
Կանխվել է թմրամիջոցի ապօրինի արտահանման խոշոր խմբաքանակ
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ բացահայտվել է փոստային ծանրոցներում 4.5կգ թմրամիջոց արտահանելու փորձը: Մաքսանենգները փոստային առաքանիների միջոցով են փորձել իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցները չեն վրիպել վարչության աշխատակիցների ուշադրությունից:
Մաքսային պահեստում զննման ենթարկելով փոստային ծանրոցը` ՆՀՎ աշխատակիցները մետաղյա պտուտակի հորիզոնական հատմամբ հայտնաբերել էին 2 կիլոգրամ 200 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ սուր հոտով մուգ շագանակագույն զանգված:
Մյուս դեպքով էլ էլեկտրական արդուկն էր թմրանյութի թաքստոց դարձել. արդուկ-պրեսի փայտանման հարթակից ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել էին պոլիէթիլենով և փայլաթիթեղով փաթեթավորված ավելի քան 2կգ ընդհանուր քաշով՝ նույնպես ափիոնանման զանգված:
Ըստ ՆՀՎ վարչության պետ Վահրամ Գուրողլյանի խոսքերին` փորձը ցույց է տալիս, որ օրինախախտներն ամեն անգամ տարբեր հնարքներով և մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը. «Մենք ևս անընդհատ կատարելագործում ենք հսկողական մեխանիզմները. պարբերաբար դիտարկում, վերլուծում ենք մաքսանենգության հնարավոր ուղիները և մեթոդները, որպեսզի համարժեք քայլերով կանխենք իրավախախտման փորձերը»:
Վահրամ Գուրողլյանը վստահեցնում է՝ սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում. անգամ աննշան կասկած հարուցող դեպքը հետևողական զննության է ենթարկվում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից: «Փոստային առաքումների ուղին ևս գտնվում է մաքսային ուժեղացված հսկողության ներքո»,-հիշեցնում է ՆՀՎ պետը:
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների օպերատիվության շնորհիվ շարունակվում են թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր խմբաքանակներ բացահայտվել: Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ բարձրանում է մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակը: 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված մաքսային կանոնների խախտման 42 դեպքերից 14-ը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման փորձերն են:
Մեկնաբանել