
«Գնդակը բերանով բռնող հրամանատարը»
Թալիշեցի ազատամարտիկ Անդրանիկ Սարգսյանի տնեցիները սեղանին սկսում են շարել քաղցրավենիքով լի ափսեները: Այդպես էլ պատերազմի մասին նրա հիշողություններն են անշտապ հավաքվում մի գծի վրա, ու այդ տարածքն այնքան է մեծանում, որ կարող է թաքուն կլանել քեզ: Հետո այդ հիշողությունները վերածվում են երբեմն գունավոր, երբեմն սև-սպիտակ էսքիզների:
Պատերազմի «նախերգանքը»՝ Թալիշում
Թալիշը Ղարաբաղի սահմանային գյուղերից է: Այն գտնվում է Մարտակերտի շրջանում: Գյուղն ամենամեծ սահմանն ունի Ադրբեջանի հետ՝ 50-60 կմ: 1989 թ. Թալիշում եղավ առաջին զոհը. Սամվել Ապրեսյանին սպանել էին՝ տանելով նրա ոչխարները:
«Գիտե՞ք ոնց էր, երբ առաջին անգամ Սարգսյան Արարատը (կոլտնտեսության նախագահ- հեղ.) մեզ ասաց՝ ով ինչ հրացան ունի, վերցնի, հանկարծ եթե զգաք այնպիսի շարժում, կկրակեք, մարդ կսպանեք, էդ ժամանակ մտածում էինք, թե ոնց կարելի է մարդ սպանել: Հետո կյանքը կամաց-կամաց բերեց նրան, որ եթե դու չսպանես, քեզ կսպանեն: Պատերազմի միակ սկզբունքը դա է»,- վարագույրի ծալքերին հայացքը հառած՝ ասում է նա: Թվում էր, թե պատմություննը այդ ծալքերից դուրս էր եկել, հասել հյուրասենյակի կենտրոն, ու մենք հեռվից դիտում էինք այն:
«Զենք վերցրեցինք, հետո ես մտա հայաստանաբնակ թալիշեցիների ջոկատը՝ 91-ին: Այդ ջոկատի առաջին հրամանատարը Մեժլումյան Բորիկն էր: Եթե պատմությունը չաղավաղենք, պիտի ասեմ, որ ինչ-որ կուսակցական ուժեր ուզում էին պառակտել Թալիշը, բաժանել երկու մասի, բայց եկավ մի տղա՝ Վանիկ Օհանյանը, որը վերցրեց հայաստանաբնակ ջոկատն իր հրամանատարության տակ: Ասաց, որ ես պետք է լինեմ իր տեղակալը, և մենք պետք է գնանք Սարգսյան Արարատի մոտ: Ասաց, որ Թալիշը պետք է ունենա մեկ հրամանատար: Եվ մենք շատ համերաշխ միացանք»,- նշում է նա:
1991 թ. դեկտեմբերի 31-ին առաջին հարձակումն էր գյուղի վրա: Այդ ժամանակ Մաղավուզից Շահեն Մեղրյանը ջոկատ էր ուղարկել թալիշեցիներին օգնության: Զրուցակիցս ասում է, որ Թալիշը հրամանատությամբ ենթարկվում էր Շահեն Մեղրյանին:
«Ինձ թվում ա՝ մեր գյուղացիները շատ մեծ հավատ ունեին: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է գալ մի օր, որ թալիշեցին իր տանը չլինի: Ես իմ պապային թույլ չէի տալիս, որ իմ էրեխեքին հանի տնից: Ապրում էինք հողի մեջ սարքված բլինդաժներում, բայց գյուղից դուրս չէինք գալիս: Շատ քիչ մասսան էր դուրս գալիս գյուղից մինչև 92-ի հունիսի 16-ը: Այդ ժամանակ եղավ Թալիշի անկումը»,- ասում է Անդրանիկ Սարգսյանը:
Չխորտակված հույսերը
1992 թ. հունիսի 15-ի գիշերային հերթափոխից հետո գյուղ էր մտել: Այդ ժամանակ արդեն ջոկատի հրամանատար էր: Գյուղացիներին տեղափոխել էին գյուղից: Ասում է՝ չէր հավատում, որ կարող էին կորցնել Թալիշը: Հունիսի 16-ին չորս կողմերից մտան գյուղ, ինքնապաշտպանություն իրականացնելն անհնար էր: Ադրբեջացնիներն առաջին հերթին թալանել էին Թալիշը, հետո վառել այն: «Բայց մեր հույսը չէր կտրում, մենք չէինք հաշտվում էն մտքի հետ, որ Թալիշը մերը չի»,- ասում է թալիշեցին:
Գյուղի անկումից հետո թալիշեցիները ստեղծեցին մահապարտների ջոկատ: Այնուհետ Շահեն Մեղրյանը Սլավիկ Իսկանդարյանի գլխավորությամբ ստեղծեց Թալիշի վաշտը: «Եղնիկներն» արդեն բաժանվել էր 3 հիմնական մասի. կենտրոնը գտնվում էր Եղակերում, մի բազան՝ Գյուլիստանի մոտ, «Լեռ» էր կոչվում, իսկ երրորդ բազան՝ Թալիշի մոտ, որ կոչվում էր «Օջախ»: Այդպես անվանել էր Մեղրյանը՝ ասելով, որ թալիշեցիները գտնվում էին իրենց օջախում, այսինքն՝ Թալիշում:
Թալիշի ազատագրումը
Գյուղի գրավումից հետո թալիշեցիները «ելումուտ» էին անում գյուղում: Դա, իհարկե, հետախուզության տեսքով էր: 1993 թ. մարտի 26-ին գյուղ էին մտել, որտեղից նույնիսկ գինին էին տարել: «Հիշում եմ, որ երբ առաջին երեխաս ծնվել էր, մայրս գինի էր թաղել թզի ծառի տակ, երևի ինչ-որ նպատակներ ուներ: Գյուղը չորս կողմից ականապատելուց հետո մի մեծ սար կար, էնտեղ թուրքի գնդացիր էր դրված, դա պայթեցրինք, մտանք մի չորս շիշ գինին էլ հանեցինք, մտանք անտառ: Ու հաջորդ օրը Շահեն Մեղրյանը հարձակվեց Տոնաշենի վրա»,- նշում է նա:
1994 թ. ապրիլի 9-ին թալիշիցները հարձակվել էին գյուղի վրա (այդ ժամանակ Անդրանիկ Սարգսյանը հետախուզական դասակի հրամանատարն էր): «Մենք պատուհան էինք փնտրում, միայն թե մտնեինք Թալիշ»,- ասում է թալիշեցի ազատամարտիկը: Այդ «փնտրտուքը» տևեց մինչ ապրիլի 24-ը: «Ցավոք, ես չկարողացա մտնել Թալիշ: Ապրիլի 11-ին լիքը վիրավորներ էինք տվել, ես էլ էի վիրավորվել»,- նկատում է նա: Գնդակը վնասել էր նրա բերանը: Հետո դա կատակի էին վերածել՝ ասելով, թե «հրամանատարը գնդակը բերանով էր բռնել», այնուհետ պատկերը հավաքական էին դարձրել՝ ասելով, թե «թալիշեցիք գյուլլեն բերանով են բռնում»: Այս խոսքերից հետո ծիծաղում է, հետո ծիծաղը սառում է, ժպիտը կորում է: Թալիշի ազատագրումից երկու օր անց՝ ապրիլի 26-ին, հրադադար հայտարարվեց: «Մենք չէինք սպասում հրադադարին: Սպասում էինք, որ վաղը, մյուս օրը Շահումյան կա, Գյուլիստան կա, մեզ համար անհավատալի էր, որ կռիվը կանգնել էր… Խաղաղությունը շատ լավ բան ա, բայց եթե բոլոր հողերը մեր ձեռքում լինեին, հետո հրադադար լիներ, մենք ավելի հանգիստ էինք լինելու»,- նշում է նա:
«Պատերազմը քաշեց ազգի սերը»
«Կորցրեցինք մեր շատ լավ ընկերներին: Ոնց որ ազգի սերն այ սենց քաշեին: Կարող ա շատ մարդիկ չնկատեն, բայց ամեն գյուղում էլ տենց ա եղել՝ թե՛ պատահականություն էր, թե՛ դիտմամբ էր, ոնց որ ջոկեին… Չկա լավ ու վատ, կարող ա մեկն ասի՝ ես սաղ եմ մնացել, վա՞տ մարդ եմ, չէ, սաղերի մեջ էլ կան լավ մարդիկ, բայց մահացածների բոլոր կենսագրությունները կարող եմ պատմել, կտեսնեք, որ էդ մարդիկ, իրոք, մարդ են ծնվել, ծնվել էին ապրելու, ընկերության, ընտանիքի համար, բայց, ցավոք սրտի, կորցրեցինք էդ տղաներին»,- ասում է թալիշեցի ազատամարտիկը: Ընկերների կորուստը համարում է իր կյանքի մեծագույն կորուստը, իսկ ամենամեծ ձեռքբերումը ազատագրված Թալիշն է:
Այս մտքի վրա ժպիտը, կարծես, գլորվում է դեմքին: Ազատագրված Թալիշում առաջին վերաբնակված ընտանիքը Արամ Բայունցինն էր: Նրա տանն էլ 1994 թ. հոկտեմբերի 1-ին պատրաստել են առաջին ձվածեղը: «Տղաներից մեկը դուռս բացում ա, տեսնում ա ձվածեղ ենք ուտում, գնում ա պոստերում ասում՝ հրամանատարը ձվածեղ ա ուտում»,- մեղմ ժպտում է: Դրան հաջորդող տարին ինքնակամ դիմում է գրում զինծառայությունից դուրս գալու համար: Իսկ մինչ այդ մեկ տարի շտաբային աշխատանքներ էր կատարում: Այդ ընթացքում էլ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հրամանով Մանվել Գրիգորյանը տարավ իր մոտ՝ Թալիշի գումարտակ ստեղծելու համար: 5-րդ բրիգադի կազմում ստեղծեցին Թալիշի գումարտակ նույն գյուղում, որի հրամանատարն ինքն էր: Դրանից հետո նա դուրս եկավ զինծառայությունից: Ասում է՝ պատճառն առողջությունն էր: «Ես զգում էի, որ արդեն ղեկավարել չեմ կարող, երբ մարդ ծառայության ընթացքում դուրս է գալիս իր ֆունկցիաներից: Եկել էր պահ, որ արդեն ձեռք էի ուզում բարձրացնել զինվորի վրա, դա ինձ կանգնեցրեց: Չեմ սիրել, որ հրամանատարը կամ պատասխանատուն բարձր է պահում իրեն ծառայողից»,- նշում է նա:
1995 թ.-ին էլ ընտանիքով տեղափոխվել են Կրասնոդար, որտեղ ունեն կահույքի փոքր արտադրամաս: Ասում է՝ մեկ է, հոգով-սրտով Հայաստանում է: «Երբ խաղաղություն է լինում պատերազմից հետո, էդ ժամանակ սկսում է պայքար խաղաղ բնակչության և էդ կռվող տղաների միջև: Եկան ոչ արժանի մարդիկ, որոնք հանրապետությունում քեզ տեսնելիս փախնում էին, որովհետև մտածում էին, թե բռնելու տանելու ենք կռիվ: Հետո էդ մարդիկ դարձան սեփականատերեր, պաշտոններ ունեցան»,- նշում է ազատամարտիկը, ով մինչ օրս շարունակում է բուժվել: Առողջությունը, նկատում է նա, թողել է պատերազմի դաշտում, դժվար է քայլում: Երևան գալն էլ պայմանավորված է առողջական խնդիրներով: «Գնդակը բերանով բռնող հրամանատարը» նույնիսկ չունի պատերազմի մասնակցության վկայական: Իսկ պատերազմը հեռվից նայածներն այսօր ունեն ոչ միայն թղթեր պատերազմի մասնակցության մասին, այլև հարստություն՝ խարսխված կռված տղերքի կորցրած առողջության վրա:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել