HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմինա. Արցախյան պատերազմի բժշկուհին

Պատերազմը դրամատիկ, իսկ գուցե հետո արդեն սովորական դարձած պատմության «հեղինակ» դարձավ բժշկուհի Արմինա Նալբանդյանի կյանքում: Նա Արցախյան պատերազմի բժշկուհիներից է: Ինքնակամ է գնացել՝ օգնելու համար:

Այս մասին փոքր-ինչ կոշտ է խոսում, արագ-արագ, երբեմն նույնիսկ չորության հասնող, երբեմն թույլ ժպիտով:

Սակայն պատմության կեսից միայն հասկանում ես, որ այդ ժպիտի մեջ թաքնվում է կսկիծը, որ այդ կոշտության մեջ փափկություն կա՝ այնքա~ն շատ:

Կյանքն՝ առանց «եթե»-ների

Արմինայի հետ հանդիպել ենք Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի իր ամառանոցում՝ երեկոյան: Մեր զրույցը, կարծես, շատ դժվար էր հյուսվում: Արմինան քչախոս է, պատերազմում իր արածի մասին չի սիրում խոսել, փոխարենը՝ սիրում է հյուրասիրել հյուրերին: Մեր այցելության օրը 5 վիրահատություն էր արել: Զրույցը երբեմն ընդմիջվում էր. նա զանգահարում էր հիվանդանոց, հիվանդներից հարցուփորձ անում:

Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում որպես վիրաբույժ: Ասում է՝ եթե բժշկուհի չդառնար, փաստաբանի մասնագիտությունը կընտրեր, բայց մայրը, որ խորհրդային տարիներին հայտնի փաստաբան էր՝ Էմմա Նալբանդյանը, թույլ չտվեց: Վերջինս դստերն ասել էր, թե ժամանակները փոխվել են, և մինչև փաստաբան դառնար, իր ձեռքերով այնքան կեղտոտ գործեր էին անցնելու: Բժշկի մասնագիտությունն էլ մանկուց սիրել է, իսկ ընտրությունն անվարան էր:


Բժշկական համալսարանում սովորելու տարիներին էլ սկսեց պատերազմը: «Իսկ ինչո՞ւ որոշեցիք գնալ պատերազմի դաշտ»: Այս հարցին անմիջապես պատասխանում է. «Պատերազմ սխալմամբ գնացի»: Հետո պատասխանը դառնում է տարողունակ մի տարածք, որտեղ տեղավորվում է շատ կարճ, բայց նրա կյանքը հիմնովին փոխած մի պատմություն:

Արմինան և նրա լուսահոգի ամուսինը՝ Արտակ Խաչատրյանը, սովորում էին բժշակական համալսարանում, նույն խմբում էին: 6-րդ կուրսում էին, երբ տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը: Ինտերնատուրան ավարտելուց հետո շարունակեց ուսումն ասպիրանտուրայում, իսկ ամուսինն ու էլի մի քանի ընկերներ գնացին Հայաստանի մարզեր որպես շտապօգնության բժշիկներ: Նա Սպիտակի փրկարարական ջոկատից էր, պատրաստվում էր դիմել միկրովիրաբուժության բաժին: Այս մասին նշում է Արմինան: Ասպիրանտուրա ընդունվելուց հետո՝ 1992 թ. դեկտեմբերի վերջին, ամուսնացել են: Այնուհետ՝ 1993 թ. մարտին, Սպիտակի ջոկատի հետ Արտակը մեկնել էր Վլադիկավկազ՝ ձնակույտի տակ մնացած մարդկանց փրկելու:

Այդտեղից վերադառնալուց հետո կնոջն ասել էր, թե քաղաքում պատահաբար հանդիպել է Սերգեյ Չալյանին: Վերջինս էլ ասել էր, թե պատրաստվում են հարձակում գործել Շահումյանի վրա, և բժշիկ է պետք իրենց:

Արմինան կարծում է, որ դա պատահական հանդիպում չէր քաղաքում, և ենթադրում է, որ ամուսինը Չալյանի հետ հանդիպել էր օդանավակայանում: «Երբ Արտակն ինձ ասաց, որ պետք է գնա Շահումյան, ես պատասխանեցի, որ այդ դեպքում ես էլ կգամ քեզ հետ, որովհետև տրամաբանական չէր մի բժշկով էնտեղ լինելը: Ես մտածում էի, որ երբ ասեմ՝ ես էլ եմ գալիս, հնարավոր է, որ ինքը հրաժարվեր այդ որոշումից, որովհետև մինչև մեր ամուսնությունը ինքը գնում-գալիս էր Շահումյան, իսկ ամուսնությունից հետո՝ ոչ, այսինքն՝ ստացվում էր, որ ես իրեն թույլ չէի տալիս»,- ասում է Արմինան: Նրա հայացքը կարծես սահում է սեղանի սպիտակ մոմլաթի վրա:

«Եթե այսպես լիներ»-ի պատասխան այլևս չի փնտրում: Ասում է՝ ինչպես կյանքում, այնպես էլ բժշկության մեջ «եթե»-ով ստորադասություն չի լինում:

1993 թ. ապրիլին ամուսնու հետո ուղղաթիռով գնացել են Մարտակերտ, Եղակերի անտառները: Այդտեղ էլ հանդիպել են Շահեն Մեղրյանին, խոսել նրա հետ: Մեղրյանն էլ ասել է, թե բուժական սարքավորումներ են անհրաժեշտ: Արմինան պատմում է, որ այնուհետ ինքը վերադարձել է Երևան՝ այդ սարքավորումները գտնելու և այնտեղ ուղարկելու համար: Առողջապահության նախարարության օգնությամբ Եղակերում պետք է հիմներ դաշտային հոսպիտալ, ևս մեկ պահուստային հոսպիտալ՝ Արտատափում: Երևանում գտնվելիս իմացել էր, որ Արտակը պետք է վերադառնա: 1993 թ. ապրիլի 17-ն էր: Այս օրը հիշելիս մի պահ լռում է, աչքերը խոնարհում է սեղանին:

«Զանգեցի, հարցրեցի, թե արդեն եկել են, ասացին՝ դեռ ոչ, չեն եկել: Անհասկանալի աժիոտաժ էր էնտեղ, ինձ հիմարացրել էին, թե ուղղաթիռը Ստեփանակերտում է վայրէջք կատարել, փոխարենն ասելու, որ ուղղաթիռը խփել են: Այդ օրը երեկոյան Շուշիի բաժանմունքի բժիշկ Նորիկը եկավ, որին լավ գիտեի, Արտակի հետ Շահումյանում էին լինում, ասաց, որ ուղղաթիռը խփել են, և անհրաժեշտ է գնալ մարմինները ճանաչել»,- պատմում է բժշկուհին: Իսկ պատմում է հանդարտ, առանց կանանց բնորոշ զգացմունքայնության: «Իհարկե, իրենք չէին ուզում ասել ինձ, որովհետև պատկերացնում էին, որ իգական սեռի ներկայացուցիչ եմ, հիստերիա կդնեմ և այլն, բայց չէին պատկերացնում, որ ես վիրաբույժ եմ: Ես բարկացել էի նրանց վրա, որովհետև այդքան ժամ մարդուն պահել անտեղյակ և գիշերը գալ ասել, երբ ես չգիտեի, թե ում զանգեմ ասեմ էդ մասին»,- հիշում է նա: Այդ օրը ուղղաթռիում 11 հոգի կար: Ամուսնու մահվան 40 օրը լրանալուց հետո Արմինան որոշել է վերադառնալ Եղակեր:

Վերադարձ Ղարաբաղ

1993 թ. հուլիսին բժշկուհի Արմինա Նալբանդյանը դաշտային հոսպիտալ էր տարել Եղակեր: Ասում է՝ բավական երկար ժամանակ Եղակեր ուղղաթիռ չէր գնում: Բացի դրանից՝ բժիշկներն էին խուսափում գործուղվել այդ տարածք, վախենում էին, հատկապես, երբ Արտակի զոհվելուց հետո ևս մեկ բժիշկ վիրավորվել էր: «Մեկին խփեցին, մյուսը վիրավորվեց, ի՞նչ եք կարծում, երրորդը կգնա՞ այնտեղ»,- նշում է նա:


Այդ ժամանակ արդեն աշխատում էր Հանրապետական հիվանդանոցում: Այդտեղ էլ՝ վիրաբուժության բաժանմունքում, ասում է նա, միայն ինքն էր կին բժիշկ, և երբ իր գործընկեր տղամարդիկ իմացել էին, որ պատրաստվում է նորից գնալ Ղարաբաղ, խորհուրդ էին տվել հրաժարվել այդ մտքից: «Երբ պատասխանեցի, թե եթե դուք գնում եք, ես չեմ գնա, էդ պահից արդեն բոլոր հարցերը սառեցին»,- ասում է Արմինան:

Երբ հարցնում եմ, թե վախ չկա նորից հայտնվել պատերազմական գոտում, պատասխանում է. «Դե, հո հիմար չեմ, որ չվախենամ: Երբ դուք փողոցն անցնում եք, չե՞ք վախենում: Նույնն էլ պատերազմի դեպքում է: Իհարկե, պահեր են լինում, որ մտածում ես՝ ի՞նչ գրողս եմ էստեղ գտնվում, բայց հիմա ի՞նչ արած»:

Նեխած ալյուրով հացն ու մուրաբան

Մի անգամ, հիշում է, երբ ուտելու բան չունեին, ստիպված սկսել էր սունկ հավաքել, մարինադ պատրաստել: Բացի սնկից՝ մուրաբա, ջեմ էր պատրաստում: Եղել են դեպքեր, երբ ձվի և կարտոֆիլի փոշիով խյուս էին պատրաստում, հացի փոխարեն ուտում: Մի անգամ էլ ստիպված են եղել նեխած ալյուրը բացել ջրի մեջ, որդերը դուրս են եկել: Հետո տաքացրել են, հաց թխել: «Ի՞նչ արած…դրանք սարսափելի բաներ են»,- ասում է Արմինան:

Հեշտ չէր կրակել մարդու վրա

Արմինային ճանաչում էին իր շնով՝ Վեստոչկայով: Շների հանդեպ առանձնակի սեր ունի: Ասում է՝ որտեղ ինքը, այնտեղ էլ իր շները: Դրանք հսկա հովվաշներ են: Բժշկուհին պատմում է, որ եղել են դեպքեր, երբ շունն է իրեն փրկել: Զենք ունեցել է, բայց չի օգտագործել:


«Ուզում եք սպանեք ինձ, բայց ես չեմ կարող կրակել ոչ մարդու, ոչ կենդանու վրա: Մարդու վրա կրակելը հեշտ չէ, նույնիսկ մարտական գործողություններում հոգեբանություն է փոխում»,- նշում է բժշկուհին: Նա հատկապես հիշում է եռամսյա հավաքներին իրենց մոտ տարված մարդկանց, որոնց զգալի մասը ֆիզիկապես անկարողունակ էր կռվի դաշտ գնալու: Այդ մարդկանց հարկադրաբար էին բերել, իսկ «զոռով» կռիվ տանելը, ըստ նրա, արդյունք ունենալ չի կարող:

Ներկան՝ «լցոնված» հիշողություններով

1994 թ. օգոստոսին Արմինան այլևս վերադարձավ Արցախից: Մինչս օրս չի եղել այն տեղերում, որտեղ աշխատում էր պատերազմի ժամանակ: «Լավ հիշողությունները քիչ են»,- նկատում է նա: Հետո ավելացնում է, որ տղերքը կռվեցին, բայց ոչ 5-6 մարդկանց համար, որովհետև այսօր Հայաստանում հենց այդքան մարդ է լավ ապրում:

«Հայաստանի կեսը չկա: Մեր հիվանդանոց ունևորները հիմնականում չեն գալիս, և կարող եմ ասել, որ մարդկանց վիճակը շատ ծանր է, 1990-ականներին վախենալու էր, հետո այդ սերնդի մի մասը մեծացավ, սկսեց աշխատել դրսում, էստեղ մի քիչ գումար ուղարկեցին, մարդիկ ծերը ծերին հասցրեցին, իսկ հիմա, ինչքան գիտեմ, խոպան չեն էլ գնում՝ գնում են, հաստատվում են, հետո իրենց ընտանիքն են տանում: Դրա համար Հայաստանը դատարկվում է»,- ասում է զրուցակիցս:

Իսկ ես ձեռքբերում ունե՞մ

Այսօր կռված տղերքից շատերը հիասթափված են, որովհետև տեսան, թե ինչպես են իրենց վերաբերվում: Այս կարծիքին է զրուցակիցս, բայց մտածում է, որ նաև կան մարդիկ, ովքեր «ֆանատիկի պես նվիրված են»: Երբ հասանք կյանքի ամենամեծ ձեռքբերման հարցին, Արմինան հարցական նայեց ինձ՝ ասելով. «Իսկ ես ձեռքբերում ունե՞մ... Ես ձեռքբերում, վայ թե, չունեմ.... Ընկերներս, երևի էդքանը»: Պատասխանից հետո հասկանում ես, որ պատերազմը խլել է նրանից ամենակարևորը: Դրսից լսվում է շան՝ Ցերիի ձայնը: Արմինան ժպտում է:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter