HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Երեւանյան պրեմիերաներ»-ը կցուցադրի Կաննի եւ Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնի միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը նշում է, որ այս ֆիլմերի ցուցադրության բանակցային գործընթացը բավականին դժվար է: Ծրագրում ներառվում է տարվա լավագույն ֆիլմերի հավաքածուն, որոնք ցուցադրվել և մրցանակների են արժանացել տարբեր հեղինակավոր փառատոներում:

Փառատոնի ընթացքում կներկայացվի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Նուրի Բելգի Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմը (2014 թ., Թուրքիա), Ժան Պիեր և Լյուք Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր» (2014 թ., Բելգիա- Ֆրանսիա-Իտալիա) ֆիլմը, Յինան Դիայոյի «Սև ածուխ, բարակ սառույց» (2014 թ., Չինաստան) ֆիլմը, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Ծրագրի շրջանակներում ներկայացվելու է երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի և նրա կնոջ՝ Անջելա Ռիչչի Լուկկիի «Բարբարոս երկիրը» (2013 թ., Ֆրանսիա) և Վիտալի Մանսկու «Գիրքը»: Վերջին ֆիլմը նվիրված է Գրիգոր Նարեկացու գործունեությանը: Իտալաբնակ հայ ռեժիսոր Ե. Ջանիկյանն այս տարի գլխավորում է միջազգային վավերագրական մրցույթի ժյուրիի կազմը:   

1980թ. էկրան բարձրացած և Կաննի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր Քշիշտոֆ Զանուսիի «Անփոփոխ գործոն» ֆիլմը ևս ընդգրկված է այս ծրագրում: Ֆիլմը ցուցադրվում է լեհ ռեժիսորի 75-ամյակի կապակցությամբ: Բացի այդ, այս տարի Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը հանձնվելու է Ք. Զանուսիին:

Վերջին երեք ֆիլմերը փառատոնի ընթացքում ցուցադրվելու են ռեժիսորների ներկայությամբ:

Այս տարի փառատոնի հյուրերն են նաև Կիմ Կի Դուկին, Ցզյա Չժանկեին, Օթար Իոսելիանին և Ամոս Գիտան, որոնց կհանձնվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Օթար Իոսելիանիի 80-ամյակի կապակցությամբ «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն ռեժիսորի ֆիլմերը:

Որպես փառատոնի փակման ֆիլմ ընտրվել է ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» ֆիլմը, որը ևս արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին:

Այս տարի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնն անց է կացվելու հուլիսի 13-20-ը և նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter