Մեծ Բրիտանիայում արգելվեց նկարահանել «կարմիր գծերը», քանի որ դա «կթում է մարդկանց»
Արդեն մի տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել, այսպես կոչված, «կարմիր գծերը»: Նախորդ տարի մի շարք հրապարակումներում խոսել ենք վճարովի կայանատեղիների համակարգում առկա ռեկորդային ապօրինությունների և անտրամաբանականության մասին, ինչպես նաև տուգանքը չվճարելու հնարավորությունների մասին:
Բոլոր պնդումներին ի պատասխան, միշտ ասվում էր, որ վճարովի ավտոկայանատեղիներն ու տեսախցիկներով դրանց վերահսկողությունն ամբողջ աշխարհում է ներդրվում: Ու եթե աչք փակենք ապօրինությունների ու մուտքերի 70 տոկոսը ինչ-որ ՍՊԸ-ին տալու վրա, ապա այդ ամենը ճիշտ է ու տրամաբանական:
Սակայն օրերս Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունեց հակառակ որոշում, որի մասին արժե իմանան նաեւ մեր քաղաքացիները եւ իշխանությունները:
Վարորդը «կթու կով» չի
Մեծ Բրիտանիայում վճարովի ավտոկայանատեղիների գործող մոդելը բավականին նման էր հայկականին: Իհարկե, այնտեղ որևէ լումա չէր գնում ՍՊԸ-ների և համակարգի ներդրման գործընթացում չկային ապօրինություններ, սակայն տուրքը չվճարած մեքենաներին հայտնաբերում էին տեսախցիկներով զինված շրջիկ մեքենաներով և ֆիքսված տեսախցիկներով (ճիշտ նույն մեթոդը գործում է Երևանում):
Միացյալ Թագավորությունում մեքենայի կայանման տուրքը չվճարելու համար սահմանված է շուրջ 40 ֆունտ-ստերլինգի տուգանք, ինչը կազմում է միջին ամսական աշխատավարձի շուրջ 1,2 տոկոսը և այդ ցուցանիշը 3 անգամ պակաս է Հայաստանում սահմանված տուգանքից (5 հազար դրամը միջին ամսական աշխատավարձի 4 տոկոսն է): Սակայն անգամ այդ պարագայում Բրիտանիայի կառավարությունը օրեր առաջ պաշտոնապես այդ համակարգը որակեց որպես «քաղաքացիներին կթու կովի վերածող» և արգելեց բոլոր տեսակի տեսախցիկների կիրառումը չվճարողներին հայտնաբերելու համար:
Այսպիսով, այսուհետ Մեծ Բրիտանիայում տեսախցիկները կօգտագործվեն միայն օրենքի խախտումով կայանված վարորդներին և ոչ թե կայանման տուրքը չվճարողներին հայտնաբերելու համար:
Անձնական գաղտնիություն
Ինչպես գիտեք, Երևան քաղաքի կենտրոնի (և ոչ միայն) համարյա բոլոր փողոցներում տեղադրված են «Փարքինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ի տեսախցիկները: Այսպիսով, մասնավոր մի ընկերություն կարողանում է վերահսկել բոլորիս տեղաշարժը Երևանի կենտրոնական փողոցներով:
Ու թեև «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի համաձայն մեր մասին հավաքագրված տեղեկությունները չեն կարող հրապարակվել կամ փոխանցվել այլ անձանց, «Փարքինգ Սիթի Սերվիսը» խախտում է օրենքը:
Մենք առաջիկայում կանդրադառնանք, թե ով ու որքան տեղեկություններ կարող է հավաքագրել մեր մասին, և ինչպես կարող են դրանք օգտագործվել մեր դեմ:
Մեծ Բրիտանիան փողոցներում տեղակայված տեսախցիկներով աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Մինեչւ արգելելը այնտեղ բացի ոստիկանությունից, շուրջ 50 հազար տեսախցիկներ ունեին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Ու թեև տեղական ինքնակառավարման մարմինը սովորաբար ավելի վստահելի է, քան ինչ-որ ՍՊԸ, միևնույնն է, Բրիտանիայի կառավարության այս որոշման հիմքում նաև այն հիմնավորումն էր, որ քաղաքապետարանները չպիտի կարողանան տեղեկություններ հավաքագրել քաղաքացիների մասին:
Այսինքն, քանի դեռ Հայաստանի իշխանությունները մասնավոր մի ընեկրության թույլատրում են հազարավոր տեսախցիկներ տեղադրել Երևանի փողոցներում ու մարդկանց մասին տեղեկություններ հավաքագրել, Մեծ Բրիտանիայում անգամ քաղաքապետարաններին են զրկում այդ իրավունքից` մարդկանց անձնական տեղեկությունների գաղտնիության ապահովման համար:
Իսկ Հայաստանում
Ամիսներ առաջ` ապրիլի 11-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվեց հանձնաժողով, որը, բացի տուգանքների չափերից, պետք է ուսումնասիրեր նաև իրավախախտում ծնող հանգամանքներն ու «կարմիր գծերը»: Հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքները, սակայն այն չարեց որևէ առաջարկ ավտոկայանատեղիների տեղական տուրքի չափի, տուգանքի ու գանձման և վերահսկման մեթոդների վերեբերյալ: Ենթադրաբար, նրանք համարեցին, որ ապօրինություններով լի այս գործընթացում ամեն ինչ նորմալ է և փոփոխելու կարիք չկա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել