
Ջագ. «Մենք միշտ պահել ենք լեննագանցու դուխը»
Գյումրիում 1978թ. հիմնադրված լեգենդար «Բամբիռ» ռոկ խմբի ղեկավար Գագիկ Բարսեղյանը (Ջագ) այսօր ծնդյան 60 և գործունեության 35-ամյակի առթիվ պարգևատրվեց Գյումրու քաղաքապետարանի հուշամեդալով:
«Բոլորիս համար իհարկե մեծ պարծանք է, որ մեր համաքաղաքացին է «Ջագի»՝ Գագիկ Բարսեղյանի նման երաժիշտը,- նկատեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,- մարդ, ով ՀՀ-ում լուրջ տեղ է զբաղեցնում ռոկի ասպարեզում իր ստեղծած խմբով, իր ինքնատիպությամբ: Եվ նրա ունեցած ներդրումն այս ասպարեզում ևս անգնահատելի է»:
Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ իր հերթին շնորհավորելով հոբելյարին՝ նշեց, որ «Բամբիռի» ղեկավարը պատահական մարդ չէ երաժշտության ասպարեզում: «Ուրախալի է նաև այն փաստը, որ կա ու նրանց կողքին իրենց գործունեություն է ծավալում «Բամբիռի» երիտասարդ սերունդը,- նկատեց փոխքաղաքապետը,- Գագիկն էստաֆետը փոխանցել է իր որդուն, ով նույն ջանասիրությամբ, նույն ավյունով իր ընկերների հետ առաջ է տանում երիտասարդ «Բամբիռ»-ին»:
200 երգերի հեղինակը, ով այս տարիներին հասցրել է թողարկել 4 ալբոմ, կատակով նկատեց, թե պարգևը պիտի հանձնեին դեռ 30 տարի առաջ, երբ համարվում էին ժողովրդական: «Կոմունիստների ժամանակ ժողովրդական անսամբլ էինք,- բացատրում է Գագիկ Բարսեղյանը,- էն ժամանակներում նման ստատուս կար ու շատ պոպուլյար էինք, չնայած հիմի էլ չեմ բողոքում: Բայց պիտի նկատեմ, որ մեր խումբն արտերկրում ավելի հայտնի է, քան երկրի ներսում: Ամեն դեպքում մենք միշտ պահել ենք լեննագանցու դուխն ու հիմի էստաֆետը պիտի ջահելներին տանք, որ իրանք անցնին էն ճանապարհը, ինչ մենք` 36 տարի առաջ»:
Մեկնաբանել