HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի 14 հայտերից 6-ը Հայաստանից են

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրն այս տարի անցկացվելու է 8-րդ անգամ: Այս անգամ ֆորումի համար ընտրվել է 14 հայտ. 6-ը Հայաստանից են, 4-ը՝ Վրաստանից, 2-ը՝ Ուկրաինայից, 1-ը՝ Մոլդովայից և 1-ը՝ Թուրքիայից: Դրանք մրցելու են կինոզարգացման երեք դրամաշնորհների համար: Դրանցից մեկի համար նախատեսված է 5000 եվրո, երկուսի համար՝ 3.500 եվրո: ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը նպատակ ունի կինոլորտում կապեր ստեղծել թե տարածաշրջանի, թե եվրոպական գործընկերների հետ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը կարևորում է նման արտադրական հարթակների առկայությունը, որոնք վաղուց արդեն դարձել են ցանկացած միջազգային կինոփառատոնի անբաժանելի մաս:

Այս տարի «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումն անց է կացվելու հուլիսի 15-17-ը: Ֆորումի ընթացքում նախատեսված է անցկացնել դասախոսությունների շարք: Դրանք անցկացնելու են Սիմոնա Բաումանը, ով ներկայացնում է Eastern Europe German Films-ը և ղեկավարում է Saxonia Entertainment-ի «Producer Documentaries»-ը, Ռուքսանդրա Չերնատը, ով ղեկավարում է ARTVIVA-յի Film TEEP բաժինը, և Ջուլիեն Էզզանոն: Վերջինս Ֆրանսիայի կինոկենտրոնի միջազգային համատեղ արտադրությունների բաժնի ղեկավարն է:

Ֆորումի ընթացքում կինոնախագծերի ընտրության համար կազմվել է ժյուրիի առանձին խումբ, որի մեջ ներագրավված են կինոմասնագետներ Վրաստանից, Ռումինիայից, Գերմանիայից և այլ երկրներից ևս:

Այս տարիների ընթացքում «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի աջակցությամբ ստեղծված ֆիլմերը ներկայացվել են ոչ միայն «Ոսկե ծիրանի» շրջանակներում, այլև մի շարք այլ միջազգային փառատոներում ևս, ունեցել հաջողություններ փառատոնային ծրագրերից դուրս: Օրինակ` անցած տարի «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակին արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան)` որպես կինոնախագիծ, առաջին անգամ ներկայացվել է այս ծրագրի ընթացքում:

Այս ֆորումին ներկայացված կինոնախագծերից է նաև ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը: Այն արժանացել է 3 մրցանակի «Կաննի» միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի շրջանակներում: Այս տարի ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում: «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի մեկ այլ ֆիլմ՝ «Territoria» ֆիլմը, ընտրվել է մասնակցելու 2014 թ. «Կաննի» միջազգային կինոփառատոնի Cinéfondation’s Atelier-ի 10-րդ մեկնարկի և Լոկարնոյի միջազգային կինոփառատոնի «Բաց դռներ» հատուկ ծրագրին:

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը բաղկացած է մի քանի նախագծերից: Դրանցից մեկն է «Ֆիլմեր առանց սահամաններ» կինոծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում ներկայացվելու է 17 ֆիլմ, որոնք ստեղծվել են Թուրքիայում և Արևելյան գործընկերության անդամ երկրներում: Այս ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին ուկրաինական «Եղբայրներ. վերջին խոստովանությունը» ֆիլմով, որի ռեժիսորն է Վիկտորյա Տրոֆիմենկոն: 

Լուսանկարում՝ Սուսաննա Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter