HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ պատկերացմամբ, հանցագործությունը միտումնավոր չի բացահայտվել, իսկ Դուք ասում եք՝ ինչ կապ ունի գազի բալոնը»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում այսօր շարունակվեց Վարդան Պետրոսյանի գործով ապացույցների հետազոտումը: Հրապարակվեցին մի շարք փաստաթղթեր:

Ի՞նչն է եղել երկու տղաների մահվան պատճառը

Հրապարակվեցին Էդգար և Էդուարդ Հակոբյանների դիակների դատաբժշկական փրձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց՝ մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումից, ներքին օրգանների արյունահոսություններից: «Նշված վնասվածքները տեղակայված են գոտկատեղից վերև, ուստի նման վնասվածքները չէին կարող գազի բալոնի սեղմման հետևանքով առաջանալ»,- կարծիք հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Սակայն պաշտպանական կողմը գտնում է, որ երկու տղաների մահը վրա է հասել գազի բալոնի և նստարանի սեղմման հետևանքով: «Վնասվածքների տեղակայումը հենց վկայում է այն մասին, որ մահվան պատճառ է դարձել գազի բալոնը: Գործում առկա լուսանկարներում էլ երևում է, որ այդ բալոնը բեռնախցիկից տեղափոխվել է մինչև հետևի նստարանը, այդ արանքում հնարավոր չէր, որ մարդ ողջ մնար»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Դատախազ Արթուր Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ ոչ մի տող չկա գազի բալոնի մասին: «Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ կապ ունի: Եթե Հակոբյանների հարևանը խնդրեր մի սեյֆ բերեին, պետք է հարևանի՞ն մեղադրեինք»:

«Իմ պատկերացմամբ՝ հանցագործությունը միտումնավոր չի բացահայտվել, իսկ Դուք ասում եք՝ ինչ կապ ունի գազի բալոնը»,- շարունակեց փաստաբան Բաղդասարյանը:

«Մենք կարծես շեղվում ենք իրավաբանությունից: Ասեմ, որ գազի բալոնի թույլտվություն կա համապատասխան մասնավոր կազմակերպությունից: Չկա թույլտվություն Գյուղնախարարության կողմից»,- պարզաբանեց Ռուբեն Բալոյանը:

Հայտնելով իր կարծիքը՝ Վարդան Պետրոսյանն ասաց. «Ես ինձ թույլ եմ տալիս զարմանալ քաղաքացի դատախազի զարմանքի վրա: Այն, որ քրեական գործում էքսպերտիզայով հաստատված է իմ սթափ լինելը, բայց այն փաստը, որ գազի բալոնը կարող է մահվան պատճառ դառնալ, նրան զարմանք է պատճառում: Իմ դիրքորոշումն այն է, որ քաղաքացի դատախազն անկողմնակալ չէ: Երկու երեխա է զոհվել, երբեմն անտանելի է քննարկել այս հարցերը, բայց թողեք իմ պաշտպանն աշխատի»:

«Առանց սեփականատիրոջ համաձայնությունը ունենալու՝ Արթուր Հակոբյանն իր նախաձեռնությամբ գազի բալոն է տեղադրել մեքենայի մեջ: Համաշխարհային բանկի (որի վարկային միջոցներով ներկրվել ու շահագործվել են Գյուղնախարարության ԾԻԳ-ի «Նիվա» մակնիշի մեքենաները) և «Նիվա» մակնիշի մեքենաների արտադրության կողմից հաստատված կանոններով արգելվում է փոքր բեռնախցիկ ունեցող Նիվայի մեջ տեղադրել գազի բալոն՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Եթե մի հարևան խնդրեր գազի բալոն տեղափոխել և վթար լիներ, պետք է հարևանի՞ն մեղադրեինք»,- դատախազի՝ գրեթե նույն հարցը տվեց Ռուբեն Բալոյանը: Դահլիճում գտնվող քաղաքացի Գագիկ Սարուխանյանն ասաց, որ գազի բալոնը բեռնատարով են տեղափոխում: Այդ ժամանակ դատավոր Վաղինակ Մկրտչյանը սանկցիա կիրառեց՝ նրան դահլիճից հեռացնելով: Իսկ դատախազ Սարգսյանը նշեց, որ անգամ եթե խախտումով է դրված գազի բալոնը, ապա դա ոչ մի կապ չունի վթարի հետ:

Ինչո՞ւ է Գյուղնախարարության ԾԻԳ-ը «Նիվա» ավտոմեքենան գնահատել 2 մլն 600.000 դրամ

Հրապարակվեց Գյուղնախարարության ԾԻԳ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցն ընդդեմ Վարդան Պետրոսյանի: Փորձագետը «Նիվա» մեքենան գնահատել է 2 մլն 600.000 դրամ, իսկ շուկայական արժեքը գնահատվել է 3 մլն դրամ: Ըստ պաշտպանական կողմի՝ այս թիվը միտումնավոր է ուռճացված: «Հնարավոր չէ 3 մլն-ով նման մեքենա վաճառեին շուկայում: Նույն մեքենան մեկ միլիոն 700.000-ով է վաճառվել, այն էլ՝ 3 անգամ քիչ վազանց ունեցող»,- ասաց փաստաբան Բաղդասարյանը:

Այն աղբյուրը, որից օգտվել է փորձագետը, օգտվել է նաև փաստաբան Բաղդասարյանը և պարզել, որ նույն 2006թ. արտադրության, սակայն ավելի քիչ վազանց ունեցած «Նիվա» մակնիշի մեքենաները նույն ժամանակահատվածում վաճառվել են ավելի էժան գներով: Այդ նյութերը փաստաբանը տրամադրեց կողմերին ու դատարանին: Ըստ փաստաբան Բաղդասարյանի՝ այդ ուռճացումը արվել է, որպեսզի հիմք ունենան Վարդան Պետրոսյանի ողջ գույքի ու բանկային հաշիվների վրա կալանք դնելու համար: Նախաքննական մարմինը միջնորդել է ողջ գույքի վրա կալանք դնել, ոչ թե հայցում նշված գումարի չափով, «որ տեսնեն՝ հետագայում ինչ կարող են ապահովել տուժողների համար: Բայց երբ տեսել են, որ Վարդան Պետրոսյանը համարյա գույք չունի, հասկացել են, որ չեն կարող ապահովել տուժողներին»,-շեշտեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Դատախազը նշեց, թե հանրային կարծիքի վրա կազդի այս ամենը ու տպավորություն կստեղծվի, որ հատուկ արվել է, որ տուժողներին ինչ-որ բան տան, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: «Նման հայտարարություններից կխնդրեմ զերծ մնալ»,- խորհուրդ տվեց մեղադրող դատախազը: Իսկ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ վերջապես պարզեց՝ «տուժողների հետ հանդիպումները ձևական բնույթ ունեին: Վարդան Պետրոսյանը տալու բան չունի: Չունի, չի տա…»,-ասաց նա:

Վարդան Պետրոսյանը նշեց, որ Հակոբյանների հետ իրենց հանդիպումները լուրջ ու սրտացավ էին, իսկ գույքի վրա կալանք դնելը հոգեբանական ճնշման միջոցներից մեկն է: «Կուզեի իսկապես շատ ավելի բարձր գնահատված լիներ «Նիվան»: Խնդիրը դա չէ: Բայց սա հերթական միջոցն է ինձ հոգեբանական ճնշման ենթարկելու, մի բան պլոկելու: Այստեղ խնդիրը 3 միլիոնը չի»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Ինչո՞ւ է 4 անգամ կատարվել «Նիվա» ավտոմեքենայի զննությունը

Նախաքննության փուլում 2 անգամ զննվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, սակայն 2 անգամ էլ չեն հայտնաբերվել կողային հայելիները: Իսկ վթարից մեկ ամիս անց դարձյալ զննվել է նույն մեքենան, ու այս անգամ հայտնաբերվել է մեկ կողային հայելին: Արդեն հետզննության ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանին քննիչը ներկայացրել է, թե՝ դուռը բացել ենք ու առջևի նստարանին տեսել կողային հայելիներից մեկը: «Հետո նամակ ստացա, թե մեկ անգամ էլ գնանք-զննենք մեքենան: Պատասխանեցի՝ հո երեխա՞ չենք, 3 անգամ զննել եք, 3-րդ անգամ մի հայելի եք գտել, հիմա ուզում եք դուռը բացեք, գցեք հայելին ու ասեք՝ գտա՞նք երկրորդ կողային հայելին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Դեկտեմբերի 5-ին այդ հայելին ես եմ գտել»,- ասաց Ռուբեն Բալոյանը: «Պարոն Բալոյանը ճիշտ չի ասում, ինքն ուղղակի ուզում է փրկել քննիչի ապօրինությունները: Ես այս պահին շատ էի սպասում: Ուրեմն «Նիվայի» 3-րդ զննությունը կատարվել է նոյեմբերի 27-ին, այդ ժամանակ հայտնաբերվել է մեկ կողային հայելին: Չի կարող պատահել, որ նոյեմբերի 27-ին նույն տեղից մեկ կողային հայելին հայտնաբերվեր, իսկ նույն տեղում չգտնեին 2-րդ հայելին, փոխարենը գտնեն դեկտեմբերի 5-ին: Հո աճպարար չի պարոն Բալոյանը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հետազոտվեց նաև կողային 2 հայելիների և սրահի հետևի տեսանելիության հայելու վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը: Մասնավորապես, թե ինչի հետևանքով են դրանք դուրս եկել: Ըստ եզրակացության՝ սրահի հետևի տեսանելիության հայելին հնարավոր չի եղել պարզել՝ արդյոք վթարին նախորդող պահին եղե՞լ է տեղում, թե՞ հետո է պոկվել: Իսկ կողային հայելիների մասով ստացվել է պատասխան, որ դրանց հոդակապային հատվածները հանվել են հարկադրաբար:

Ըստ դատախազի, սակայն, փորձագետը հստակ շարադրել է, որ առավել հավանական է՝ հայելիները դեպի դուրս ծռելու հետևանքով են ընկել: «Ուստի ոչ թե հայելիները ինչ-որ մեկը ծռել-հանել է, այլ դրանք վթարի հետևանքով են ընկել: Ինձ մոտ տպավորություն է, որ մարդը առանց հայելիների կամիկաձե՞ էր, ի՞նչ է, որ այդպես գնացել է Ծաղկաձոր, հետ է եկել: Դա տրամաբանական չէ»,- ասաց մեղադրողը:

«Բայց այդ դեպքում հայելիների հետ շփման կետեր չկան»,- հակադրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Նիվայի» փոխանցման տուփը դրված է եղել հետընթացի վրա

Այս գործով կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ «Նիվա» ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը չի ժխտել, որ փոխանցման տուփը դրված է եղել հետընթացի վրա: «Ելակետային տվյալները վերցվել են դատաավտոտեխնիական փորձաքննությունից: Դա նորություն չի, որ հետընթաց դիրքում է եղել «Նիվան»: Վթարին նախորդող պահին վառված են եղել կանգառի և հետընթացի լույսերը»,- ասաց դատախազը:

««Նիվա» ավտոմեքենան նկատելի է եղել 150 մետրից, ըստ փորձաքննության, իսկ հեռահար լույսերի դեպքում՝ 250 մետրից: Եթե անգամ ընդունենք, որ «Նիվան» կանգնած է եղել ճամփեզրին, ապա միևնույնն է՝ BMW-ի վարորդը եթե գտնվեր սթափ վիճակում, ես հավատացած եմ, որ կնկատեր «Նիվան»»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Հ.Գ. Նիստին չէին ներկայացել Հակոբյան ընտանիքները: Նրանց ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը տեղեկացրեց, որ նրանց չներկայանալու պատճառը Էդգար և Էդուարդ Հակոբյանների մահվան 8-րդ ամիսն է: Հաջորդ նիստին՝ հուլիսի 4-ին, դատարանը լսելու է տուժողների ցուցմունքները: Այնուհետև կուսումնասիրվեն իրեղեն ապացույցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter