HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կապուտանցիների «շոկային» պայքարը` գյուղի արոտավայրի համար

Ցերեկվա ժամերին Կապուտան գյուղի փողոցներում հնարավոր չէ մարդ գտնել, բայց պատճառն այս անգամ արտագաղթը չէ: «Բոլորը դաշտերում են»,- ասաց համայնքապետ Սերոբ Միքայելյանը: «Մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ է: Էն որ ասում են` քարից հաց քամող, տիպիկ կապուտանցին է: Մարդիկ մտածում են վաղվա օրվա մասին, գիտեն, որ էսօր նստելով` չեն կարող վաղն ընտանիք պահել»,- ասաց նա:

Թե որքան թանկ է կապուտանցիների համար իրենց գյուղի հողը, ցույց տվեց համայնքապետարանում այդ օրը կայացած աճուրդը: Երեք կապուտանցիներ եկել էին պայքարելու գյուղի արոտավայրերից մեկի համար: Արոտավայրի մեկնարկային գինը սահմանվել էր 331 հազար դրամ, որը 340 քայլ սակարկությունից հետո դարձավ 2 մլն 13 հազար դրամ: Մրցակիցներից մեկը վերջապես ասաց «հրաժարվում եմ», ու առանց մրցակցին շնորհավորելու հեռացավ:

Դեռ ոչ մի գյուղում աճուրդի դրված հողն այնպես չէր սակարկվել, որ համայնքապետը հողի գինը ստիպված լիներ հաշվիչով հաշվել: «Ես շոկի մեջ եմ»,- ասաց Սերոբ Միքայելյանը:

Այս սակարկությունը հաստատում է, որ Կապուտանի հողերը պահանջարկ ունեն: Բայց նախկինում` 2013թ., աճուրդի դրված լոտերը վաճառվել են առավելագույնը երեք քայլից հետո: Բոլոր լոտերը վաճառվել են երկու մասնակցի սակարկության արդյունքում: Ըստ 2013թ. աճուրդների արձանագրությունների` հիմնականում աճուրդի են հանվել բնակելի կառուցապատման հողամասեր: 0,12 հա մակերեսով, 411000 դրամ մեկնարկային գնով հողատարածքները երեք քայլից հետո վաճառվել են 426 000 դրամով (քայլի չափը` 5000 դրամ):

«Հիմա զարգանում է գյուղը, չորս-հինգ եղբայրով ապրում են մի տան մեջ և ուզում են մի հողակտոր ունենան, դոմիկ դնեն, յոլա գնան: Չեն ուզում գյուղը լքեն, իսկ դա մեծ բան է»,- ասում է համայնքապետը: 2013թ. աճուրդում հաղթած մասնակիցներից մեկի տանը, ըստ պետական ռեգիստրի, գրանցված է 35 հոգի: Նա աճուրդի ժամանակ ձեռք է բերել բնակելի կառուցապատման հողատարարածք: Կապուտանի աճուրդների մասնակիցները միայն կապուտանցիները չեն: Գյուղապետարանի ներկայացրած ցանկում կային նաև աբովյանցիներ և երևանցիներ: Բնակելի կառուցապատման հողատարածքներից մեկը (ծածկագիր` 07-036-0111-0135, 0,06 հա) օտարվել է մոր եւ որդու «պայքարի» արդյունքում, որոնց գրանցման հասցեն Երևանում է: Մայրը հրաժարվել է շարունակել սակարկությունը, որդին գնել է հողը երրորդ քայլով՝ մեկնարկային 171000 դրամին ավելացնելով 15 հազար դրամ:

Աճուրդների գործընթացը կարգավորող «Հրապարակային սակարկությունների» մասին օրենքն ու «Հողային օրենսգիրքը» չեն արգելում, որ նույն լոտի համար մրցակցեն միևնույն ընտանիքի անդամներ: Այս դեպքում, եթե որևէ մեկը ցանկանում է հող ձեռք բերել, կարող է աճուրդն իր ընտանիքի անդամի միջոցով «կայացնել»: Համայնքապետն ասում է, որ իր համար մեկ է` ով է մասնակցում աճուրդիn, «սահմանափակում չկա»: Այս դեպքում հողերը վաճառվում են գրեթե մեկնարկային գնով:

2013թ. աճուրդներից գյուղի ֆոնդային բյուջեում գոյացած գումարներով մասնակի վերանորոգել են փողոցային լուսավորության ցանցը, գնել են «Նիվա» մակնիշի ծառայողական մեքենա, վերանորոգում են համայնքի վարչական շենքը: Արոտավայրի վաճառքից գոյացած գումարով, ըստ համայնքապետի, վերանորոգվելու է գյուղը սելավից պաշտպանող արգելապատնեշներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter