
Կադրային դեֆիցի՞տ, թե՞ մեզ դիվանագիտություն պետք չէ
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես և սպասվում էր, նշանակվեց դեսպան ԱՄՆ-ում: Դա տեղի ունեցավ օֆշորային հայտնի սկանդալի առանցքային դեմքերից մեկին` Աշոտ Սուքիասյանին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկելուց շատ չանցած, երբ արդեն հնարավորություն կար հայտնի օֆշորային սկանդալի հիման վրա հարուցված քրեական գործում ինչ-որ տեղաշարժ արձանագրել:
Նախագահ Սերժ Սարգսյանը, փաստորեն, չսպասեց այդքան` հասկանալու, թե, ի վերջո, ինչպիսի մասնակցություն է ունեցել նախկին վարչապետը Կիպրոսում օֆշորային ընկերություններ բացելու և բանկային կասկածելի փոխանցումներ կատարելու գործում, որպեսզի, եթե քրեական պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա, ապա գոնե ոչ թե դեսպանի, այլ պաշտոնանկ վարչապետի նկատմամբ հարուցվեր` առանց Հայաստանը հերթական խայտառակության միջով անցկացնելու: Բայց քանի որ նշանակումն արդեն կատարվել է, Վաշինգտոնն էլ Տիգրան Սարգսյանի արգեմանը հաստատել է, նշանակում է նախագահը նախաքննական մարմնի, ապա նաև դատարանի փոխարեն վաղուց արդեն որոշել է, որ նախկին վարչապետը մեղավոր չէ: Հետևաբար, այլևս անիմաստ է այս առումով գործի ընթացքից ինչ-որ բան ակնկալել:
Հայաստանը ԱՄՆ-ում, փաստորեն, ներկայացնելու է մի անձնավորություն, որին Վաշինգտոնում ճանաչում են գուցե առաջին հերթին որպես հենց այդ սկանդալի գլխավոր հերոսի: Արդյոք հնարավո՞ր է աշխարհում գտնել ոչ բանանային, իրեն հարգող որևէ երկիր, որը կարող է դեսպանի առաքելությամբ ու կարգավիճակով օժտել այդպիսի անցյալ ու ներկա ունեցող անձնավորության` անկախ նրա ինտելեկտից, փորձառությունից, ճանաչվածությունից: Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ոչ թե ինքն իրեն է ներկայացնելու, այլ մի ողջ պետություն: Եվ ուզի հասարակությունը, թե ոչ` նրա կերպարն ասոցացվելու է Հայաստանի իմիջի հետ:
Այս ընդհանուր խորապատկերին օրերս տեղեկատվություն հրապարակվեց ԵՄ-ում հայաստանյան առաքելության ղեկավար, Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի նկատմամբ այդ երկրի հատուկ ծառայությունների մոտ ի հայտ եկած «ուշադրության» մասին: «Չորրորդ ինքնիշխանություն» պարբերականը գրեց, թե Ադոնցին կասկածում են դեսպանի կարգավիճակը անձնական շահադիտական նպատակներով օգտագործելու և մաքսանենգությամբ զբաղվելու մեջ և այդ կապակցությամբ հարցում են ուղարկել ՀՀ արտգործնախարարությանը: Հայաստանի ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն, իհարկե, հերքել են այս տեղեկատվությունը: Սակայն, դա արել են այնքան աննկատ, այնքան ժլատ կերպով, որ ավելի շատ կասկածներ են հարուցել, քան փարատել եղածները: Մինչդեռ այս երկու մարմիններից այլ պատասխան հնարավոր էլ չէր ակնկալել: Եթե նրանք հաստատեին, ապա մինչ այդ արդեն Ադոնցը ոչ միայն պետք է պաշտոնանկ արված լիներ, այլև գուցե նաև ձերբակալված, ինչն ինքնին արդեն աղաղակող խայտառակություն կլիներ: Բայց, մյուս կողմից, առնվազն տարօրինակ է անձամբ Ադոնցի լռությունը: Եթե հրապարակվածն իսկապես չի համապատասխանում իրականությանը, ապա այն պետք է ընկալեր որպես իրեն զրպարտելու փորձ և փորձեր պաշտպանել իր անունն ու բարի համբավը: Դա զարմանալիորեն տեղի չի ունենում: Արդյունքում չի վերանում նաև կասկածը, որ որևէ երկրում Հայաստանի դեսպան նշանակված անձը կարող է նման ծանր հանցագործության մեջ մեղադրվել, առնվազն ներքաշված լինել ինչ-որ պատմությունների մեջ: Եվ սա ո́չ առաջին նման դեպքն է, ո́չ էլ, եթե այսպես շարունակվի, վերջինն է լինելու:
Այս պատմությունը դեռ չմարսած` հանկարծ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին: Հարց է առաջանում` ո՞րն է այս նշանակման իմաստն ու տրամաբանությունը: Ինչո՞ւ Յուրի Վարդանյանը, ինչո՞ւ հենց Վրաստանում և ինչու՞ հենց այս նուրբ շրջափուլում: Ասել, թե դեսպան է նշանակվել մի մարդ, ով ընդհանրապես դիվանագիտական փորձ չունի, նշանակում է չասել ոչինչ: Մարդ, ով նույնիսկ բավարար կառավարչական հմտություններ չունի և մղոններով հեռու է պետական կառավարման համակարգից: Նրան ընդամենը մի քանի ամիս վստահվեց սպորտի և երիտասարդության նախարարությունը, և այդ ընթացքում Վարդանյանը հասցրեց աչքի ընկնել միայն ... միանգամից երկու սկանդալի մեջ ընկնելով. որդու` թմրամիջոցներ ներկրելու և բացահայտվելու պատմությամբ և առանց հիմքի, Կառավարությանը մոլորության մեջ գցելով` նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնից ազատելով:
Ահա այս «բագաժով» է Յուրի Վարդանյանը գործուղվել Վրաստան: Մի երկիր, որը Հայաստանի համար ունի չափազանց լուրջ ստրատեգիական նշանակություն` արտաքին աշխարհի հետ կապ ունենալու առումով և որի հետ հարաբերությունները, մեղմ ասած, միանշանակ չեն` թե́ աշխարհաքաղաքական տարբեր շահեր հետապնդելու, թե́ Ջավախքի ու հայկական եկեղեցիների հիմնահարցերի և թե́ ԼՂ հարցում բացարձակապես հակառակ դիրքորոշումը պաշտպանելու առումներով:
Հունիսի 28-ին Վրաստանը, ամենայն հավանականությամբ, կստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Եթե Հայաստանը դրանից հետո, ի վերջո, մտնի Մաքսային Միություն, հենց Վրաստանի հետ է ունենալու առաջին և ամենալուրջ խնդիրը ապրանքների ներմուծման և արտահանման ոլոտում: Եթե դրան ավելացնենք նաև այն իրողությունը, որ ՆԱՏՕ-ն արդեն իսկ հայտարարում է Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների ստեղծման, փաստացի նրա անվտանգության երաշխավորը դառնալու ցանկության մասին, ապա ակնհայտ է դառնում, թե տեսանելի ապագայում ինչպիսի մարտահրավերների է բախվելու Հայաստանը Վրաստանում, և թե դիվանագիտական ինչ գլուխկոտրուկներից է փորձելու գլուխ հանել ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը:
Ակնհայտ է, որ նա Թբիլիսիում դեսպան կաշխատի բացառապես այն պատճառով, որ այդպես է ցանկացել նախագահ Սերժ Սարգսյանը, այն նույն տրամաբանությամբ, որով Տիգրան Սարգսյանի նշանակումն է տեղի ուենցել: Իսկ նախագահն այդպես է ցանկանում, քանի որ լեգենդար մարզիկին կամ իր զինակից նախկին վարչապետին անգործ չթողնելու լավագույն լուծումը տեսել է նրանց դեսպան նշանակելու մեջ: Բոլոր նրանք, ովքեր գնահատվում են, բայց ովքեր այլևս պետք չեն, տարօրինակ զուգադիպությամբ կամ նախագահի խորհրդական են դառնում կամ դեսպան են նշանակվում: Արդյունքում դեսպանի պաշտոնը և կոչումը իր նշանակությամբ մի կողմից գրեթե հավասարեցվել է նախագահի խորհրդականի պաշտոնի մակարդակին, մյուս կողմից` վերածվել է «կադրերին» թոշակառուի ապագա կարգավիճակին աստիճանաբար ադապտացնելու ինչ-որ յուրօրինակ մեխանիզմի:
Որքան Հայաստանում վարվող կադրային քաղաքականությունն է զուրկ որոշակի սկզբունքներից ու ավանդույթներից, գուցե կրկնակի դրանցից զուրկ են դիվանագիտական կորպուսում կատարվող նշանակումներն ու ռոտացիաները: Եվ ամենազավեշտալին այն է, որ դա տեղի է ունենում ներկայիս նախարարի` դիվանագետի կրթություն և պրոֆեսիանալիզմ ունենալու անհրաժեշտությունը օդ ու ջրի պես այսօր զգացող Էդվարդ Նալբանդյանի լուռ հայացքի և համակերպվածության ներքո: Նա հիմա համառորեն փորձում է Հայաստանում դիվանագիտական դպրոց կայացնել: Բայց ու՞մ են պետք այդ դպրոցի իրական կամ պոտենցիալ կադրերը, եթե նրանք դատապարտված են մնալու ահա այսպիսի դեսպանների ու դիվանագետների, այսպիսի կադրային քաղաքականության ստվերում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել