HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հայաստանի տնտեսությունը կախված է նավթի գներից, մենք նավթային երկիր ենք»

«Երբ փորձում ես հասկանալ, թե արտահանմանը միտված քաղաքականությունը ինչ է նշանակում, արդյո՞ք ՀՀ-ում վարվող տնտեսական քաղաքականությունը դրան նպաստում է, կարող ենք միանշանակ պատասխանել` ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա` ՀՀ-ում չի լուծվում տնտեսության քաղաքականության առաջնային և հիմնական խնդիրը` հավասար մրցակցության հարցը: Իսկ ցանկացած միջազգային կազմակերպության հաշվետվության մեջ կան մի քանի հիմնական դիտողություններ` կոռուպցիայի բարձր մակարդակ, ստվերային տնտեսություն, հավասար մրցակցության բացակայություն, մաքսային մարմինների բացասական գործունեություն, օլիգարխիկ և մենաշնորհային տնտեսություն:

Տնտեսագետը նշեց, որ հոկտեմբերի 6-ին «Ֆորբս»-ը ներկայացրել է մեկ այլ վիճակագրություն, ըստ որի` ՀՀ-ն հաջողություններ ունի բիզնեսի գրանցման գործում:

«Կառավարությունը լավ կողմերը ներկայացնում է, վատը թողնում է մեզ: Մենք էլ սիրում ենք վատը գտնել, լավի կողքին փորձում ենք հասկանալ` ինչ վատ բան կա»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Նա հավելեց, որ ներկայացված 134 երկրներից ՀՀ-ն կոռուպցիայի մակարդակով` 103-րդ, հարկային բեռի մակարդակով` 117-րդ, ինովացիաների` 106-րդ, առևտրի ազատության մակարդակով` 41-րդ տեղում է, այն դեպքում, երբ վերջին ցուցանիշով Վրաստանը` 5-րդ տեղում է: Ըստ տնտեսագետի` այս բոլոր խնդիրները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը:

Վ . Խաչատրյանը նշեց, որ եթե 2012 թ.-ի բյուջեով նախատեսվում է 101 մլրդ եկամուտների ավելացում, ապա հարց է առաջանում, թե ինչի հաշվին դա պետք է արվի: Ըստ նրա` պետք է քաղաքական որոշում` օլիգարխիկ բիզնեսը վերացնելու համար: Եթե դա չկա, ապա ամբողջ բեռն ընկնում է փոքր և միջին բիզնեսի վրա, որին հերթական անգամ ճնշման են ենթարկելու:

Տնտեսագետը գտնում է, որ անհանագստացնող է նաև ՀՀ-ի արտաքին պարտքը: Նրա խոսքերով` եթե ԱՄՆ-ի 100 % պարտքը կամ Ֆրանսիայի 120 % պարտքը կարող է նրանց համար լինել ոչինչ, ապա ՀՀ-ի նույնիսկ 40 % պարտքը խիստ անհանգստացնող է:

Վ. Խաչատրայանի կարծիքով` ՀՀ կառավարությունը պետք է գնահատի իր տնտեսական պոտենցիալը, իսկ առկա տնտեսական քաղաքականության մեջ չկան դրական միտումներ: Նա 2012 թ.-ի բյուջեն որակեց որպես «վտանգավոր բյուջե», որը «ամբիցիա չի պարունակում, ցանկություն էլ չկա ցույց տալ, որ մենք ուզում ենք ինչ-որ բան անել»: Բյուջեն կազմվում է պարզապես ներկայացնելու համար:

Տնտեսագետը հավելեց, որ չնայած Հայաստանը համաշխարային տնտեսության մեջ չունի լուրջ դերակատարում, սակայն կախված է դրա միտումներից: Նա բերեց նավթի օրինակը` նշելով, որ եթե աշխարհում մեծանում են նավթի գները, ապա Հայաստանում մեծանում է տրանսֆերտների չափաքանակը: Նավթի գնի բարձրացման շնորհիվ Ռուսաստանի տնտեսությունը լավանում է, իսկ տրանսֆերտների 80 %-ը գալիս է Ռուսասատանից. «Ստացվում է Հայաստանի տնտեսությունը կախված է նավթի գներից, մենք նավթային երկիր ենք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter