HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գանձաքարը բարենպաստ է արքայախնձոր աճեցնելու համար, եթե լավ մշակող լինի

Տավուշի մարզի Գանձաքար գյուղը մարզկենտրոն Իջեւանից հեռու է մի քանի կիլոմետր, այն կարծես Իջեւանի հեռավոր թաղամասը լինի: Գանձաքար տանող տաքսու վարորդը ճանապարհին պատմում է, որ այստեղի բնակիչները երեք հիմնական զբաղմունք ունեն՝ անասնապահություն, փայտի վաճառք կամ՝ մեկնում են արտագնա աշխատանքի: Գյուղում կա շուրջ 2300 խոշոր եղջերավոր անասուն: Ընդ որում, վերջին տարիներին նվազել է անասնապահների թիվը, սակայն դրան զուգահեռ ավելացել է անասունների գլխաքանակը: Գանձաքարցիները գոհ չեն անասնապահությունից, ասում են, որ վերավաճառողներն ավելի շատ եկամուտ են ստանում, քանի իրենք, որ այդքան աշխատանք են կատարում անասուն պահելու համար:

Չնայած գյուղը շրջապատված է անտառներով, սակայն փայտի վաճառքով զբաղվողների թիվն էլ նվազել է, որովհետեւ ինչպես իրենք են ասում` «շատ են փող ուզում»: Գյուղից տարեկան միջինը 500 հոգի մեկնում է արտագնա աշխատանքի, ոմանք մեկնում են մշտական բնակության նպատակով:

Գյուղատնտեսությունը գանձաքարցիների առօրյայի մաս չի կազմում, որի պատճառը ջրովի վարելահողերի բացակայությունն է: Գյուղը ոռոգման ցանց չունի, գյուղացիները մշակում են միայն տնամերձ հողատարածքները, որովհետեւ խմելաջրով կարողանում են ոռոգել այն: Երեք տարի առաջ նախագծվել, բայց դեռեւս ավարտին չի հասցվել խմելու ջրի խողովակաշար անցկացնելու ծրագիրը: Սարերից մինչեւ գյուղ 16 մետրանոց խողովակաշար պետք է անցկացնել, որի համար Գանձաքարի համայնքապետ Շահեն Շահինյանի խոսքով` նախնական հաշվարկներով, մոտ 180 մլն դրամ է անհրաժեշտ:

Գանձաքարում գերակշռում են 3-րդ կարգի վարելահողերը, որոնց կադաստրային արժեքը գնահատվում է 945 հազար դրամ 1 հա-ի համար: Համայնքապետն ասում է, որ իրեն պարբերաբար դիմում են հող ձեռք բերելու համար, սակայն առաջարկվող հողերը բնակիչները չեն հավանում: Վերջիններս ցանկանում են հողատարածք ձեռք բերել գյուղամիջում, սակայն այդպիսի հողեր համայնքը չունի: Չնայած հող ձեռք բերելու ցանկություն հայտնողները շատ են, բայց աճուրդներ այստեղ հաճախ չեն անցկացնում: Համայնքապետը բացատրում է, որ աճուրդի մասնակցության գործընթացից խուսափելու համար գյուղացիները հաճախ նախընտրում են հողը ձեռք բերել գյուղացիներից:  

Հունիսի 18-ին Գանձաքարում տեղի ունեցավ այս տարվա առաջին աճուրդը: 10,673 քմ հողատարածքի համար հայտ էր ներկայացրել երեք հոգի: Համայնքապետը, ով ներկա էր աճուրդին, հայտարարեց, որ ինքը գտնվում է արձակուրդում, այդ պատճառով էլ աճուրդն անց է կացնելու իր օգնականը՝ Վրեժ Մելիքսեթյանը: Վերջինս մասնակիցներին ներկայացրեց աճուրդի ներկայացրած հողատարածքը, անցկացման կարգը եւ քայլի չափը: 146,220 դրամ մեկնարկային գին ունեցող հողատարածքը 5 քայլի արդյունքում վաճառվեց 181,000 դրամով: Պարտվողներն ասացին, թե դրանից ավելին չարժե տալ այդ հողատարածքին, որովհետեւ հարմար դիրք չունի, իրենք ներդրումները կանեն ավելի բարենպաստ հողատարածքների վրա: Հաղթողն էլ հակադարձում է, թե պարզապես լավ մշակող է պետք: Աճուրդի հանված հողատարածքը գտնվում է Իջեւանից Դիլիջան տանող ճանապարհին, որտեղ աճուրդում հաղթած մասնակիցը ցանկանում է աքայախնձոր աճեցնել: Աճուրդի մասնակիցներն ու համայնքապետարանի աշխատակիցները հավաստիացնում էին, որ Գանձաքարում ամենաեկամտաբերը արքայախնձորի (կառալյոկ) գործն է՝ «էսօր էստեղ մենակ պետք ա կառալյոկ աճեցնես»: Հետաքրքիր է, որ վաճառվող հողատարածքները աքայախնձորի համար անվերապահորեն եկամտաբեր համարողները չպայքարեցին այն ձեռք բերելու համար:

Քանի որ Իջեւանը մոտ է Գանձաքարին, ապրանքն իրացնելը տեղացիների համար ավելի դյուրին է: Փոխադրելու դժվարություն էլ չունեն՝ տաքսիներից բացի, երկու համայնքների միջեւ աշխատում է նաեւ երթուղային տաքսին: «Ոռոգման ջուր, եթե լինի, մեր ժողովուրդը սաղն էլ աշխատող են, կանեն, կստեղծեն», - ասում են աճուրդի մասնակիցները:

Գյուղի կենտորոնական ճանապարհը բարեկարգ է, սակայն մյուս թաղամասերի ճանապարհները մշտապես բարեկարգման կարիք ունեն: Այդ ճանապարհների մեծ մասը գտնվում է թեքության վրա: Անձրեւի եւ եղանակային վատ պայմանների ժամանակ ճանապարհների բարձրությունից քարեր եւ հողաշերտեր են թափվում: Փողոցային լուսավորությամբ ապահովված է հիմնականում գյուղի կենտրոնական հատվածը: Համայնքապետը նշում է, որ համայնքային բյուջեն շուրջ 70 մլն է, որի ֆոնդային մասը կազմում է 5-10%-ը: Ֆոնդային բյուջեն նախատեսված է այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման ժամանակ համաֆինանսավորում ապահովելու համար: Տարիներ առաջ համայնքապետարանից համաֆինանսավորում պահանջող ծրագրով են ապահովել գյուղի փողոցային լուսավորության մի մասը, ծրագրի ավարտվելուն պես գյուղում լուսավորության ցանց անցկացնելը շարունակություն չունեցավ:  

Համայնքին վերջերս է սեփականության իրավունքով փոխանցվել գյուղում գտնվող Կինոյի շենքը: Շ. Շահինյանը նշում է, որ նախկինում շենքը պատկանում էր մշակույթի նախարարությանը, եւ Կառավարության որոշումով այն հանձնվել է համայնքի տնօրինությանը: Շենքը դեռեւս հնարավոր չէ օգտագործել, քանի որ կապիտալ վերանորոգման կարիք ունի: Նախնական հաշվարկներով անհրաժեշտ է շուրջ 100 մլն դրամ, որը համայնաքապետարանը չունի եւ ցանկանում են հարցը լուծել հովանավորի աջակցությամբ: Մշակութային միջոցառումները անց են կացվում գյուղի մշակույթի տանը:

Համայնքապետը նշում է, որ առաջիկայում ցանկանում են մոտ 5 տուն բարեկարգել եւ դրանք վերածել հյուրատների՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար, բայց հարցն այն է, թե «ինչպես այդ զբոսաշրջիկին բերել գյուղ»: Նա կարծում է, որ Գանձաքարը կարող է գրավիչ լինել օտարերկրացիների համար: Այստեղ գտնվում են հնագույն մատուռներ եւ խաչքարեր, վաղ միջնադարյան «Թանիկ» ամրոցը, 12-րդ դարի «Բուդուրի եղցի» եկեղեցին, 13-րդ դարի Սուրբ կիրակի մատուռը եւ պատմական այլ կոթողներ:

Մեկնաբանություններ (1)

Ռազմիկ
Արքայախնձոր = pineapple. Կառալյոկ = persimmon. Այս պտուղը հայերենում կամ արքայանարինջ կամ ժորենի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter