HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Տաթևիկ Հովհաննիսյան. «Ես չեմ գնացել որ աստղ դառնամ, ես գնացել եմ, որ ավելին սովորեմ»

Ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը խոստովանում է, որ բավականին ոգևորված է, քանի որ այս համերգային շրջագայության ընթացքում նա առաջին անգամ ելույթ է ունենալու նաև Ստեփանակերտում: Վերջին անգամ ամերիկաբնակ ջազ երգչուհին Հայաստանում համերգ է ունեցել 2008-ին: Այս անգամ երգչուհու համերգային երգացանկում ներառված են երգեր երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և պորտուգալերեն, որոնցից մի քանիսը Տաթևիկը Հովհաննիսյանը կատարելու է առաջին անգամ:

«Ուժ ունի մեր երաժշտությունը»

Ջազ երգչուհին հայտնի է հատկապես հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումների կատարմամբ: Բայց և խոստովանում է, որ երբ նոր էր տեղափոխվել ԱՄՆ, իր երգացանկը հարուստ չէր հայկական երգերով: Ծնված լինելով երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում` նա մշտապես շրջապատված է եղել հայկական ժողովրդական երաժշտությամբ, իսկ հետագայում ընտրել է ջազ երաժշտությունը: Հենց ԱՄՆ-ում է ծնվում գաղափարը՝ միավորել հայկական ժողովրդական երգի ու ամերիկյան ջազի երկու աշխարհները:

«Այդ երաժշտությունը (հայկական ժողովրդական) քայլել է ինձ հետ տարիներ շարունակ և բույն է դրել իմ սրտում,- ասում է երգչուհին:- Երբ երկիրդ թողնում ես, կարոտը մեծանում է, ամեն ինչ քաղցրանում է»:

Արդեն ԱՄՆ-ում Տաթևիկի ներկայացրած էթնիկ հայկական ջազը մեծ արձագանք է գտնում ոչ միայն հայերի, այլև արտասահմանցիների շրջանում: Այսօր էլ երգչուհին այնտեղ էթնիկ հայկական ջազ է դասավանդում օտարազգիներին, ովքեր հետաքրքված են հայ երգչուհու արվեստով: Երգչուհու մոտ գալիս են մարդիկ, ովքեր ցանկանում են նրանից սովորել ջազ երաժշտության տարրերն ու նրբությունները, հասկանալ էթնիկ ջազը, սովորել՝ ինչպես իմպրովիզներ անել էթնիկ ջազ երգելիս:

«Տարածվել է, սիրում են: Ուրեմն ուժ ունի մեր երաժշտությունը»,- ասում է երգչուհին:

«Ես ինձ մեղավոր չեմ զգում, որ գնացի»

«Դուք կլինեի՞ք այն Տաթևիկ Հովհաննիսյանը որը հիմա կա՝ մենք լեգենդար ենք Ձեզ կոչում, եթե դուք ստեղծագործեիք և ապրեիք Հայաստանում»,- հարցնում է լրագրողներից մեկը: 

«Շատ ներողություն, ես այստեղից լեգենդար եմ գնացել,- ծիծաղելով պատասխանում է երգչուհին:- Մեծամտություն թող չհնչի: «First lady of Soviet Jazz». այստեղից ես այդպես եմ գնացել: 9 տարի շարունակ պահպանելով այդ տիտղոսը՝ գնացել եմ զրոյից եմ սկսել: Այնտեղ ո՞ւմ էր դա հետաքրքրում: Կամաց-կամաց նորից շարել եմ քարերը: Այնպես չէ, որ այնտեղ լեգենդար դարձա: Այդ ամենին հասած եմ այստեղից գնացել: Բայց այդ գնալը ես գնահատում եմ: Ես չեմ գնացել որ աստղ դառնամ, ես գնացել եմ, որ ավելին սովորեմ: Իմ երաժշտությունը ջազային է: Իսկ ջազային երաժշտության համար ես հիմա գտնվում եմ լավագույն տեղում: Աճը ինձ համար շատ մեծ կարևորություն ունի: Հիմա թե այդ աճը կկատարվե՞ր այստեղ, դա այլ հարց է: Ես ինձ մեղավոր չեմ զգում, որ գնացի: Եթե գնացի, ուրեմն պետք էր, որ գնայի»:

1980-ական թթ. վերջին ջազ երգչուհին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ և ապրում է մինչ օրս: Սկզբում գնացել էր ԱՄՆ` շրջագայելու, այնուհետև հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նա մշտական բնակություն է հաստատել: Այնտեղ նա ամուսնացել է, և արդեն 20 տարվա ամուսիններ են: Երգչուհին հորդորում է չհավատալ այն խոսակցություններին, ըստ որոնց` արտերկիր մեկնողներն «այնտեղ թագավորում են»: Կտրվել արմատներից, հաստատվել օտար երկրում, մի կողմ թողնել նախկին ձեռքբերումները և ամեն ինչ սկսել նորից` երգչուհու համար հեշտ չի եղել:

«Ինձ տուր բեմը, ինձ տուր երաժշտությունը, դրանով ես լիցքավորեմ ինձ և բոլորին: Բայց գործս առաջ տանել դժվարանում եմ: Ճանապարհը կամաց-կամաց հարթվեց,- ասում է երգչուհին:- Երաժիշտ չկա, որ փշերի վրայով չքայլի: Մենք բոլորս աշխատում ենք քրտնաջան և պետք է աշխատենք»:

«Բայց Երևանը Երևանն է»

Հիմա ջազ երգչուհին կրկին Երևանում է. քաղաքում, որի հետ կապված է իր կյանքի մի մասը, անցած ուղու պատմությունը՝ լի չկրկնվող հիշողություններով: Վայրեր կան, որ փոխվել են, որտեղ գուցե երգչուհին չկողմնորոշվի: Ըստ Տաթեւիկի` քաղաքում կան թե́ դրական, թե́ բացասական տեղաշարժեր, «բայց Երևանը Երևանն է»: Երգչուհին ժպիտով հիշում է, որ երբ այսօր վաղ առավոտ արթնացավ, այն օդը, այն հանգստությունը, որ կա այստեղ, չի կարող գտնել ոչ մի տեղ:   

«Բաներ կան, որ դժվար է բացատրել, բայց դրանք քոնն են»,- ասում է նա:

Միաժամանակ, երգչուհուն դուր չի գալիս, որ քաղաքում կան մի շարք վայրեր, որոնց անվանումները գրված են կամ անգլերեն կամ հայերենը ավելի փոքր տառերով: Նա համոզված է, որ Երևանը չպետք է դառնա հերթական եվրոպական քաղաքը:

«Պետք չէ այդքան եվրոպականանալ: Շատ կուզենայի, որ այն, ինչը մեզ առանձնացրել, յուրահատուկ է պահել՝ մեր մշակույթը, մեր ճարտարապետությունը, մեր ավանդույթները, դրանք պահպանվեն»,- ասում է երգչուհին:

Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում երգչուհին ցանկանում է ձեռք բերել հին հայկական մշակույթը ներկայացնող նյութեր, որպեսզի իր հետ տանի Նահանգներ և օգտագործի աշակերտների հետ դասավանդման ընթացքում:

Տաթևիկ Հովհաննիսյանի համերգները Հայաստանում կայանալու են հունիսի 28-ին Yans music hall-ում, հունիսի 30-ին` Գյումրիում, հուլիսի 2-ին` Ստեփանակերտում և հուլիսի 4-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

Մեկնաբանություններ (1)

Ray DIONISIO
I recently heard your music on channel 20 in New York, I do love jazz, I loved the Armenian way it's done. God bless be well to all, Ray.Dion

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter