HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդ, ով նկարազարդում է Երևանի բակերը

Այս անգամ իմ հերոսը դատաիրավական ոլորտին առնչվող որևէ խնդիր, փառք Աստծո, չունի: Իմ հոդվածի հերոսը երևանցի, Աջափնյակի բակերից մեկում ապրող 31-ամյա նկարիչ Դավիթ Գաբրիելյանն է (նկարիչ-քանդակագործ Սերգեյ Ստեփանյանի թոռը), ում ճանաչում եմ մանկուց: Դավիթը վաղ մանկուց շատ թույլ լսողություն ունի. լսողությունը զարգացնել բժիշկներին այդպես էլ չի հաջողվել: Երեխան ճանաչվել է երկրորդ կարգի հաշմանդամ:

Հաղթահարելով հաղորդակցման բարդությունները՝ ծնողները Դավթին տանում են հանրակրթական դպրոց դեռ այն տարիներին, երբ ներառական կրթություն Հայաստանում չկար, որպեսզի նա իր հասակակիցների հետ շփման պակաս չունենա: Մանուկ հասակից Դավիթը սկսել է նկարել, հաճախել նկարչական խմբակներ, ապա սովորել Բաց համալսարանի կերպարվեստի բաժնում: Մասնագիտությամբ գեղանկարիչ-խեցեգործ է: Մասնակցել է տարբեր խմբակային ցուցահանդեսների, իսկ 2006-ին արժանացել ՀՀ նախագահի մրցանակին:

Դավիթն ապրում է 65-ամյա մոր հետ, ով նրա բոլոր նախաձեռնություններին կյանք տվողն է, նրա թարգմանիչը մարդկանց հետ հարաբերվելիս. «Ես որպես մայր ուզում եմ անընդհատ  Դավթին օգնել, որ կյանքում կայանա, բայց արդեն դժվարանում եմ: Նա արդեն 31 տարեկան է, դեռ սեփական ընտանիք չունի: Ո՞նց է հնարավոր հաշմանդամի 16.000 դրամանոց թոշակով գոյատևել: Էլ չեմ խոսում ամուսնանալու, երեխաներ մեծացնելու մասին: Ստիպված նամակներ էի գրում տարբեր հիմնարկներ՝ Viva-Cell-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանին, «Գրանդ Քենդիի» ղեկավարությանը, Երևանի քաղաքապետին: 2 տարի առաջ էր` իմ նամակը քաղաքապետարանից ուղարկվել էր Աջափնյակի թաղապետարան: Մի օր էլ այնտեղից զանգահարեցին ու կանչեցին մեզ: Դավիթին տվեցին աշխատանք, քաղաքապետարանի ծրագրով նա պիտի նկարազարդեր Աջափնյակի բակերը»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն:

Վերջին երկու տարիներին Դավթին կարելի է հանդիպել երևանյան բակերում ավտոտնակներ, պատեր նկարազարդելիս: 2 տարվա ընթացքում մոտ 24 տարածք է նա նկարազարդել: Պատվերներն ու անհրաժեշտ պարագաները (վրձիններ, ներկեր և այլն) ստանում է Աջափնյակի թաղապետարանից:

Դավթի աշխատանքներից մեկի ստեղծմանը մենք ականատես եղանք Հալաբյան փողոցի բակերից մեկում: Այս անգամ նա որոշել էր նկարել մի դրվագ «Թե ինչպես կազակները ֆուտբոլ խաղացին» հայտնի մուլտֆիլմից:


«Հետքը» զրուցեց Աջափնյակի թաղապետարանի ներկայացուցչի հետ, ով նշեց, որ այս պահին վարչական շրջանի բակերը հիմնականում նկարազարդում է Դավիթ Գաբրիելյանը. «Նա գրանցված աշխատող է: Ամսական ստանում է մոտ 100-150 հազար դրամ գումար: Միասին ընտրում ենք, թե ինչ բովանդակության նկար պիտի անի նա: Աշխատանքը սեզոնային է, բնական է՝ ձմռանը հնարավոր չէ այդ աշխատանքը կատարել: Հաշվի առնելով այդ հանգամանքը, նաև այն, որ Դավիթը հաշմանդամություն ունի, մենք մտածում ենք իրեն ամբողջ տարի աշխատանքով ապահովելու մասին: Մտածում ենք որևէ արվեստի դպրոցում նկարչության դասատու ընդունելու մասին, բայց նրա հաղորդակցման, խոսելու խնդիրը բացառել չենք կարող»,-ասաց պաշտոնյան, ով չցանկացավ, որ նշվի իր անունը՝ պատճառաբանելով, թե դա իրենց աշխատանքն է և այն անում են առանց բարձրաձայնելու:

Տիկին Գայանեն գոհունակություն է հայտնում, որ այդ աշխատանքը տրվել է Դավթին, միևնույն ժամանակ դիմում բարի մարդկանց, որ օգնեն որդուն` գտնելու մշտական, ոչ սեզոնային աշխատանք` առանց արժանապատիվ ապրելու, սեփական ընտանիք կազմելու, ընտանիքը պահել կարողանալու մտահոգության: «Դավիթն աշխատելուց չի վախենում, չի տրտնջում, ինքն է ինձ անընդհատ ասում, որ դիմենք տարբեր տեղեր աշխատանքի հարցով: Եթե կարդան այս հոդվածը, թող արձագանքեն բարի մարդիկ»,- ասաց տիկին Գայանեն:


 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter