«Անկեղծ ասեք՝ իսկ Դուք՝ ինքներդ սթա՞փ էիք». Վարդան Պետրոսյանը՝ «Նիվայի» վարորդին
«Եթե Հայաստանում կա 10 օրինապահ վարորդ, ես նրանցից մեկն եմ». Արթուր Հակոբյան
Վարդան Պետրոսյանի գործով այսօր ցուցմունք տվեց «Նիվա» մեքենայի վարորդ, տուժող ճանաչված Արթուր Հակոբյանը: Նա նշեց, որ վթարի պահին իր վարած մեքենան կանգնած է եղել հողածածկ գոտում, երբ հետևից հարվածել է BMW մակնիշի մեքենան:
«Մինչեւ Աշտարակ թեքվելը ձեն առա մեքենայիցս, ուզեցա կանգնեմ: Կանգնել եմ հողածածկ գոտում, դիմացի մասը թեթև դեպի Աշտարակի կողմը... մի քանի հատ գազ եմ տվել, կողային հայելիներով նայեցի, որ լույս է տալիս, տեսա, որ շատ արագ ա գալիս, երկու վայրկյան ասեցի թող գա անցնի նոր, մի քանի վայրկյանում հասավ մեզ... Ամենաքիչը հարբած մարդու գործ... լուրջ մարդը կամ աջ, կամ ձախ կաներ»,- ցուցմունքում նշեց Արթուր Հակոբյանը:
Դատավորի հարցին, թե ունեք տվյալներ, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել, Արթուր Հակոբյանը պատասխանեց, որ լսել է: Բայց, թե ումից է լսել, ոչինչ չմանրամասնեց:
Դատախազի հարցին պատասխանելով՝ Արթուր Հակոբյանը նշեց, որ չի հիշում, թե ինչու է փոխանցման տուփը հետընթաց ռեժիմի տակ դրել (փոխանցման տուփի դիրքը արձանագրված է դատափորձագիտական եզրակացությամբ): «Նիվայի» վարորդը նշեց, որ հետընթաց չի կատարել: Եղել է կանգնած դիրքում:
Երբ հարցեր տալու հերթը հասավ պաշտպանական կողմին՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին՝ Հակոբյանները բորբոքվեցին: Հաճախ նախագահող դատավորը հանում էր հարցը, տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ առարկում էր՝ նշելով, որ փորձագետին տրվելիք հարցեր է տալիս Բաղդասարյանը: Վարդան Պետրոսյանի պաշտպանն էլ իր հերթին էր առարկում դատավոր Վաղինակ Մկրտչյանի գործողությունների դեմ՝ կարծիք հայտնելով, որ խախտվում է իր պաշտպանական իրավունքը՝ դեպքի հանգամանքները պարզելու հարցերի միջոցով:
Արթուր Հակոբյանը պատասխանեց Բաղդասարյանի հետևյալ հարցին, թե ինչ հեղուկների տարաներ են իր մեքենայի բեռնախցիկում եղել դեպքի օրը: Պարզվեց դրանք ավտոլվացման կետերին տրվելիք մեքենաների լվացման հեղուկներ են: Հակոբյանը զբաղվում է այդ գործով հիմնական աշխատանքից դուրս:
«Գործում առկա լուսանկարում երևում է, որ մեքենաներից ետ, ճանապարհի բանուկ մասում հեղուկ է թափված: Ինչպե՞ս կբացատրեք»,-Նիկոլայ Բաղդասարյանի հարցին «Նիվայի» վարորդը պատասխանեց. «Կարող ա հետո են բերել- թափել, որ նկարեն»: «Լուսանկարներն արված են դեպքից հետո լուսանկարիչ Շամշյանի կողմից»,-պարզաբանեց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:
Հաջորդ հարցը, որ հուներից հանեց Արթուր Հակոբյանին, վերաբերում էր փոխանցման տուփին, որը դրված է եղել հետընթացի ռեժիմի վրա. «Չեմ հիշում, ոնց կուզեմ կդնեմ, ես մեր գարաժում էլ եմ զադնիի վրա դնում»,-ասաց նա:
Հայկ Հակոբյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում նիստի ժամանակ Հակոբյանների կողմից պարբերաբար հնչում էին ռեպլիկներ ու վիրավորանքներ՝ ուղղված պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին ու Վարդան Պետրոսյանին: Էթիկայի նորմերը թույլ չեն տալիս մեջբերել այդ արտահայտությունները: Անգամ Հայկ Հակոբյանի կողմից հնչեց սեռական բնույթի հայհոյանք: Սա առաջին դեպքը չէ, երբ վիրավորանքներ են հնչում Հակոբյանների կողմից: Այդ ընթացքում Վարդան Պետրոսյանի ու նրան սատարողների կողմից որևէ հակադարձում չհետևեց: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը սանկցիա կիրառեց Հայկ Հակոբյանի նկատմամբ՝ նրան 1 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:
«Իմ հարցերի մեջ թակարդ չկա». Վարդան Պետրոսյան
«Ես չէի ուզում հարցեր տալ, բայց այս հարցերը ծայրահեղ կարևոր են: Իմ հարցերի մեջ թակարդ չփնտրեք, թակարդ չկա: Նոր ասացիք, որ հանցագործ եմ, ավելին ասեմ՝ ես մարդասպան եմ, էլ ի՞նչ եք ուզում ասեմ, որ հանգստանաք: Ես առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել Ձեր ընտանիքի հետ, բայց դուք քիչ առաջ ասացիք, որ ես հայտարարել եմ, թե փող չունեմ։ Ե՞րբ եմ նման բան հայտարարել»,- հարցրեց դերասանը:
Արթուր Հակոբյանը պատասխանեց. «Ձեր դատապաշտպանն է անցած նիստին ասել»:
Վարդան Պետրոսյանը պատմեց, որ իր կինը, քույրը, հարազատները հանդիպել են Հակոբյանների հետ, ամեն ինչ եղել է դրական, բայց դրանից հետո ամեն ինչ փոխվել է։ Ո՞րն է պատճառը: Դատավորը հարցը հանեց այս հարցը՝ հիմնավորելով, որ դա կողմերի հնարավոր հաշտեցմանն է վերաբերում և գործի փաստական հանգամանքների հետ կապ չունի:
Վերջում Վարդան Պետրոսյանը հարցրեց. «Անկեղծ ասեք՝ իսկ Դուք՝ ինքներդ սթա՞փ էիք»: Արթուր Հակոբյանը պատասխանեց՝ ես խմած չեմ եղել:
Էական հակասություն Արթուր Հակոբյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց հրապարակել Արթուր Հակոբյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ էական հակասություններ կան: Դատախազն ու տուժողների ներկայացուցիչն առարկեցին՝ համարելով, որ հակասությունները էական չեն: Դատարանը բավարարեց միջնորդությունը և Արթուր Հակոբյանի նախաքննական թվով 5 ցուցմունքները: Էական հակասությունները վերաբերում էին «Նիվա» մեքենայի նախավթարային դիրքին: Մի ցուցմունքում Արթուր Հակոբյանը նշել է, որ վթարը տեղի է ունեցել դեպի Աշտարակ տանող ճանապարհից 1 մետր հեռավորության վրա, հաջորդ անգամ ասել է՝ 3 մետր, հետո 5 մետր, ապա այսօր դատարանում՝ 10-12 մետր, իսկ նախաքննական ցուցնումքում՝ 15-20 մետր հեռավորության վրա: Ցուցմունքներից մեկում Հակոբյանը նշել էր, որ ցանկացել է 1-2 մետր հետ գալ դեպի Աշտարակի խաչմերուկ:
Պաշտպան Բաղդասարյանի հարցին, թե ինչն է պատճառը, որ Արթուր Հակոբյանը տարբեր թվեր է նշել, Արթուր Հակոբյանը բորբոքվեց. «Հինգ մետր, տասը մետր, տասնհինգ մետր՝ ի՞նչ կարեւոր ա: Էդ պահին չեմ իջել, չափել, հիմա ըտենց կոնկրետ չեմ հիշում: Հիշողությո՞ւն եք թողել. սաղ կյանքներս կործանված ապրում ենք, այ համբալ»:
Հակասությունները վերաբերում էին նաև փոխանցման տուփի դիրքին. առաջին ցուցմունքում Հակոբյանը նշել էր, որ այն առաջ գնալու վրա է եղել: Հակասություն կար նաև կանգնելու պատճառի վերաբերյալ. սկզբում Արթուր Հակոբյանն ասել է, որ ուղղակի կանգնել է, որովհետև հետևից արագ ընթացող մեքենա է նկատել, ապա նշել, որ մեքենան «դրաժենի» էր տալիս, դրա պատճառով է կանգնել Աշտարակի խաչմերուկից անցած:
Ցուցմունք տվեց տուժող Տաթևիկ Հակոբյանը
-Ճանաչո՞ւմ եք ամբաստանյալ Պետրոսյանին,-հարցրեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը Տաթևիկին:
-Որպես մարդասպան, այո,-հետևեց Տաթևիկ Հակոբյանի պատասխանը:
Տաթևիկն ասաց, որ շատ բան չի հիշում, չգիտի, թե ինչու հայրը կանգնեցրեց մեքենան, չի հիշում, թե իրեն ինչպես հանեցին մեքենայից: Ասաց, որ մեքենայում երկու քույրերով հոր հետևում են նստած եղել, իսկ եղբայրները՝ աջ կողմում:
Հաջորդ նիստին ցուցմունք կտա Հայկ Հակոբյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել