
Դիլիջանում աճուրդը կայացավ առանց քաղաքապետի, բայց նրա ստորագրությամբ
Դիլիջան քաղաքում հողի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար սահմանված է 1242 դրամ, սակայն, ինչպես նշեց քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, իրենք երբեւէ կադաստրային արժեքով աճուրդ չեն անցկացրել: Այստեղ հողատարածքի մեկնարկային գինը սովորաբար սահմանվել է կրկնակի, եռակի բարձր, իսկ աճուրդում կատարված քայլերի արդյունքում գինը կրկին բարձրանում է: Քաղաքապետը բացատրում է, որ հողի վաճառքը շուկայական արժեքով իրականացնելու դեպքում խոչընդոտներ կստեղծվեն բիզնեսի զարգացման համար, իսկ իրենք բիզնեսը խթանելու նպատակ ունեն: «Այդ քաղաքականության շնորհիվ աճում է քաղաքի բյուջեն»,- ասում է Ա. Սանթրոսյանը:
Վերջին տարիներին Դիլիջանում ավելացել են ներդրումները, եւ քաղաքապետը հավաստիացնում է, որ աճուրդում հաղթողների 80%-ը դիլիջանցիներն են: Վերջիններս իրենց ներդրումները կատարում են հիմնականում սպասարկման ոլորտում` խանութներ են կառուցում, գեղեցկության սրահներ, հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլն:
Այսօր` հուլիսի 4-ին, Դիլիջանում տեղի է ունենալու քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի ժամանակ քննարկվելու են նաեւ Դիլիջանում շինթույլտվության հետ կապված հարցերը: Շինթույլտվություն ստանալու համար քաղաքապետարան է դիմել մոտ 14 հոգի, որոնց մեծ մասը դիլիջանցիներ են: Նրանցից երկուսը ներկայանում են խոշոր ծրագրերով՝ ստեղծել հանգստյան տուն եւ հանգստյան գոտի: Նրանցից մեկը դիլիջանցի է, մյուսը՝ ոչ: Այս նախագծերից մեկի համար իրականացվելու է նաեւ բնապահպանական քննարկում «Օրհուս» կենտրոնում:
«Հետքին» տված վերջին հարցազրույցում քաղաքապետ Ա. Սանթրոսյանը նշել էր, որ վերջին տարիներին քաղաքի բյուջեն ավելացել է: Քաղաքապետը դրա պատճառներից մեկը համարում է դրսից կատարվող ներդրումները, որոնց արդյունքում օտարում են հողերը, ավելանում է հողի հարկը: Այս տարի քաղաքապետարանում պլանավորել են ունենալ 263 մլն դրամ ֆոնդային բյուջե:
Դիլիջանում վերջին աճուրդը տեղի ունեցավ հունիսի 30-ին, որի ժամանակ համայնքային սեփականությունից օտարվեց 5 հողատարածք: Աճուրդի նշանակված ժամից՝ 12:00-ից դեռեւս քսան րոպե առաջ քաղաքապետը տեղեկացրեց, որ աճուրդի մասնակիցների մեծ մասը նշված ժամից շուտ էր ներկայացել, եւ աճուրդն արդեն կայացել է: Աճուրդն անց է կացրել քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Էդվարդ Բաբինյանը, իսկ այդ ընթացքում քաղաքապետն իր աշխատասենյակում խորհրդակցություն էր անցկացնում: Խորհրդակցությունից հետո, երբ արդեն աճուրդը սկսելու ժամանակն էր, 4 լոտի վաճառքն արդեն կայացել էր: Քաղաքապետի հետ մեր զրույցի ժամանակ աճուրդավար Է. Բաբինյանը ստորագրելու համար նրան ներկայացրեց աճուրդի արձանագրությունները: Աճուրդներից երեքն անցել էր 4 մասնակցով, երկուսը՝ 2:
Բացի հողի օտարումից, ֆոնդային բյուջեն ավելանում է բնակարանների սեփականաշնորհումից ստացվող գումարներից: Այսինքն, Դիլիջանում դեռեւս կան բնակիչներ, ովքեր տարիներ շարունակ ապրել են իրենց սեփականությունը համարվող բնակարաններում, սակայն փաստաթղթերն իրավական ձեւակերպում չեն ունեցել: Այժմ այդ բնակիչները վճարում են «սիմվոլիկ գումար»՝ 1500 դրամ 1 քմ-ի համար, որպեսզի սեփականաշնորհեն իրենց բնակարանները: Քաղաքապետը կարեւորում է սեփականաշնորհման այս գործընթացը, որովհետեւ քաղաքացիներից շատերը բանկերի հետ գործարքներ իրականացնելու՝ գույքը գրավադրելու, վարկ վերցնելու դեպքում, բնակարանի սեփականության իրավունքի բացակայության պատճառով կարող են խոչընդոտների հանդիպել:
Տեղի ֆոնդային բյուջեն հիմնականում ծախսվում է կապիտալ շինարարության եւ գույքի ձեռք բերման վրա: Քաղաքապետը հպարտությամբ է նշում, որ վերջին տարիների ընթացքում իրենք ոչ միայն համայնքային գույք չեն օտարել, այլեւ համայնքի միջոցներով մի քանի շենք են ձեռք բերել, կառուցել են քաղաքի թանգարան-պատկերասրահը, ամֆիթատրոնը, ակումբը, գնել են մանկապարտեզի նոր շենք, կատարել ասֆալտապատում եւ այլն: Միաժամանակ, ֆոնդային բյուջեից հատկացումներ են արվում միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը:
Քաղաքում տեղի ունեցող ներդրումների, շինարակական աշխատանքների, նոր կենտրոնների գործարկման շնորհիվ, ըստ քաղաքապետի, արտագաղթն այստեղ մեծ ծավալների չի հասնում: «Ցանկացած հայ, եթե իր հայրենիքում աշխատանք ունենա եւ նորմալ վարձատրվի, չի գնա արտագնա աշխատանքի՝ թողնելով իր ընտանիքը»,- համոզված է Արմեն Սանթրոսյանը:
Մեկնաբանել