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել էբռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Մինչ օրս այս քրեական գործով տուժող չկա, ըստ Անիի՝ չկա նաեւ կասկածյալ: Թե՛ ոստիկանները, թե՛ լրագրողը վկայի կարգավիճակ ունեն:
«Հանցագործության մասին հաղորդում եմ տվել ՀՔԾ, բացատրություն եւ ցուցմունքներ եմ տվել, նաեւ մասնակցել եմ առերեսումների, քննիչին եմ ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ համացանցում տեղադրված տեսանյութերը: Այս ամենը ավելի քան բավարար է, որ ինձ գործով տուժող ճանաչեն»,- ասում է Անի Գեւորգյանը:
Մեկնաբանել