«Չգիտես, բժիշկ, թե միայնակ մեռնելը որքա՜ն դժվար է»
Արմեն Քեշիշյան
Նախադամբանական
Пока от вранья не отвыкнем традиции древней назло,
покуда не всхлипнем, не вскрикнем: куда это нас занесло?! –
пока покаянного слова не выдохнет впалая грудь,
придется нам снова и снова холопскую лямку тянуть. (Б. Окуджава)
Այս տարվա նոյեմբերի քսաներկուսը արդեն 49-րդը կլինի, որ Լեռ Կամսարի շիրիմի մոտ չի հավաքվի այն մարդկանց բազմությունը, որոնց համար նա ապրել է իր կյանքը, գրել է իր հանճարեղ գործերը, չեն այցելի այն գրողները, որոնց նա անսպառ թեմաներով է ապահովել: Ահա այսպիսին է նրա շիրիմը՝ այստեղ է իր սիրած թեյի վարդը, որ մասուր է հիմա, բայց հավատարիմ ծաղկում է ամեն մայիսին: Փոփոխական է միայն տարեդարձի հերթական համարը, որ կաթ-կաթ, մեկ-մեկ ավելանում է տարեց տարի:
Ի՞նչ էր արել նա, որ դարձավ իր ժամանակի իշխանավորի աչքի փուշը: Փորձել էր հասկանալ իր դրությունը` իր նմանների, համաքաղացիների և իր Աստծու հանդեպ: Եվ հասկացել էր, որովհետև հանճարեղ էր. տեսնում էր անցքերը մի քանի տարի, ամիս, օր, րոպե, վայրկյան ավելի վաղ ու ստույգ, քան դա տեսնում էին այլոք, այդ թվում` այդ անցքերը պարտադրողները: Որովհետև տեսնում էր անցքերը, մարդկանց, Աստծուն ու ինքն իրեն առանց սուտ կամ կեղծ խղճալու սրանցից որևէ մեկին, և այդպես` տեսնում էր ապագան...
Ինքն իրեն էր քննում, ի դեպ` ավելի հաջող, քան Աստված սա 4000 հազար տարի քննում է մարդկանց սրտերը, իսկ դատապարտվում էր ուրիշներից` ինչպես միշտ վայրենու բնազդով ամեն ինչից վախեցող իշխանավորից, և նախանձ, կենդանի արժեք գնահատել չիմացող հայրենակցից: Այն հայրենակցից, որը բռնի, օտարոտի բիրտ ուժով ներխուժեց իր նորընծա հայրենիք` փոխարինելու այն հայերին, որ պատրաստ էին հայրենիք ունենալու սեփական կյանքի գնով: Փոխարինվածները այն հայերն էին, որ հանդուրժում էին իրենց հասցեին հնչած հեգնանքը, քննադատությունը, կարող էին ընդունել այն իբրև իրավիճակը շտկելու համար բավարար սեր ու գիտելիք ունեցող մարդու տեսակետ, այլ ոչ թե թշնամի, ինչպես որ փոխարինածներն էին անում:
Թվում է և վստահաբար ճիշտ է թվում, որ Կամսարի գրքերը կարդալը և նրա շիրիմին այցելելը շնորհակալություն հայտնելու համար ազատարար ինքնաքննություն է: Նրա շիրիմին այցելելը նշանակում է հոգում վառ պահել մաքուր ձեռքերի ու անբիծ սրտի իդեալը, սրբագրվել է նշանակում ու ուժ ստանալ հեռու մնալու հանցավոր ունայնությունից, մոտենալ ազնիվին, և տեսնել իմաստությունը, որ միշտ ուղիղ մեր ոտքի տակ է, շատ մոտ: Նշանակում է չհեռանալ հասարակության մեջ առաքինի դիրքից, որ միշտ պատվաբեր է, խղճի հանգստություն և արդար քնանալու անվիճելի իրավունք:
Կարելի է մտածել, որ յուրաքանչյուր ծաղիկ, որ կբերվի նրա շիրիմին, հատուցում է մի դառը արցունքի, որ ամեն վայրկյան կուլ տվեց Կամսարը իր կյանքի ամբողջ ընթացքում, և ոչ մեկին ցույց չտվեց: Հիմա, աշխարհին Լեռ Կամսար տված նույն ժողովուրդը իր իսկ Կամսարի ու մյուս Մեծերի առջև մեղա գալու կարիք ունի: 48 և կես տարի ուշացել է, և այս կես տարվա լրումից հետո պետք է սկսի հատուցել իր պարտքը` այցելել, մի րոպե լռել, ծաղիկ դնել ու խնկել: Սա ոչ թե նրան է պետք, այլ մեզ` մեր ներկայում և ապագայում, մեզ ու մեր երեխաներին է պետք: Թե չէ նա ինչպես մենակ ապրեց, այնպես էլ մենակ ննջում է, խիղճը հանգիստ` մեր խղճի արթնանալուն ուրախ իբրև իր անցած տառապանքի ճամփի միակ արժեքավոր հատուցում:
Կամսարը չէր կարող բերանը փակ սիրել հայրենիքը, այս իրավունքը տրված է մեծերին ի վերուստ, որքան էլ որ այդ իրավունքը խեղեն իշխանությունները: Մեծերի այս իրավունքը տրված է այն պարզ պատճառով, որ նրանք ապրել են այնպես, որ բաց աչքերով, մաքուր ձեռքերով ու անբիծ սրտով վաստակել են նույնիսկ Աստծո դեմ ապստամբելու իրավունքը: Ո´չ, իրենց համար չէ, այլ մեր: Այսպես էր Ցիցերոնի ժամանակ, այսպես էր Դանտեի ժամանակ, այպես էր Քոլրիջի ժամանակ, այսպես էլ Շալամովի ժամանակ, այսպես էր նաև Կամսարի ժամանակ: Բայց Ցիցերոնը, Դանտեն, Քոլրիջը, Շալամովը և Կամսարը, նրանց խոսքերն ու գործերը հարատևեցին, հայրենիքը սիրելու իրենց իրավունքը ոտնահարողները արժանացան անեծքի:
Не верю в бога и судьбу. Молюсь прекрасному и высшему
Предназначенью своему, на белый свет меня явившему...
Чванливы черти, дьявол зол, бездарен бог - ему неможется.
О, были б помыслы чисты! А остальное все приложится.
Верчусь, как белка в колесе, с надеждою своей за пазухою,
Ругаюсь, как мастеровой, то тороплюсь, а то запаздываю.
Покуда дремлет бог войны - печет пирожное пирожница...
О, были б небеса чисты! А остальное все приложится.
Молюсь, чтоб не было беды, и мельнице молюсь, и мыльнице,
Воде простой, когда она из золотого крана вырвется.
Молюсь, чтоб не было разлук, разрух, чтоб больше не тревожиться.
О, руки были бы чисты! А остальное все приложится. (Б. Окуджава)
Հայրենիքի հանդեպ սերը հերոսներ է ծնում, իսկ սերը ճշմարտության հանդեպ` իմաստնուններ: Հայրենիքը կուրորեն սիրելը, այսինքն` պալարներն ու ստորությունները չնկատելը, հանգեցնում են աշխարհը, հետևապես նաև հայրենիքը սև հագցնելուն: Ինքը ոչ միայն նկատեց, ոչ միայն մերժեց կուրությունը, այս նաև բարձրաձայնեց, այն էլ ինչպե՜ս բարձրաձայնեց` ճշմարիտ, հաճարեղ, ցավով ու սիրով լի: Նա գիտեր, որ միայն ճշմարտության վրա հիմնված կարելի է հայրենիք ունենալ, այլապես` ոչ հայրենիքը կների, ոչ էլ կլինի այն, ինչ կարելի է հայրենիք անվանել: Նա գիտեր, որ հայրենիք ունենալու համար հայրենակցին է պետք սիրել` նրան ուրախություն պարգևելով, հայրենիքի մի մաս դառնալը խրախուսել: Միայն անհատը, որ ազատորեն պատրաստ է հայրենիքի մի մաս դառնալ, կարող է հավակնել հայրենիք ունենալ:
Կամսարի բոլոր գործերում ցայտուն նկատելի է մի հատկորոշ էություն, որը չի ներվել ո´չ իր կյանքի ընթացքում, ո´չ իրենից առաջ, և ո´չ էլ հետո է ներվելու, ո՜ւր մնաց գնահատվելու. դա անհատականությունն է: Չի ներվում ոչ միայն նրա համար, որ «ինչ-որ» մի գրող հանդգնել է ինքնուրույն, անհատական, այն էլ համակարգաստեղծ կարծիք ունենալ, այլ ավելին` կարծիքն այս այլևս վարդապետություն է, որի անհրաժեշտությունը հաստատ կարող է զգալ հին պատմություն ունեցող, իր իսկ ջանքերի բերումով չգնահատված համաշխարհային արժեքներ ստեղծած, մեծ տառապանք, կյանքը սիրելու և կյանքից կառչելու ունակությամբ օժտված իր ժողովուրդը, և, Աստված միարասցե, հետևել դրան:
Այսպիսին է Կամսարի հայրենասիրությունը` իսկական, տաղանդի վրա շաղախված, ցավի իմաստն ու ներգործությանը սեփական անձով ճանաչած և դեպի ուրախություն, լույս ու արև ձգտող:
Մի՞թե մենք այնքան ժամանակ չունենք, որ տարին մի քանի անգամ գնանք Մեծի հետ հանդիպման. չէ՞ որ գործերով վազելիս տարին մի քանի անգամ անցնում ենք Թոխմախի մոտով. մի՞թե մենք այնքան ժամանակ ունենք, որ հետաձգենք նրա հետ հաղորդակցվելու պահը: Պետք է մի անգամ փորձել, և գուցե սա սովորություն դառնա, որ ետ կպահի մեզ մի անտեղի խոսք ասելուց, մեծամտանալուց, մի հիմար բան անելուց: Կամսարը նույնիսկ իր այս հանգրվանում մի ամբողջ աշխարհ է բացում դեպի մյուս իսկական Մեծեր, այդ թվում` Կոստան Զարեան և մյուսներ: Այսպես` անպաշտպան, մեծ քարով կաշկանդված, Աշոտ Լեռը մարդու ու հայի ազատության, անսակարկ հայրենասիրության իսկական աշխարհն է պաշտպանում: Գնացե´ք և տեսե´ք:
Ասում էր, որ կենդանության օրոք երկու անգամ է մահացել. առաջին անգամ, երբ կտրվեց հայրենի Վանից, երկրորդ` երբ զրկվեց ազատությունից խաբվելով, թե հայրենիք է ձեռք բերել: Այս երկու անգամն էլ` թշնամիներից: Եվ հավանաբար ճշմարտասիրությունն էր, ստի, կեղծի բացարձակ ժխտումը, որ թշնամականից է´լ ավելի անողորմ վերաբերմունքի է արժանանում հայրենակիցների կողմից արդեն ութսուն տարի:
Օտարածին հավատքի նկատմամբ անողորմ` ապրեց ու մահացավ իբրև դրա դեռևս չգերազանցված տառապյալը: Այստեղ էլ ճշմարիտ եղավ ինչպես իր սեփական անձի, այնպես էլ «հոտի» նկատմամբ` առանց հերոսանալու մասին երազի (այլապես` այսօր հիմա նույնքան սիրելի ու փնտրվող չէր լինի), իր կյանքի օրինակով ցույց տվեց պատմության կրկնվողությունը, ամբոխի` ստահակ լինելու անփոփոխությունը, որը ինչպես 2000 տարի առաջ էր լուռ` երբ խաչում էին անմեղին, այնպես էլ իր խաչվելու ժամանան էր լուռ:
Մինչդեռ Լեռ Կամսարը խաչվում էր ամեն օր… Ինչո՞ւ չմտածել, որ Կամսարը ավելի մեծ գնահատանքի արժանացավ, քան կրոնաստեղծ մարտիրոսը` նրա վարդապետությունը բյուջե, ինստիտուտ ու կերակրատաշտ դարձրին նրա «հետևորդները», իսկ Կամսարը և´ մերժեց սրանց (ոչ թե կրոնը), և´ մնաց անեղծ ու անսակարկ իր գործերում և պաշտամունքում, չունեցավ այն հետևորդները, որոնք կայլասերեին ինչպես նրա վարդապետությունը, այնպես էլ սեփական խաչից արձակած նրա վերջին աղաղակը:
Ամեն օր խաչվելով են վաստակում որևէ վարդապետությանը այլընտրանք առաջարկելու իրավունքը: Կամսարի մտքով անգամ չանցավ «փղոսկրեա աշտարակում» պատսպարվելու հնարավորությունը, որը եվրոպական կարգավորվածության ու ի սկզբանե հաստատված դրության արգասիք ու պաշտպանվածություն է, հարիր կրոնական ստոիցիզմի վրա շաղախված ռոմանտիզմին` ի դեմս Ալֆրեդ դը Վինիի: Նրա մտքով անգամ չանցավ հեռահար դիրքերից գործող համակարգը քարկոծելու ռուսական ավանդույթին հետևելը` ի դեմս իր ժամանակի «բոլշևիկների» կողմից հալածյալ Չաադաևի:
Կամսարը իր հայրենի շիկացած հողից սնվելով, տեսավ դրա անջրդի տեղանքը, առաջարկեց այն զովացնելու ու բերրիացնելու ուղիները: Սա արեց` տարբերություն չդնելով զենքի ու գրչի միջև, երկուսի առավելագույն ուժը տեսնելով մեկը կամ մյուսը կրողի պողպատե կամքի, խելքի, դեպի ուրախություն, սեր ու ստեղծագործություն ձգտելու անկոտրում նպատակասլացության մեջ:
Մեծ ու փոքր ոչնչությունն էր հավասարապես ատում, ըստ էության ոչնչություն համարելով ամեն բան, բացի ազատությունից. անհատի ուրեմն նաև հասարակության ազատությունից: Ահա թե ինչպես է Կամսարն իր օրինակով բաց անում մեր աչքերը ազատության վրա. «Օ՜հ, մեռնել գեթ մի օր ազատություն չտեսած, ահա սարսափելին…»: «Նրանք ովքեր ինձ նման ապրում են մեռած, նրանց համար չկան կաշկանդիչ սովորություններ, ծեսեր, նախապաշարմունք, բարոյականություն, ամոթ, պատկառանք և նման բաներ։ Որովհետև այդ բոլորը մահվան հետ համեմատած այնքան աննշան չարիքներ են, որոնց լինելուն էլ չլինելուն էլ պետք է նայել անտարբեր։ Դրանք փոքրիկ ոչնչություններ են, որոնք իրենց ճանապարհին միանում են իրար հետ ու գնում թափվում մեծ ոչնչության մեջ:»
Թվացյալ կենդանության օրոք չէին հրատարակում, հիմա չեն ներառում դպրոցական դասագրքերում, թվացյալ կենդանության օրոք թույլ չէին տալիս խոսել, հիմա չեն մոտենում գերեզմանին` վախենալով լսել ճշմարտությունն իրենց իսկ մասին, թվացյալ կենդանության օրոք ոչ մի պետական ճանաչման չէին արժանացնում, թվացյալ կենդանության օրոք չէին հրատարակում, հիմա ոչ մի կերպ չեն աջակցում անտիպները ժողովրդին հասանելի դարձնելուն` մինչև հիմա չգիտակցելով իրենց խավարում խեղդված լինելը. չէ՞ որ ուրիշին գնահատելով միայն կարելի է մեծ երևալ, իսկ հանճարին գնահատելը նրանց բաժնեկից լինելու միակ հնարավորությունն է: Գոնե իրենց իսկ շահի համար գնահատեին… Հիմա ո՞վ է տուժողը: Արդյո՞ք Կյուլոյին հյուրանոցում, իսկ ձեռագրերը Գետառի ջրերում խեղդելը խեղդողների խռխռոցի ձայները չէ, որ լսվում են կիրթ մարդկանց հառաչանքի մեջ առ այն, որ մեր ժողովրդի զավակի ստեղծագործությունները չքվեցին: Դահիճներով, թե` կիրթ մարդկանցով աշխարհին ներկայանալը յուրաքանչյուր ազգի ընտրությունն է. և դարձյալ` ո՞վ տուժեց:
Բայց անխուսափելի է նաև մեկ այլ հարց, որ ամենևին ոչ միայն Կամսարին է վերաբերում: Բա երբևէ դահճի սերունդը կհանդուրժի՞, որ լայն հասարակությանը հայտնի դառնան դահիճների անունները և դրանք կրողների գործերը: Դարձյալ մի քանիսը հայտնի են, քանի որ այս աշխարհում «ծածուկ բան չկա, որ չհայտնվի և գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա»: Այս ճշմարտությունը չիմանալով, կամ դրան չհավատալով` դահիճների սերունդները նախընտրում են ընդունվել իրենց հայրերի «պատժիչ օրգաններ», երբեք սակայն` գնալ իրենց զոհերի շիրիմներին, մեծի մասամբ` անհայտ, ապաշխարելու: Մի՞թե այդքան նվաստացուցիչ է ներողություն խնդրելը, մի՞թե այդքան դժվար ու անհեռանկար է նրանց կողմից ընկալվում ինքնամաքրվելու ուղին բռնելը: Ինչ խոսք, մեր մեջ շատ ընդունված է «շնորհակալություն» ասելու փոխարեն` «ապրես» արտասանելը, կարծես, շնորհակալությունը նվաստացնում, նսեմացնում է այս բառն արտասանողի ինքնասիրությունը: Ուրեմն ի՜նչ ասել «ներողություն» խնդրելու մասին:
Ամեն օր մեռնելով` նա լիարժեք կյանքով այնուամենայնիվ ապրեց, այնքան լիարժեք, որ մինչև հիմա իրական տպավորություն կա, որ նրան չեն ուզում լսել ու գնահատել ինչպես կենդանի մարդուն չեն լսում ու չեն գնահատում: Մեկ Մարիամից ու մի քանի հովսեփարիմաթեցիներից բացի` բոլորից լքված գերեզման, և երբեք` ուսուցչուհու ղեկավարությամբ դպրոցականների այցելություններ, երբեք` իրենց գրչի վարպետ համարողների նախաձեռնությամբ մեծարում, երբեք` միտք անգամ, որ կարելի է թարգմանել տարբեր լեզուներով ու ներկայանալ աշխարհին:
Այս առումով էլ Կամսարը միացավ բազմաթիվ այն մեր մեծերին, որ ճգնավորի կյանքով ապրելով, մահանալով ու հանդերձյալ կյանքում շարունակելով ճգնավոր մնալ, մատնված են լռության: Բերանն ու լեզուն ըստ պատկանելիության օգտագործած մարդկանց բանակը համալրեց Կամսարը, որոնց շուրթերին դուռ ու նիգ դրեցին մի խումբ հանցավոր խավարամիտներ` կենդանության օրոք, իսկ հիմա էլ` նրանց անմահ գործն են շարունակում նրանց սերունդները, որոնք վախենում են հայրերի գործերից ամաչելուց, իրենց էությունը սրբագրելու հնարավորությունից, խոստովանությունը դիտում իբրև «խայտառակ լինելու» ամենաուղիղ ճամփա: Չէ որ Կամսարի կենդանության օրոք նրան տպագրելը կնշանակեր ընդունել իրենց տկարամտությունը, անտառաճանաչությունը, ստորությունը, նույն չափով ու կերպով, որքան նրան այսօր տպագրելը, իրականությունը բացահայտելը կնշանակեր Կամսարի և հարյուր հազարավոր անմեղ զոհերի արյան ու կործանված կյանքի մեղքը ստանձնելը: Այստեղ են բյուրեղացած մակերես ելնում այս կամ դահճի արձանը տնկելու կողմնակիցների իսկական դրդապատճառները: Նրանք ունակ չեն հասկանալ, որ եթե սրբազան խաչքարը, գիրքը ու վանքը չփրկեցին միլիոնավոր անմեղներին, ապա անեծքով դրված արձանը կդիմանա այնքան միայն, որքան անհրաժեշտ կլինի այն տապալելու և ճշմարտությունը ի հայտ բերելու համար: Կա´, հաստա´տ կա չարի ու բարու հավասարակշռություն և իրավահավասարություն, և կա մարդուն և նրա նկրտումներից շա՜տ հզոր ժամանակ, որ ստիպում է վերականգնել այդ հավասարակշռությունը:
Совесть, благородство и достоинство –
Вот оно, святое наше воинство.
Протяни ему свою ладонь,
За него не страшно и в огонь.
Лик его высок и удивителен.
Посвяти ему свой краткий век.
Может, и не станешь победителем,
Но зато умрешь как человек. (Б. Окуджава)
Կամսարը թողել է հսկայական ժառանգություն: Ապշել կարելի է. ինքը բանտարկվեց ու աքսորվեց, տասնութ տարի նրա մահը սպասեցին դահճապետության սպասավոր հայրենակիցները, գրչեղբայրները խաղաղվեցին նրա անվերադարձ գնալու մտքից, նրա վերադարձից սարսափած հրատարակիչները մերժեցին տող անգամ հրատարակել, իրենց ճիշտ անունը իրենց վրա դրած` գրողների միություն կոչվածների պատասխանատուները մերժեցին թոշակ տրամադրել: Դե ինչպե՞ս կարելի էր հանդուրժել, որ հասարակության մեջ մի կործանարար մտայնություն ստեղծվեր, որ կարելի է առանց ծախվելու, առանց ծախելու, առանց քծնելու, սեփական տաղանդով ու քրտինքով, սիրով, ճշմարտությամբ ու ազատ մնալով սեփական վաստակը ու կենցաղը ապահովել: Կարո՞ղ է կասկած լինել, որ եթե հրատարակեին Կամսարին, ապա ձեր «գրքերը» մնալու էին ստիպողական, պարտադրական բաժանման անպետք ապրանք, որովհետև մարդիկ միշտ կարիք ունեն լույսի, ճշմարտության, ազնվության, հոգևոր ուժի աղբյուրի, և պատրաստ են վճարել դրա համար, բայց երբեք` ստի, կեղծիքի, պատվերով սիրո և փղոսկրեա գահավորակների վրա նիրհող «մարգարեների»: Իսկ սա արդեն վարդապետության հատկանիշ է:
Ե՞րբ նա այսքան գրեց, որ նրա թոռը` Վանուհին, անպատմելի դժվարություններ հաղթահարելով` տպագրեց մի շարք գոհարներ, բայց դեռ նույնիսկ ավելին կա անելու: Մեծն Հայի արժանի զավակ, հայ գրականության, հոգևոր կրթության ու մշակույթի Մեծն նվիրյալ Վանուհի. Աստված քեզ ուժ ու զորություն տա այս մեծ գործը քո ուզած հանգրվանին հասցնելու համար: Ինչպես պապդ էր անաղմուկ գլուխգործոցներ ստեղծում, ինչպես հայ կանայք էին Ավետարանը մարմնի վրա թաքցրած ու զարդեղենը մոռացած, բերում հասցնում Մատենադարան, այնպես էլ Դու ես հիմա Լեռ Կամսարի գործերը երկար ճանապարհով հասցնում հայրենակիցներիդ հոգադարան ու խղճադարան: Հովտ անգամ պակաս չէ քո արածը քո Մեծն պապու արածից, քանզի դու ես, որ մարդկանց ես հասցնում այդ հարստությունը: Շնորհակալություն քեզ, չարչարանքիդ ապաշխարանք և անսայթաք ճանապարհ քեզ:
Այն ճամպրուկը, որ ընկերակցեց Կամսարին` իրեն մերժած, աքսորած ու մահվան դատապարտած հայրենիքի փոսաշատ ճամփեքին, այժմ անգին գանձերով ու հարստությամբ է հղի: Սրա մեջ նրանք ննջում էին այնքան, մինչև եկավ երկունքը` հասունացավ սիրող, երախտապարտ, գիտելիքն ու խիղճը շռայլորեն բաշխել պատրաստ հայուհու վճռականությունը: Եվ հիմա, Աստված առաջ, այս բանտից էլ ազատ է արձակվելու և իր ժողովրդի սրտերում ու մտքերում տեղ է գտնելու նրա մեջ պարփակված իմաստությունը:
![]() |
![]() |
Մկների կրծած ձեռագրեր, բայց պահպանված, որ հանձնվեն սիրող, գնահատող, Բասարի սահմռկեցուցիչ ցրտից ջերմացնող ձեռքերին: Սիրող սրտից ղեկավարվող այս ձեռքերն են, հայ կնոջ ձեռքերը, որ պիտի կյանք տան հանճարեղ հայ տղամարդու խելքով ու ձեռքերով ստեղծածին: Դեռ քանի անգամ պետք է այսպիսի զգույշ, երկյուղած շարժումներով մաքրվեն թե´ ճամպրուկը, և թե´ ձեռագրերը:
Առաջին մղմամբ մտաբերում ես աստվածաշնչյան «երկիր ապականող մուկ» արտահայտությունը և դրա ետևում պատսպարված հասկացությունները: Սակայն մեկ այլ ենթադրություն նույնպես գոյության իրավունք ունի. մի՞թե մարդիկ մկան չափ էլ խելք չեն ունեցել, որ գոնե կարդալուց հետո որոշեն կարդացածի ճակատագիրը` մկներին հանձնելը: Ամեն ինչ ասում է այն մասին, որ վախվորած, ազատազրկված, կեղծավորությունը առաքինություն համարողները պատրաստ են փնովել ու կրծողին հանձնել որևէ բան, որից գլուխ հանելու ունակություն չունեն:
Այսպես է լինում, երբ «շունը` գավազան առած հովիվ է դառձած, հովիվը գավազանը ձգած` շուն է դարձաց»:
Մեկ ուրիշ Մեծ` Գուրգեն Մահարին այսպես է գրել Շ. Շահնուրին 1965 թվականին. «Մահացաւ երգիծաբան Լեռ Կամսարը, իմ մեծ հայրենակիցը եւ ուսուցիչը` դեռ Վանում: Մեծ ցաւ եղաւ ինձ համար իր մահը»[1]: Նույն օրերին նա գրել է նաև Ա. Հայկազին. «Հողին յանձնեցինք մեծն Լեռն Կամսարին, ամենախոնարհ մեծութիւնը մեր գրական աշխարհի: Չի կարելի ասել, թէ մահն «անժամանակ» էր, «վաղաժամ». մարդը 77 տարի ապրեց, բայց... նորէն չես կարող չընդվզել բնութեան օրէնքներու դէմ... ինչո՞ւ պիտի մեռներ այս պատմական ու պատուական երիտասարդ ծերունին, գուցէ իր մահով զգացնել տալու համար իր կորստի մեծութի՞ւնը...»[2]: Սա այն Մահարին էր, որի երազանքը` Կամսարի հետ համահեղինակությամբ «կոմեդիա մը գրել», այդպես էլ անկատար մնաց: Շահրիկեանի հետ խոսելով` Մահարին շարունակում է. «Եթէ յաջողուի, ատիկա ինծի համար մեծ պատիւ է, որովհետեւ Լեռ Կամսարը շատ մեծ գրիչ է եւ մէկն է մեր երգիծաբանութեան եռեակէն` Պարոնեան-Օտեան-Լեռ Կամսար... Երեքն էլ դժբախտ եւ մեծաքանքա՜ր: Մնացեալը մանրուք են...»[3]:
Ավելի մեծ հարգանքով ու նույնիսկ փաղաքշանքով են վերաբերում Կամսարից մնացած միակ հիշատակին, ըստ որում` նրա ձեռքով տնկած թթենին պահպանվում է տեսախցիկով, որը տեղադրվել է բացառապես անձեռնմխելի պահելու համար այս ծառը: Իսկ երբ մեկը փորձում է նկարահանել, կարծես գետնի տակից, հայտնվում են համատիրության ներկայացուցիչներ և հոգատար հարցնում, թե ինչն ենք նկարում, արդյոք ավտոտնակները, որ փոխարինել են Կամսարի տունը, թե թթենին: Ու հանգստանում են, երբ հայտնի է դառնում, որ թթենուն վտանգ չի սպառնում: Ինչպես Վանում էին ասում. «խոտը իր բերանն է, զիս էշ կը համարի»:
Այնպես որ, կարելի է հանգիստ լինել, որ ի լրումն մի նեղլիկ ոլորապտույտ փողոցի, որ կրում է Կամսարի անունը, Երևանում կա ևս մի հուշարձան` թթենու կեսը: Հարկավ թե միակն է, որ կենդանի է, շնչում է, հով է անում ու պտուղ է տալիս: Ավելին, միակն է, որը կանգնեցնելու նեղությունը նույնիսկ Մեծը չպատճառեց մեր իշխանություններին, այլ ինչպես որ ինքը միայնակ պահեց իրեն` ոչ մի բան չստանալով ու չընդունելով իշխանություններից, այնպես էլ մահվանից հետո մնում է ժողովրդի մեջ` իր գրքերով ու իր տնկած ծառով, որը խորհրդանշում է իր կյանքից ու արարչությունից զեփյուռող ազատության, անկախության, անհատականության հովը, կյանքը և պտուղը, որ սփռվում է նրա գործերը գնահատող, նրանցից սնվող, նրանից ազատ լինել սովորող հայորդիների սրտերում:
[1] Շ. Շահնուրին, 6 դեկտեմբեր 1965թ.
[2] Ա. Հայկազին, 29 նոյեմբեր, 1965թ.
[3] Շ. Շահրիկեանին, 10 յունիս, 1962թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել