HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է տեսնեիք քննիչի հեգնանքը, լսեիք քննչականի պետի անվայելուչ խոսքերը»

«Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի ծառայողական քննություն սկսվի հունիսի 14-ին Սևանի քննչական բաժանմունքում քննչականի պետի և քննիչի ապօրինի գործողությունների առնչությամբ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց փաստաբան Կարեն Մեժլումյանը՝ տեղեկացնելով, որ Ինեսսա Պետրոսյանը նաև բացատրություն է ներկայացրել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:

Ավելի վաղ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նույն խնդրի առնչությամբ դիմել է նաև պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Մամուլի հրապարակումների ու հիշյալ դիմումների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ՀՀ փստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանին վիրավորել էին ոստիկանության քննչական վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում: Անձնական վիրավորանք հասցնողները եղել են քննչականի պետը, ով ներկայացել է Վարդանյան ազգանունով ու քննիչ Մարտիրոսյանը: Նրանք խոչընդոտել էին փաստաբանին կատարել օրենքով իրեն վերապահված գործողությունները: Փաստաբանը ներկայացել էր գործով վկա Անահիտ Մկրտչյանի հետ, ով քննիչի ու քննչականի պետի պահվածքից կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին Սևանի հիվանդանոց:

«Հետքը» զրուցեց նաև Անահիտ Մկրտչյանի հետ, ով ասաց, որ նոր է վիրահատվել, բուժվում է տանը: «Դուք պետք է տեսնեիք քննիչի հեգնանքը, լսեիք քննչականի պետի հնչեցրած անվայելուչ խոսքերը, այս ամենի մասին ես մանրամասն գրել եմ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում…Քննչական էին կանչել զանգով՝ առանց ծանուցման: Երբ մտանք ներս, արդեն սենյակում մի տղամարդ կար, ում ես չեմ ճանաչում, քննչականի պետ ներկայացածը դիմեց այդ տղամարդուն, թե արագ-արագ պնդի ցուցմունքդ, թող գնա: Հետո հասկացա, որ այդ տղամարդն իմ դեմ ցուցմունք է տվել, բայց ինձ նույնիսկ թույլ չտվեցին ծանոթանալ, թե իմ դեմ ինչ մեղադրանքներ է հնչեցրել այդ անծանոթը, բանը նույնիսկ առերեսման չհասավ: Այո՛, իմ գլխին ուզում էին գործ սարքել: Դա հասկանալով ու տեսնելով, թե ինչպես են փաստաբանի հետ խոսում՝ վատացա, սկսեցի ամբողջ մարմնով դողալ, քանի որ նաև թույլ եմ վիրահատությունից հետո: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես փաստաբանի հետ չլինեի, ի՞նչ կլիներ ինձ հետ»,-մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Մկրտչյանը:

«Հետքի» հարցին, թե ինչ գործի մասին է խոսքը, ինչ գործով է Անահիտ Մկրտչյանը հրավիրված եղել որպես վկա, պատասխանեց, որ ինքն աշխատում է Հրազդանի ՔԿԱԳ-ում (ԶԱԳՍ) որպես առաջին կարգի մասնագետ, իսկ վկա է Սևանի ՔԿԱԳ-ի պետի գործով, որի մանրամասների մասին Անահիտը մեզ չհայտնեց. «Ես ինքս չգիտեմ մանրամասներ»,-ասաց նա:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի լուսանկարը pastaban.am կայքից

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հետաքրքիր է ինչներիս է պետք ոստիկանությունը եթե այն միայն հանցագործներին է ծառայում: Համոզված եմ, եթե չլիներ այսպիսի ոստիկանություն հանցագործությունների թիվը ավելի ցածր կլիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter