Անմեղ մարդը 29 տարի պատիժ է կրել բանտում ուրիշի փոխարեն
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գերագույն դատարանը բեկանել է քաղաքացի Պոլ Հիլդվինի մահվան դատավճիռը, ով 29 տարի առաջ մեղադրվել է 42-ամյա Վրոնզեթ Կոքսին բռնաբարելու ու սպանելու մեջ: 29 տարի անց իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ հնարավոր է եղել ԴՆԹ թեսթի կիրառմամբ հերքել Հիլդվինի առնչությունը բռնաբարությանն ու սպանությանը: Ավելին՝ ԴՆԹ թեսթը ցույց է տվել, որ կնոջ՝ իրեղեն ապացույց հանդիսացող ներքնաշորերի վրա առկա սեմնահեղուկը պատկանում է բոլորովին այլ անձի՝ 2 անչափահաս երեխաների բռնության մեջ մեղադրված ու 20 տարվա անազատության դատապարտված Վիլյամ Հեվեթիին, ով ժամանակին եղել է այդ կնոջ ընկերը: Այս մասին գրում է innocenceproject.org կայքը:
Հենց “Innocence Project” (Անմեղության ծրագիր) միջազգային կազմակերպության շնորհիվ մահապատժի դատապարտված Հիլդվինը վերջին 7 տարիներին պայքարել է ԴՆԹ թեսթի հիմքով իր քրեական գործի վերաբացման համար:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ 1985թ. սեփական մեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է Ֆլորիդա նահանգի բնակչուհի Վրոնզեթ Կոքսի մերկ մարմինը՝ բռնության հետքերով: Մահվան պատճառ է դարձել խեղդումը: Նախաքննության մարմինը որպես կասկածյալ կալանավորել է Պոլ Հիլդվինին, քանի որ նրա տան նկուղից հայտնաբերվել են նույն կնոջ մատանին, ռադիոն և զոհի հաշվեհամարի գրքույկը: Հիլդվինը ցուցմունք է տվել այն մասին, որ մեքենայով ճանապարհորդող զույգի՝ Կոքսի ու Հեվերթի մեքենան թալանել է դեպքից մի քանի օր առաջ, սակայն հերքել է իր մասնակցությունը բռնաբարությանն ու սպանությանը՝ պնդելով, որ անմեղ է:
Նախաքննության մարմինը չի ստուգել հանցագործությանն այլ անձանց հնարավոր առնչության հարցը՝ բավարարվելով միայն մեքենայից հայտնաբերված քրտինքի ու սերմնահեղուկի փորձաքննությամբ՝ դրանով հերքելով կնոջ ընկերոջ մասնակցությունը սպանությանը: Իսկ դատարանը գտել է, որ այլ անձի մասին վկայություն տալով՝ մեղադրյալը փորձել է խուսափել պատժից: 29 տարի առաջ անցկացված դատաբժշկական փորձաքննությունը հանգել է այն եզրակացության, որ ավտոմեքենայից հայտնաբերված ներքնաշորի վրայի սերմնահեղուկի ու քրտինքի նմուշները կարող են պատկանել սպիտակամորթ տղամարդու, նաև` մեղադրյալին: Սակայն, վերջերս կատարված ԴՆԹ թեսթը ապացուցել է, որ 29 տարի առաջ դատապարտված անձը մեղավոր չէ 42-ամյա կնոջ բռնաբարության ու սպանության մեջ:
«Անմեղության ծրագիրը» գտել է նաև երկու վկաների, ովքեր չեն հրավիրվել դատարան, սակայն 1985 թ-ին դեպքից 12 ժամ առաջ կնոջն ու նրա ընկերոջը՝ Վիլյամ Հեվեթիին տեսել են միասին ավտոմեքենայում:
Ֆլորիդայում վերջին տարիներին վերաբացվել են նաև 1970-ականների մի շարք կասկածելի գործեր: Ֆլորիդայի Գերագույն դատարանը բեկանել է այդ տարիներին կայացված մահվան 24 դատավճիռ:
Գործերի վերանայումը հնարավոր է դառնում միայն շնորհիվ նրա, որ Ամերիկյան պետությունը պահպանել է իրեղեն ապացույցները: «Անմեղության ծրագիր» կազմակերպությունն իր համաժողովներում մշտապես կոչ է անում պետություններին՝ չոչնչացնել իրեղեն ապացույցները հատկապես կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում, քանի որ դրանք դառնում են փրկօղակ անմեղ դատապարտյալների համար:
Լուսանկարն արված է 1996 թ-ին Tempa Bay հանդեսի կողմից, երբ հարցազրույց տալով տեղական մամուլին՝ մահապատժի դատապարտված Պոլ Հիլդվինն արտասվել է՝ դարձյալ պնդելով, որ բացառապես անմեղ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել