
Գեղարոտում «կռիվ» են անում՝ պեղումներին մասնակցելու համար
«Եթե լսեք, որ աշխարհում բրոնզե դար են ուսումնասիրում, ու Գեղարոտում չեն եղել, ուրեմն, իմացեք, որ էդ հնագետները ստից մասնագետներ են»,- ասում է Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի բնակիչ Էմիլ Բայրախտարյանը: Նրան լրացնում են մյուս գեղարոտցիները: Հողոտ ձեռքերով գրպաններից հանում են բջջային հեռախոսները, ցույց տալիս բրոնզե հազարամյակի գտածոները: Որպես բանվորներ մասնակցում են հնագիտական պեղումներին: Գյուղում այդ գործի համար «կռիվ» է: Ասում են՝ «գտած գործ է»: Աշխատում են ամառվա 1- 2 ամիսը, առավոտվա 9-ից-16:00՝ ստանալով օրական 3000 դրամ:
Չեն թաքցնում՝ սկզբից փողի «խաթեր» են գնացել, հետո քիչ-քիչ տեսել են, որ գործ ունեն հազարավոր տարիների պատմության հետ: Ամեն գտածո լուսանկարում են, հետո գյուղում մի ամբողջ տարի քննարկում են, եկող-գնացողներին հպարտությամբ ցույց տալիս:
Ուրարտական պետության նախորդող տարածքը
Հնագիտությունը ոմանց կարող է անհրապույր գործ թվալ: Սա՝ առաջին հայացքից, բայց երբ ձեռքումդ պահում ես 4-5 հազարամյակների պատմություն ունեցող իրը, սիրտդ թրթռում է, հետո ուզում ես իմանալ, թե այդ ժամանակ մարդիկ ինչպես են ապրել: Անվրդով բացատրում են գեղարոտցիները:
Հայ-ամերիկյան համատեղ «Արագած» նախագծի շրջանակներում 1998 թ.-ից հնագիտական պեղումներ են իրականացվում, մասնավորապես, Գեղարոտ և Ծաղկահովիտ գյուղերում: Արշավախումբը ղեկավարում է Հնագիտության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Բադալյանը: «Պարզվեց, որ Գեղարոտն անչափ հետաքրքիր հուշարձան էր, որովհետև առաջին բնակեցումը վերաբերում էր վաղ բրոնզե դարին: Այս բլրի վրա բնակատեղին էր, ինչ-որ ժամանակ անց կյանքն ընդհատվել էր, որն այնուհետ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին վերաբնակեցվեց՝ դա արդեն ուշ բրոնզե դարն էր: Այդ ժամանակ երևի ամենածաղկուն շրջանն էր Գեղարոտում՝ բլրի գագաթին կիկլոպյան ամրոց կառուցվեց, բնակատեղիի տարածքում մի քանի սրբարաններ կառուցվեցին, շատ ակտիվ սոցիալական կյանք էր»,- ասում է նա:
Դամբարանների պեղումները նա համարում է փոքր ծավալի աշխատանք, քանի որ իրենց ուշադրության կենտրոնում բնակատեղիի ուսումնասիրություններն են: Արդեն երրորդ դամբարանն են պեղում: Դամբարանն իր կառուցվածքով 9-12 մետր տրամագծով թումբ է, որը անվանում են կուրգան: Մեկ կուրգանը պեղում են մեկ սեզոնի ընթացքում՝ ամռան 1-2 ամիս:
Հնագետը գտածոներից հատկապես առանձնացնում է վզնոցը, որը բաղկացած է մի քանի հարյուր կախիկներից, քարե ուլունքներից: Պեղված իրերը հանձնում են Հայաստանի պատմության թանգարան: Հնագետն ասում է, որ ժամանակակից ամբողջ գյուղը զբաղեցրել է հին դամբարանադաշտը: Նրա խոսքով՝ դամբարաներում, ըստ էության, «շարքային» մարդիկ չեն թաղվել: Երբեմն մեկ անհատի հետ թաղել են ստրուկին կամ գերուն: Սրանք, սակայն, ենթադրություններ են: Այս տարածքը հնագետները համարում են Ուրարտական պետությանը նախորդող շրջան:
Հազարամյակների այրված բնակատեղին
Ծովի մակերևույթից 2060 մ բարձրության վրա գտնվող Գեղարոտում նույնիսկ շոգ օրը մեղմ սառնություն ունի: Գյուղի ճանապարհաեզրից երևացող բարձրադիր կետում աշխատող հնագետները փոքր կետերի են վերածվում, իսկ սարի լանջով իջնող «ՈւԱԶ» մեքենան այնքան փոքր է երևում, որ թվում է՝ կարող ես կախել բանալիների տրցակից: Ծաղիկների գորգը ձգվում է դեպի բլուր: Գորգագործը՝ բնությունն է, թելերը երիցուկներից, դեղին, վարդագույն, մանուշակագույն ծաղիկներից են պատրաստված: Իսկ գորգը վերջանում է հուշարձանի մոտ:
16 տարի ուսումնասիրվող բնակատեղին առայժմ դժվար է ասել՝ տաճարների համալի՞ր է եղել, թե՞ քաղաք: Դրա համար էլ հնագետներն այն անվանում են բնակատեղի, քանի որ մի բան հաստատ է՝ այնտեղ մարդիկ են ապրել:
Հնագետներից Արմինե Հարությունյանը, ով 2002 թ.-ից մասնակցում է այդ նախագծին և մեկ դամբարան է պեղել, ասում է, թե տեղի ճարտարապետությունից ու գույքից կարելի է ենթադրել, որ տաճարային համալիր է եղել, բայց դա դեռևս փաստական հիմք չէ:
Նա մատնացույց է անում պեղավայրը, որտեղ երևում են քառակուսաձև տարածքներ՝ սենյակների նմանվող:
Նշում է, որ դրանք վերագրվում են վաղ բրոնզե դարին՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակին, իսկ տաճարը՝ ուշ բրոնզե դարին՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակին:
Արշավախմբի ղեկավարն էլ ցույց է տալիս սենյակների կենտրոնում գտնվող օջախանման տեղը, որն այրված է: «Շատ հետաքրքիր, ես կասեի նույնիսկ դրամատիկ պատմություն է ունեցել, մի քանի անգամ այրվել է, և շատ բան մնացել է այն դիրքով, ինչպես եղել է 4-5 հազար տարի առաջ: Կառույցի առաստաղը, պատերը քանդվել են, ծածկել են, չորս հազար տարի հետո պեղել ենք, իրերը մնացել են իրենց տեղերում»,- ասում է Ռ. Բադալյանը: Իսկ այրված տեղը ենթադրվում է, որ հրդեհ է եղել, մարդիկ լքել են տարածքը:
Այս վայրը նաև ռազմավարական նշանակություն է ունեցել, քանի որ Ախթալայից և Ալավերդուց պղինձը դեպի Արարատյան դաշտավայր տանում էին այդ ճանապարհով, հետևաբար, այս բլրից կարող էիր հսկել նաև մետաղի առևտուրը:
Ի՞նչ են տալիս պեղումները
Հայաստանում դեռևս չկա որևէ պեղավայր, որն ամբողջապես ուսումնասիրված լինի. ասում է հնագետ Ռ. Բադալյանը՝ հուշարձանի պեղումները համարելով սերունդների հարց: 16 տարիներին նրանց հաջողվել է ուսումնասիրել Գեղարոտի հուշարձանի մոտ 3000 քմ տարածքը (միայն բնակատեղին՝ առանց դամբարանադաշտի, 6 հա է): Մի կողմից՝ սա նա համարում է հսկայական ձեռքբերում, մյուս կողմից՝ աննշան մաս:
«Ուսումնասիրելով Հայաստանի, Հարավային Կովկասի բրոնզե դարը՝ հիմնականում շեշտը դնում ենք դամբարանների ուսումնասիրության վրա: Սա առաջին դեպքն է, որ 15 տարի ուսումնասիրում ենք բնակատեղիներ, որոնք ինֆորմացիայի միանգամայն տարբեր աղբյուրներ են: Ուսումնասիրում ենք յուրաքանչյուր ոսկոր, որը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին է եղել անասնապահության ձևը, ինչպիսի կլիմայական պայմաններ էին, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս պարզել գեղարոտցիների կապը անմիջական և հեռավոր հարևանների հետ, որովհետև մենք հնարավորություն ունենք պարզել նյութերի աղբյուրը»,- ասում է Ռ. Բադալյանը:
Գեղարոտի և Ծաղկահոտի պեղումները հարուստ նյութ կարող են լինել Հարավային Կովկասի բրոնզեդարյան կյանքն ուսումնասիրողների համար: Մոտ մեկ ամսից կավարտվեն նոր կուրգանի պեղումները, ինչին անհամբեր սպասում են գյուղացիները: Ասում են՝ հուղարկավորված մարդիկ դժվար էլ պատկերացնեին, որ 4-5 հազար տարի անց իրենց գերեզմանը բացելու են: «Դա գաղտնիքի բացում է»,- նշում են նրանք: Գեղարոտցիները նաև հույս ունեն, որ հոշարձան-բնակատեղին լավ ուսումնասիրելուց հետո գյուղը գուցե դառնա զբոսաշրջային վայրերից մեկը:
Մեկնաբանել