HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվեց

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում, ՀՀ օրհներգի կատարումից հետո, բացվեց «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը՝ 150 պատվիրակների մասնակցությամբ: 

Հաստատվեցին համագումարի օրակարգը, քարտուղարության եւ հաշվիչ հանձնաժողովի կազմերը: Լսվեցին եւ ի գիտություն ընդունվեցին կուսակցության վարչության, Ազգային ժողովի համանուն խմբակցության ու Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հաշվետվությունները, որոնք ներկայացրին համապատասխանաբար Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Անահիտ Բախշյանը: 

Համագումարում ծրագրային ելույթով հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի մասնավորի անդրադառնալով նախորդ համագումարից հետո անցած ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական կյանքի առանցքային խնդիրներին ու արտաքին քաղաքականության մարտահրավերներին: 

Այնուհետեւ համագումարը լսեց Կանոնադրական հանձնաժողովի հաշվետվությունը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Լիգիա Մելքումյանը, եւ միաձայն ընդունեց «Կուսակցության կառուցվածքն ու կառավարումը» բաժնում առաջարկված երկու փոփոխությունները: Ըստ այդմ՝ կուսակցության վարչության թվակազմը 11 անդամից հասցվեց 15-ի, ինչպես նաեւ սահմանվեց, որ հետայսու ՀՀ իշխանության ներկայացուցչական մարմիններում՝ ԱԺ-ում եւ մայրաքաղաքի ավագանիում, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կուսակցության վարչության նիստերին կմասնակցեն խորհրդակցական ձայնի իրավունքով, եթե վարչության ընտրված անդամներ չեն հանդիսանում: 

Հետմիջօրեին տեղի ունեցան նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպեսեւ Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները: 

Նոր վարչության կազմում ընտրվեցին կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը եւ Ռշտուն Մարտիրոսյանը, տնտեսագետ-լրագրող Հրայր Մանուկյանը, քաղաքագետներ Ստեփան Հասան-Ջալալյանը, Ֆիլիպ Արզումանյանը եւ Հովսեփ Ղազարյանը, ոճաբան Գայանե Աբասյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը: 

Համագումարը միաձայն ընդունեց բանաձեւ՝ վերահաստատելով իր հավատարմությունը համազգային նպատակներին: Նրանում մասնավորապես ասված է. «Հայաստանի փրկության բանաձեւն անփոփոխ է՝ Ազատություն, Ինքնիշխանություն եւ Ազգային շահ: Միայն այն ժամանակ եւ այն հանգամանքում մենք արժանի կլինենք մեր Դրոշին, երբ կարողանանք հաղթահարել նեղկուսակցական, խմբակային շահերը եւ բոլորանվեր, համերաշխված գործել Սահմանադրական Հեղափոխության, այն է՝ արտահերթ ամբողջական իշխանափոխության միասնական օրակարգով՝ առանց հապաղելու, առանց տուրք տալու քաղաքական խաղերին ու պատեհապաշտական նկրտումներին»: 

Ավելի ուշ տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Գայանե Աբասյանը, միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար` Զարուհի Փոստանջյանը, եւ մամլո քարտուղար՝ Դավիթ Սանասարյանը:     

«Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարի ընդունված Բանաձեւի ամբողջական տարբերակը կարդացեք հետեւյալ հղումով: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter