HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բեմադրված աճուրդ՝ լրագրողի «պատվին»

«Եկեք, լրագրողն արդեն եկել է»,- հեռախոսով ասում է Արտաշատի քաղաքապետարանի աճուրդավար Ալիկ Իսրայելյանը եւ հրավիրում աճուրդային հանձնաժողովի անդամներին:

Առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ կառուցելու համար հունիսի 30-ին Արտաշատի քաղաքապետարանում հայտարարվել էր համայնքային սեփականություն հանդիսացող 113.3 քմ, 80.1 քմ եւ 42 քմ մակերեսով հողերի աճուրդ-վաճառք: «Հետքը» նախապես գրավոր դիմել էր քաղաքապետ Գագիկ Մուրադյանին, որպեսզի վերջինս մեզ թույլ տա ներկա գտնվել աճուրդին: Քաղաքապետը տվել էր իր համաձայնությունը: Աճուրդի կազմակերպիչները գիտեին, որ լրագրող է մասնակցելու աճուրդին, դա էր պատճառը, որ ամեն ինչ բեմադրված էր:

Աճուրդի անցկացման սենյակի նախասրահում փակցված էին համայնքապետի եւ ավագանու աճուրդին վերաբերող որոշումները, համացանցից տպել էին «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը եւ փակցրել համայնքապետի որոշումների կողքին՝ պատճառաբանելով, թե ցանկացել են հնարավորինս իրազեկել աճուրդի մասնակիցներին: Այս անգամ քաղաքապետարանի հայտարարությունների ցուցատախտակին նույնիսկ աճուրդ անցկացնելու մասին հայտարարությունն էր փակցված: Իհարկե, ջանացել էին, որ այդ հայտարարության տեքստը հնարավորինս փոքր տառերով գրվի, այնուամենայնիվ, փորձել էին «հրապարակայնությունն» ապահովել:

Աճուրդն սկսվեց ճիշտ ժամանակին, եւ աճուրդավար Ալիկ Իսրայելյանը հերթով թվարկեց, վերը նշված քայլերը, թե ինչ են արել աճուրդը պատշաճ կազմակերպելու համար: Այս ամենը լրագրողի «պատվին» էր կազմակերպված: Համեմատության համար նշենք, որ ապրիլի 29-ի աճուրդի ժամանակ, երբ քաղաքապետարանից որեւէ մեկը տեղյակ չէր աճուրդին մեր ներկա գտնվելու մասին, աճուրդի կազմակերպիչներն նույնիսկ մոռացել էին, որ այդ օրն աճուրդ ունեն: Ապրիլի 29-ին նախասրահում ոչ համայնքապետի ու ավագանու որոշում կար, ոչ օրենք, ոչ էլ հայտարարություն էր փակցված, իսկ Ալիկ Իսրայելյանն ու քաղաքապետարանի Ճարտարապետության, քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Կարեն Պողոսյանը միաբերան պնդում էին, թե աճուրդ չունեն, մինչեւ այն պահը, երբ նրանց տվեցինք իրենց իսկ կողմից «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակված հայտարարության տեքստը: Ահա սա էր իրականությունը՝ զերծ արհեստական «ժողովրդավարությունից»:

Երեկ հայտարարված երեք լոտերից աճուրդով վաճառվեց երկուսը. 80.1 քմ հողամասի լոտի վերաբերյալ հայտ չէր ներկայացվել, իսկ մյուս երկու լոտերի համար ներկայացված էր երկուական հայտ: Երկու հողակտորներն էլ օտարվեցին հինգական քայլ կատարելուց հետո:

113.3 քմ հողամասի մեկնարկային գինը 333 հազար 102 դրամ էր: Հինգ քայլից հետո մրցակիցը «հանձնվեց», եւ Արտյոմ Ստեփանյանը հողակտորը գնեց 420 հազար դրամով:

42 քմ հողակտորի մեկնարկային գինը 123 հազար 500 դրամ էր, վերջնարդյունքում 161 հազար դրամով գնեց Կարեն Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ նշված հողակտորի վրա ավտոտնակ է կառուցելու:

Աճուրդները համարվեցին կայացած: Վերջում մրցակիցները, աճուրդային հանձնաժողովի անդամները հաղթողներին շնորհավորեցին, իրար «աչքով» արեցին ու հեռացան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter