HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«8 ամիս է` չենք կարողանում մեր ասելիքը տեղ հասցնել»

Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատական նիստն այսօր մեկնարկեց մեկ ժամ ուշացումով: Պատճառը փաստաբաններից Արա Զաքարյանի հետ կապված դիպվածն էր: Փաստաբանին երկար ժամանակ թույլ չէին տալիս բարձրանալ դատական նիստերի դահլիճ առանց պայուսակի զննման:«Կարգադրիչներն ասում էին` սարքը զնգում է, մի հատ բացեք պայուսակը նայենք: Սա ձևական բնույթ է կրում: Պետք է պարզապես սարքով զննեն մարդու պայուսակը և ոչ թե ասեն` բացեք պայուսակը: Այնտեղ փաստաբանական գաղտնիք պարունակող ինֆորմացիա կա: Ես ասացի կամ կբարձրանամ վերև ու կհայտարարեմ, որ իմ պայուսակը ուզում են զննել կամ ստիպված չեմ մասնակցում նիստին»,-  «Հետքի» հետ զրույցում պատմեց Արա Զաքարյանը` նշելով, որ բանակցությունները ավարտվել են նրանով, որ կարգադրիչը հարցրել է` արգելված իր կա պայուսակում, փաստաբանն էլ պատասխանել է` ոչ:


Դատարանը շարունակեց ու ավարտեց տեսագրությունների հրապարակումը: Դրանից հետո հայտարարությամբ հանդես եկան երեք պաշտպաններ նախապես կազմած տեքստով, որին միացան մյուս բոլոր պաշտպանները: Հայտարարությունը վերաբերում է տեսագրությունների ու 4 քննիչների կազմած տեսագրությունների զննության արձանագրությունների անհամապատասխանությանը:

Այդ զննությունը տևել է 14 օր, տեսագրությունները զննել է 4 քննիչ, սակայն երկրորդ զննության արձանագրության տակ ստորագրել են 2 ընթերականեր և ոմն Խ.Ավետիսյան. «Նման քննիչ չի եղել տեսագրությունները զննած 4 քննիչների մեջ»,- ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Երթը դադարեցվել ու խոչընդոտվել է  ոստիկանների կողմից մինչև Մաշտոցի պողոտա դուրս գալը, երթի մասնակիցները ոչ մի բռնություն չեն կիրառել նրանց նկատմամբ։ Ոստիկանները երթի սկզբում բարձրախոսով չեն դիմել նրանց, չեն զգուշացրել դրա անօրինականության մասին։ Երթն ուղեկցող ոստիկաններից ավելի շատ էին քաղաքացիական հագուստով ոստիկանները։ Երթի կազմակերպիչի՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնի ուժ է գործադրվել։ Երբ Շանթը ոտքը դնում է Մաշտոցի պողոտա,  հետևից մեկը բռնում է պարանոցից»,- հայտարարության տեքստում ընդգծեց փաստաբանը։

«Ոստիկանն իրավունք չունի պրովոկացիա անի, ես դեպքից հետո խնդրեցի, որ քննչական գործողությունները կատարի երրորդ մարմին, ճիշտ է՝ իրենք էլ պատվեր կկատարեին, բայց մեկ ա, Դուք մերժեցիք, ես դա հասկանում եմ… ԿԳԲ-ն զակազ ա իջացնում, ոստիկանը բռնում ա, քննիչները միակողմանի քնություն են անում, դատավորն էլ հաստատում ա… Եթե էս բոլոր հարցերը չենք պարզաբանելու, եկեք փակենք էս թատրոնը, թող գնա, ծիծաղելի ա նստել, էս վիդիոները նայել, մեր տունն էլ կարանք նայենք»,- հայտարարեց Շանթը։

Շ.Հարությունյանի գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը նշեց, որ իր պատկերացմամբ կրկնվում է 1920 թ-ի պատմական իրավիճակը, երբ Հայաստանին ուզում էին խորհրդայնացնել, զուգահեռաբար Ռուսաստանը զինում էր թուրքերին: Շանթն էլ լրացրեց, որ ոչ թե իրավիճակի նմանությունն է, այլ ճիշտ կրկնությունը: «Մենք դուրս եկանք փողոցներ դիրքորոշումը հայտնելու մարդկանց, բայց 8 ամիս է` չենք կարողանում մեր ասելիքը տեղ հասցնել»,- շեշտեց Ալեք Պողոսյանը:

Զինվորական Վարդան Վարդանյանն ասաց, որ նոյեմբերի 5-ի ողջ գնահատականը տվեց ժողովուրդը: «Տեսագրության վերջում, եթե լսեցիք, գոռում էին` թուրքեր… Ինչո՞ւ քննիչները չեն բացահայտել այն լեյտենանտի անունը, ումից այդ ամենը սկսվել է, ինչո՞ւ են ասում՝ ոմն լեյտենանտ, լեյտենանտը չի կարող ոմն լինել… Քաղաքացիական հագուստներով մարդիկ էնքան շատ էին, ես մտածեցի ադրբեջանցի շպյոն ա, ասեցի՝ վնասազերծեմ: Հերոսություն եմ արել, ինձ պիտի մեդալ տաք»,- ասաց Վարդան Վարդանյանը։

Ավետիս Ավետիսյանը շնորհակալւթյուն հայտնեց իր ընկերոջ` Սևակ Հովհաննիսյանի ծնողներին, ովքեր Սևակի պես տղա են դաստիարակել: Սևակը օգնել է ընկերոջը նոյեմբերի 5-ին: 

Սևակ Հովհաննիսյանն էլ ասաց, որ դա իր անձի համար է արել. «Ամեն ինչ սկսվում է եսասիրությունից, եթե այդպես չանեի, չէի հարգի ինքս ինձ… »: Սևակը պատմեց թագավորի ու ժողովրդի մասին հայտնի պատումը, երբ թագավորը ծանր վիճակի մեջ է դնում ժողովրդին` կտրելով ջուրը, պայմանները վատացնելով, հետո էլ գործից առաջ ու հետո բռնաբարելով: «Ես չեմ ուզում, որ իր ժողովուրդը բռնաբարվի… Ես ուզում եմ, որ պատժվեն իրական հանցագործները»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը:

«Իմ խնդիրը չպետք է լինի, ոնց մի կտոր հաց վաստակեմ` երեխաս սոված չմնա, իմ խնդիրը պետք է լինի պետության համար պետական մտածելակերպ ունեցող քաղաքացի մեծացնել: Խուլիգանություն չէ մեր կատարածը, ունենք արժանապատվություն»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Հայկ Հարությունյանը հայտարարեց. «Մեր երկրին տեր կանգնելու պահանջով ենք դուրս եկել, ոչ թե խուլիգանություն ենք արել»:

Ամբաստանյալների հայտարարություններից հետո դատարանը հետազոտեց դեպքի իրեղեն ապացույցները:

Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց դատարանում հետազոտել նաև մյուս իրեղեն ապացույցները: Դատավորն պարզաբանեց, որ դրանք լրացուցիչ ապացույցներ են, կհետազոտվեն եղածները հետազոտելուց հետո: 

լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter