
Իջեւանում փորձում են «դրսից գործարարներ գտնել»
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքով է անցնում միջպետական մայրուղին, որի շնորհիվ քաղաքն այցելուների պակաս չի ունենում: Քանի որ մարզի մյուս խոշոր քաղաքը` Դիլիջանը, այսօր նաեւ զբոսաշրջային կենտրոն է, եւ շատերն են այցելում Տավուշի մարզ, Իջեւանում մտածում են ավելացնել ժամանցի վայրերի թիվը, որպեսզի այցելուներին կարողանան սպասարկել: Միաժամանակ, բարեկարգվում են Իջեւանի փողոցները, կենտրոնական այգին, բարելավվում է փողոցների լուսավորությունը, որպեսզի «քաղաք եկողը չհիասթափվի»:
«Ինչքան շատ մարդ քաղաք մտնի, այդքան շատ փող կծախսվի, շահույթ կլինի, փող կշրջանառվի, եթե ֆինանսը նորմալ է, մարդն իրեն լավ է զգում»,- համոզված է Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:
Քաղաքն իր աշխարհագրական դիրքի, բնության եւ ռեսուրսների շնորհիվ զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի: Մասնավորապես ամռանն այստեղ շատ են այցելում թե’ Հայաստանի այլ բնակավայրերից, թե’ այլ երկրներից, վերադառնում են նաեւ արտերկրում գտնվողները:
Քաղաքապետն ասում է, որ վերջին տարիներին քաղաքում ներդրումները նվազել են: «Բիզնեսն իրեն չի արդարացնում. ժողովուրդն այդքան փող չունի, որպեսզի հասարակական նշանակության կենտրոնները շահույթ ստանան,- բացատրում է Վ. Ղալումյանը,- եթե ներդնողն էլ տեսնում է, որ կողքի հասարակական կենտրոնները լավ չեն աշխատում, կամ մի քանիսը փակվել են, մտածում է` եթե ինքն էլ կառուցի, չի աշխատի»:
Այդ է պատճառը, որ այստեղ փորձում են «դրսից գտնել գործարարներ», ովքեր կհամաձայնեն ներդրում կատարել քաղաքում: Քաղաքապետարանում ցանկանում են, որ ռուսաստանաբնակ այն իջեւանցիները, որոնք գործարարության մեջ հաջողության են հասել, շահագրգռված լինեն ներդրումներ անել իրենց քաղաքում: «Դրսից եկած» գործարար է նաեւ Իջեւանում անցկացված վերջին աճուրդի հաղթողը. նա աշխատում է Ռուսաստանում եւ պարբերաբար գալիս է Իջեւան:
Հունիսի 26-ին աճուրդի էր հանված հասարակական կառուցապատման նշանակության հողատարածք, որի մեկնարկային գինը 727.320 դրամ էր: Աճուրդին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել երկու իջեւանցի: Աճուրդին ներկա էր քաղաքապետը, սակայն աճուրդավարը քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Արա Մելիքսեթյանն էր: Հինգերորդ քայլից հետո վերջին քայլը կատարած կողմը մրցակցին ասաց` «մեկ ա` կրվելու ես», որից հետո վերջինս հրաժարվեց քայլ կատարելուց: Հինգ քայլի արդյունքում հողատարածքը վաճառվեց 909.150 դրամով:
Հաղթող կողմը նախատեսել է ձեռք բերված հողատարածքում սրճարան կառուցել: Բայց տեղանքը նաեւ բարեկարգման կարիք ունի, քանի որ կողքի թաղամասի կոյուղին այդտեղով է անցնում, տարածքի մի մասը ճահճացած է: Ամեն ամիս բանվորների խումբը հնձում է այդտեղ աճող խոտը, սակայն համայնքը բարեկարգման ծավալուն աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չունի: Քաղաքապետը նշում է, որ նախնական պայմանավորվածության համաձայն` աճուրդում հաղթող կողմը պարտավորվում է վերանորոգել այդ տարածքով անցնող գետի հենապատերի սալիկները, որոնք վնասված են, ինչպես նաեւ` բարեկարգել կոյուղին:
Քաղաքապետը նշում է, որ իրենք շահագրգռված են աճուրդի հանել հատկապես այն հողատարածքները, որոնք բարեկարգման կարիք ունեն: Համայնքը ոչ բոլոր վայրերն է կարողանում բարեկարգել, իսկ այդ ձեւով գոնե գնորդն այդ պարտավորություններն իր վրա կվերցնի: Համայնքային սեփականության օտարումից էլ ձեւավորվում է համայնքի ֆոնդային բյուջեի մեծ մասը: Այս տարի Իջեւան համայնքի ֆոնդային բյուջեում 30 մլն դրամի մուտքեր են նախատեսվել:
Մեկնաբանել