HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երաժշտություն երաժշտության մեջ կամ ջազի իտալերեն լեզուն

Նաիրա Հայրապետյան

Իտալացի երգիչ, դաշնակահար և կոմպոզիտոր Պաոլո Կոնտեն երաժշտական աշխարհում առանձնանում է մի քանի յուրահատկությամբ. նախ՝ խռպոտ, անսովոր ձայնով, հոգու խորքն ընթերցելու կարողությամբ, ապա՝ գունեղ և ռոմանտիկ կոմպոզիցիաներով: Դրանք սովորաբար հարազատ են ոչ միայն իտալական, այլև Միջերկրական ծովին ունկնդրող հարևան երկրների երաժշտական ոգուն: Կոնտեի երաժշտության առանձնահատկություններից մեկն էլ նուրբ բանաստեղծականությունն է, որը մտորելու և ինչ-որ տեղ մելանխոլիկ տրամադրություն է ստեղծում: Այս ոգին հարազատ է շատերին. այնտեղից լսվում են ջազի, ավանդականի, նույնիսկ հարավ-ամերիկյան մեղեդիներ:

Որպես երգահան և երաժիշտ իրավաբան՝ Պաոլո Կոնտեն ճանաչում ձեռք բերեց 1960-ականների վերջին և 70-ականների սկզբին, երբ նրա անունն ավելի հաճախ հիշատակվում էր որպես Ադրիանո Չելենտանոյի և Պատտի Պրավոյի հիթերի հեղինակի: 1974թ. «Paolo Conte» ալբոմով սկսվում է նրա ստեղծագործական անհատական ուղին, որը հաջողությամբ շարունակվեց շուրջ չորս տասնամյակ և ամփոփվեց տարբեր ալբոմներում և հավաքածուներում՝ «Paris milonga » (1981թ.), «Aguaplano » (1987թ.), «Parole D'Amore Scritte a Macchina » (1990թ.), «The best of Paolo Conte » (1996թ.), «Wonderful » (2006թ.) և այլն:

Պ. Կոնտեի լավագույն հիթերից շատերն օգտագործվել են բազմաթիվ ֆիլմերում և գովազդային հոլովակներում, ինչպես օրինակ «Come Di»-ն ռեժիսոր Պոլ Ֆեյգի «Իմ անունը Դավիթ է» ֆիլմում կամ «Vieni via con me»-ն, որը հիշատակվում է մի քանի, այդ թվում՝ 1995թ. Լոուրենս Կեզդանի «Ֆրանսիական համբույր», 2011թ. Ռոման Պոլանսկու «Կոտորած» ֆիլմերում, «Կոկա- կոլայի» և օծանելիքի գովազդներում և այլն:

Պ. Կոնտեի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Azzurro»-ն է, որը 1968թ-ին կատարեց Ադրիանո Չելենտանոն: Երգը համարվում է Չելենտանոյի այցեքարտերից մեկը և գրվել էր հատուկ նրա համար: «Via con me»-ի և «Sotto le stelle del Jazz»-ի հետ այս երգը Կոնտեի ամենահայտնի և սիրված գործերից է: Սիրո, մենության և ամառային քաղաքի տրամադրության մասին պատմող «Azzurro»-ն բնորոշում է հեղինակի վաղ շրջանի երաժշտական մտածողությունը, որը միաժամանակ արդեն ընդգծում է նրա անհատականությունը. պարզ մեղեդի՝ զուգակցված գրավիչ և անսպասելի համադրումներով, սովորական առօրյա մի պատմությամբ, որը Կոնտեի միջամտությամբ հնչում է պոետիկ նրբությամբ և վերածվում երևակայական պատկերների: Հետագայում, շնորհիվ մեծ ճանաչման, այն ներկայացրեցին տարբեր արտիստներ և տարբեր լեզուներով, իսկ 2006թ. «Azzurro»-ն «բռնագրավվեց» Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կողմից` օգտագործվելով որպես ոչ պաշտոնական հիմն 2006թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Ավելի ուշ՝ 1985թ, երգը ձայնագրվեց Կոնտեի կատարմամբ:

Նրա երգերը դժվարանում են դասել առանձին ոճի կամ ժանրի շրջանակում՝ ջա՞զ, բա՞րդ, շանսո՞ն։ Ձայնի, պոեզիայի և մեղեդու ներդաշնակություն, որը դառնում է հոգու երաժշտություն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter