
Լրագրող Անի Գեւորգյանը վկայի կարգավիճակում է, մինչդեռ կարծում է, որ տուժող պետք է ճանաչվեր
Լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել էբռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Ինչպես «Հետքին» տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից, «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության մասին օրենսդրական պահանջի ճշգրիտ իրականացումն ապահովելու նպատակով»:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստներն առաջիկա հանրահավաքի մասին իրազեկման ակցիա էին իրականացրել: Նրանց աշխատանքին խոչընդոտել էին երիտասարդ ՀՀԿ-ականներ: Դեպքից հետո ոստիկանները ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում եղել են «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գևորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:
Անին մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ-ի ու ոստիկանության` դեպքի քննության ուղղությամբ մինչ այժմ իրականացրած գործողությունները գնահատում է որպես հանցավոր անգործություն: «Դեպքից հետո անցած երկու ամիսների ընթացքում հարցաքննվել եմ բացառապես վկայի կարգավիճակով, մինչ օրս էլ գործով անցնում եմ որպես վկա, թեև քրեական գործը հարուցվել է իմ հաղորդման հիման վրա: Քրեական գործի նախաքննություն, ըստ էության, տեղի չի ունենում, քանի որ մինչ օրս գործով որպես տուժող չեմ ճանաչվել, որևէ ոստիկան էլ գործում որպես մեղադրյալ չի ներգրավվել: Մինչդեռ դեպքի վերաբերյալ մի քանի տեսագրություն կա, որտեղ շատ պարզ երևում է, թե ինչպես են ոստիկանները, Վարդան Գևորգյանի գլխավորությամբ, փորձում ինձնից խլել տեսախցիկը` այդպիսով խոչնդոտելով իմ մասնագիտական գործունեությանը»,-ասում է Անի Գևորգյանը:
Նրա կարծիքով՝ փետրվարի 12-ին տեղի ունեցածը հնարավոր է բացահայտել հաշված րոպեների ընթացքում, քանի որ առկա են անհրաժեշտ նյութերը: «Եթե բացահայտեն, ուրեմն ցանկացել են բացահայտել, եթե չբացահայտեն, ուրեմն չեն ցանկանում բացահայտել: Այդ օրը տեղի ունեցածի վերաբերյալ նման «քննություն» վարելը ես գնահատում եմ որպես հանցավոր անգործություն, որը այսօրվա մեր իրականության մեջ սովորական երևույթ է: Ի՞նչ ակնկալիք պետք է ունենամ մի նախաքննությունից, որի քննիչը, օրինակ, դեպքի վերաբերյալ տեսագրությունները ոչ թե ինքն է գործում ներգրավում որպես ապացույց, այլ ինձնից է պահանջում ներկայացնել այլ լրատվամիջոցների արած տեսագրությունները: Լրատվամիջոցներում հրապարակված նյութերը քննիչները կցում են քրեական գործին, իսկ այս դեպքում քննիչն ասաց՝ դու գնա այդ լրատվամիջոցներից բեր նյութերը եւ տուր ինձ»,- նշում է Անին:
Նշենք, որ հարուցված քրեական գործը գտնվում է քննիչ Արշալույս Մինասյանի վարույթում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել