HY RU EN

Աֆրիկյանների տունը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի շղթայի մի օղակն է

Քաղաքացիների ջանքերը՝ փրկել պատմամշակութային հուշարձան ճանաչված Աֆրիկյանների ակումբը, արդյունք չի տալիս: Ինչու արդյունք չի տալիս, որովհետև դրա ետևում  կանգնած է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ ֆինանսների նախարար, պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը: Գագիկ Խաչատրյանն, իհարկե, պաշտոնապես չի երևում, ինչպես իր մնացած բոլոր բիզնեսներում, բայց «խաղահրապարակում» իր հետ փոխկապակցված անձինք են:

Աֆրիկյանների տունը

 Լուսանկարը՝ wikipedia.org-ից

Ավելի ուշ այն վերածվել է բազմաբնակարան շենքի, ուր բնակություն է հաստատել մոտ 30 ընտանիք։

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Եղբայրները եղել են քաղաքային դումայի անդամներ, ունեցել տարբեր գործարաններ, ձեռնարկություններ:  Ակումբի շենքը եղել է հավաքատեղի քաղաքի նշանավոր մարդկանց և վերնախավի համար։

1913թ. շենքը եղել է քաղաքային ակումբ և պատկանել է Առաքել Աֆրիկյանին։ 1926թ. շենքը պետականացվել է խորհրդային իշխանությունների կողմից և տրամադրվել Ազգային անվտանգության ծառայությանը։  

Գագիկ Խաչատրյանի բիզնեսի «բանալին» Սայաթ-Նովա 20, բնակարան 53-ում է

Աֆրիկյանների ակումբն այժմ ապամոնտաժում է «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնադրվել է 2009թ. «Դվին Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից, սակայն այժմյան 100-տոկոսանոց բաժնետերը Հարություն Համլետի Թադևոսյանն է:

«Միլենիում կոնտրակշեն» ընկերությունը գրանցված է Երևանի Սայաթ-Նովա 20, բն. 53 հասցեում: Այցելեցինք նշված հասցե՝ տնօրեն Թադևոսյանի հետ հանդիպելու ակնկալիքով: Մուտքի զանգին (դոմոֆոնին) պատասխանեց տարեց մի կին: Ասաց՝ հասցեն բնակելի է: Տիկինը որևէ կազմակերպության և այդ հասցեում դրա գրանցման մասին տեղյակ չէր: Հավաստիացրեց, որ Հարություն Թադևոսյան անվամբ մարդ չի ճանաչում, իսկ բնակարանը Սեդրակ և Նինա Ջավադյաններինն է: Ինքը Նինա Ջավադյանի մայրն է:

Սեդրակ Ջավադյանը «Ակբա-Կրեդիդ Ագրիկոլ բանկի»-ի գլխավոր հաշվապահն է, «Ակբա ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ի 10 տոկոս բաժնեմասի բաժնետերը: Մեզ հետ զրույցում Սեդրակ Ջավադյանը նշեց, որ ինքն Աֆրիկյանների շենքի ճակատագրով մտահոգվող անձանցից մեկն է և որևէ առնչություն չունի «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ի հետ: Բնակարանը ձեռք է բերել 2012թ. մայիսին, որտեղ այժմ ապրում է զոքանչը: Իսկ բնակարանը գնել է Տիգրան Շահրամանյանից, ով աշխատում է «Մեգա Ֆուդ» ընկերությունում:

ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մեգա Ֆուդ» ընկերությունում մինչև 2012թ.  բաժնեմաս են ունեցել Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Այժմ փաստացի բաժնետերը ընկերության տնօրեն Արամ Խաչատրյանն է՝ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին: Տիգրան Շահրամանյանը «Մեգա Ֆուդ» ընկերությունում զբաղեցնում է Արտաքին կապերի բաժնի ղեկավարի պաշտոնը: «Ես ավելորդ քոմենտարիաներ իրավասու չեմ տալու: Կան որոշակի հարցեր, որը որ...եթե Ձեզ ինչ-որ ինֆորմացիա է հետաքրքրում, Ձեր համարը կարող եք թողնել, ես կխնդրեմ՝ պատասխանատու մարդ Ձեզ կզանգի, բացատրություններ կտա»,- եղավ Տիգրան Շահրամանյանի պատասխանը մեր հարցին, թե ինչ կապ ունի «Միլենիում կոնտրակշեն» ընկերության հետ, որը գրանցված է եղել իր բնակարանում: Մինչ հոդվածի հրապարակումը «պատասխանատու անձը» այդպես էլ չզանգեց:  

«Մեգա Ֆուդ» ընկերության իրավաբանական հասցեն նույն Հարություն Թադևոսյանի գրանցման հասցեն է՝ Մարգարյան 20/3, բնակարան 2: 

Հարություն Թադևոսյանը Գագիկ Խաչատրյանի անվանն առնչվող մեկ այլ՝ «Մեգաթոյ» ՍՊ ընկերության բաժնետերն է: Այս ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարություն Թադևոսյանը երկրում չէ, Հայաստանում կլինի հուլիսի 10-ից հետո: Աննա Ավետիսյանն այսօր փոխանցեց Հարություն Թադևոսյանի էլեկտրոնային հասցեն` ասելով, որ հարցերը կարող ենք այդ հասեցով ուղարկել: Հարցերն արդեն ուղարկել ենք, պատասխանները ստանալուց հետո հոդվածում կավելացնենք Հարություն Թադևոսյանի պատասխանները: 

«Ակբա»-ի գլխավոր հաշվապահ Ս. Ջավադյանը դեռ տեղյակ չէ, որ իր գնած բնակարանում՝ Սայաթ-Նովա 20, բն. 53 հասցեում (հիշեցնենք՝ «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ի գրանցման հասցեն է) Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց այլ ընկերություններ էլ են գրանցված: «Ապեյրոն», «Մեգամոթորս» և «Գալաքսի Կոնցեռն» ՍՊԸ-ները, որոնց 50/50 բաժնեմասի սեփականատերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են՝ Արտյոմը և Գուրգենը, իրենց պետռեգիստրի տվյալներում գործունեության և իրավաբանական հասցե նշել են Սայաթ-Նովա 20, բն. 53-ը:

Լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի

Հուշարձանի ոչնչացման նախապատմությունը

ԽՍՀՄ-ից ժառանգած օրենքներն «արդիականացնելու» և համապատասխան մեխանիզմներ մշակելու ճանապարհին, ավելի քանի 4 տարի՝ 2000-2004թթ., Երևան քաղաքը չի ունեցել պատմության և մշակույթի հուշարձանների ցանկ: Եվ օգտվելով դրանից՝ այդ տարիներին էլ հիմնականում հուշարձանների նկատմամբ գերակա շահ է ճանաչվել, և դրանք օտարվել են առևտրային ընկերություններին, իսկ հուշարձանները քանդողները որևէ պատասխանատվություն չեն կրել:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանը դա միտումնավոր է արել: «Սևան հյուրանոցը, Դումայի շենքը (այժմյան «Կոնգրես» հյուրանոցը) այդպես քանդեցին: Այս ընթացքում Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի ծրագիրը սկսեցին, որպեսզի հուշարձանները քանդեն և ինչ ուզենան անեն»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:

Ի վերջո, 2004թ. կառավարության որոշմամբ՝ հավելվածում Աֆրիկյանների ակումբը մտցվել է տեղափոխման ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկում, ի թիվս 13 այլ հուշարձանների: 2005թ., երբ Աֆրիկյանների ակումբն արդեն ճանաչվել էր որպես հուշարձան, քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշում է կայացրել այն տրամադրել «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ին: Ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան այդ հասցեում բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով: Երևանի քաղաքապետարանը «Դվին Հոլդինգին» տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ «Տերյան փողոցի կողմից նախատեսվող մասնաշենտքը նախատեսել 10 հարկանի՝ 10-րդ հարկը նահանջող»: Մինչդեռ «Դվին Հոլդինգը» այդպես էլ չի իրականացրել բնակելի շենք կառուցելու նախագիծը, և իր բաժնեմասը փոխանցել է «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ին, որն այժմ նախատեսում է հյուրանոց կառուցել:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը հունիսի 23-ին Հարություն Թադևոսյանին և ոստիկանությանն ուղղված գրություններով հայտնել էր, որ շինարարների կողմից ներկայացրած փաստաթղթերը թերի են, բացակայել են ապամոնտաժման աշխատանքների վարման մատյանը, հեղինակային և տեխնիկական հսկողության, գիտական ղեկավարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների դադարեցման հրահանգը չի կատարվել: Մինչ նշված փաստաթղթերի առկայության ապահովումը՝ հրահանգվել էր դադարեցնել շինարարությունը: Սակայն երկու օր անց այն նորից վերսկսվել էր: Մշակույթի նախարարությունն արգելքը վերացրել է:

Աֆրիկյանների ակումբի ճակատագիրը կանխորոշված է: Ոտքի է հանված պետական ողջ մեքենան, ոստիկանությունը հիմնական դերկատարն է: Եթե անհրաժեշտություն լինի, Վլադիմիր Գասպարյանը ներքին զորքերն էլ կհանի: Գագիկ Խաչատրյանին ոչ ոք չի համարձակվի կանգնեցնել կես ճանապարհին: