
Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ սահմանադրական ավանտյուրա
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին հանձնարարել են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հասարակական պահանջարկ ձևավորել, որպեսզի ինչ-որ կերպ արդարացվի սահմանադրական բարեփոխումների` իշխանության նախաձեռնած հերթական արշավը: Եվ այս օրերին Հարությունյանը, զոռ տալով իր իրավական գիտելիքներին, ճարտասանական հմտություններին, փորձում է համոզել, որ Հայաստանի բոլոր խնդիրների, հասարակական հարաբերություններում առկա հոռի բարքերի, երևույթների, պետական կառավարման համակարգի կիսափտած վիճակի միակ պատճառը Սահմանադրության անկատարությունն է:
Դա արվում է այսպես կոչված հանրային քննարկումների անվան ներքո, իբր հասարակական լայն շրջանակներին այդ բարեփոխումների գործընթացին մասնակից դարձնելու, նախաձեռնության իմաստն ու նպատակները նրանց հասու դարձնելու նպատակով: Սակայն իր փաստացի մենախոսությունները Հարությունյանը ծավալում է հատուկ լսարաններում միայն` այս փուլում, որպես կանոն, մարզպետարանների աշխատակազմերում: Լսարան, որն իրականում ոչ մի կերպ չի կարող ազդել քաղաքական որոշումների վրա և գլուխն աջուձախ, վերև-ներքև տմբտմբացնելուց բացի` ոչինչ չի կարող իրեն թույլ տալ: Կամ իշխանության լսարանը, հանրությունը միայն սեփական բյուրոկրատիան է, որին համարում է Սահմանադրության հիմնական սպառողը, կամ հանրային քննարկումների անվան տակ տեղի է ունենում պարզագույն մանիպուլյացիա: Հենց այսպիսի քննարկումների արդյունքում էլ, ի վերջո, Հարությունյանը, դեմքի լուրջ արտահայտությամբ, գուցե նաև հավատալով ինքն իրեն` երկրի նախագահին զեկուցելու է, որ հանրությունը հալած յուղի տեղ է ընդունում սահմանադրական բարեփոխումների` իշխանության նախաձեռնած պրոցեսը, լիակատար աջակցություն է ցուցաբերում դրան և քնում ու զարթնում է` երազելով միայն այն պահի մասին, թե երբ է մտնելու քվեախցիկ և «այո» ասելու իր փրկության փարոս` նոր խմբագրված Սահմանադրությանը:
Հարությունյանն այդ «հանրային քննարկումների» ժամանակ նրբորեն զարգացնում է այն թեզը, թե սահմանդրական բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված է իշխանության միջին օղակների հայեցողության հստակ սահմանագծման և այդ օղակում գործող «բորենիների համաստեղծությունը» (բնորոշումը հենց Գագիկ Հարությունյանինն է) վերացնելու անհրաժեշտությամբ: Կառավարման միջին օղակների վրա կենտրոնանալը պատահական չէ. դա արվում է հատուկ` ցույց տալու, որ վերին օղակներում ամեն ինչ կարգին է և սահմանադրական: Եթե անգամ մի պահ փորձենք լուրջ մոտենալ այս թեզին, ապա ստացվում է, որ կամ իշխանության վերին օղակները չեն տիրապետում իրավիճակին և ի զորու չեն լուծելու այդ բորենիների հարցերը, կամ նրանք են պահում և զարգացնում այդ ենթահամակարգը: Այլ տարբերակ ուղղակի չկա:
Հարությունյանին, իհարկե, կարելի է հասկանալ: Այն դեպքում, երբ Սահմանադրության չաշխատող, հասարակության ու պետության զարգացմանը խոչընդոտող դրույթները, սահմանափակումները կամ արտոնությունները չմատնանշելու պարագայում նախ բարեփոխումների հանձնաժողովն է ստեղծվում, այսինքն` միջոցը, մեխանիզմը դառնում է նպատակ, թեկուզ միջանկյալ, այլ բան չի մնում, քան ինչ-որ հնարքներով Սահմանադրությունը փոխելու հիմքեր մոգոնելը: Հարությունյանը չի կարող ասել, թե կառավարման համակարգը չի աշխատում և լիարժեքորեն կախված է մեկ անձի` գործող նախագահի հայեցողությունից հանրության պատճառով: Միաժամանակ չի կարող նաև ասել, թե պատճառը հենց այդ միակ անձի ունեցած անսահմանափակ ու ոչ ֆորմալ իշխանությունն է: Մնում է քավության նոխազ սարքել միջին օղակներին, որտեղ, իհարկե, բորենիների պակաս չկա, բայց այդ կոնտինգենտը ոչ թե ինչ-որ բանի պատճառ է, այլ հետևանք, այն ոչ թե կառավարման կամ իշխանության կրող է, սուբյեկտ:
Մինչդեռ ոչ Հարությունյանը, ոչ էլ սահմանադրական փոփոխությունների այս ավանտյուրայի մեջ ներգրավված մասնագետներից որևէ մեկը չեն փորձում հիմնավորել, թե ինչու հնարավոր չէ հենց գործող Սահմանադրության շրջանակում ձերբազատվել այդ բորենիներից, ինչո՞վ է դրան խանգարում գործող Սահմանադրությունը: Արդյոք Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ օլիգարխները ԱԺ մեծամասնական ընտրակարգով կամ համամասնական ցուցաներով անցնում են խորհրդարան, նշանակվում վարչապետ ու նախարարներ և պաշտոնական դիրքը ծառայեցնում սեփական, մասնավոր շահերի բավարարմանը, և դա համասրվում է բնական, քանի որ այդ մարդկանց փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է: Սահմանադրությու՞նն է մեղավոր, որ առաջին ատյանի դատարանի դատավորներն իրենց դատավճիռները կայացնելուց առաջ նախ ճշտում են Վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքը, այդ օրվա տրամադրությունը և առաջնորդվում դրանցով: Գուցե Սահմանադրությու՞նն է ոստիկանության կողմից խաղաղ հավաք անցկացնող քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու թույլտվություն տալիս, համապետական ընտրությունների ժամանակ փող բաժանում, ընտրությունների արդյունքներ կեղծում և ստիպում խորհրդարանին վերածվելու Կառավարության կցորդի: Կամ գուցե Սահմանադրությո՞ւնն է վարչապետ Հովիկ Աբրահամյանին արտոնում այսպես կոչված ստվերի դեմ պայքարի քողի տակ միանձնյա որոշել` գործարարներից ով ինչքան փող է մուծելու պետական բյուջե: Գուցե նաև Սահմանադրությո՞ւնն էր Սամվել Ալեքսանյանին ու մյուսներին իրավունք տալիս խախտել օրենքներըը և սեփական ճաշակով վերաձևել պետության կողմից պարտադիր պահպանման ենթակա պատմաճարտարապետական կառույցները և երաշխավորում նրանց անպատժելիությունը:
Այս և բազմաթիվ այլ նմանատիպ կոնկրետ իրողությունների շրջանցումը կամ դրանք, դեռևս ոչ մի խնդիր չհարուցած, Սահմանադրության հետ կապելն առնվազն երեսպաշտություն է, պատասխանատվությունից խուսափելու միջոց, որը խոսում է Սահմանադրական բարեփոխումների միջոցով բոլորովին այլ խնդիրներ լուծելու մտադրության մասին: Բացարձակապես պատահական չէ, որ բարեփոխումների առանցքում պետական կառավարման ձևի փոփոխման հարցն է: Թե ինչու՞ է դա արվում, առանձին քննարկման թեմա է: Բայց փաստն այն է, որ արդյունքում Սահմանադրությունը պարզապես վերածվում է օրվա խաղալիքի բյուրոկրատիայի ձեռքում, և դա տեղի է ունենում մեկ այլ կեղծ թեզի ներքո: Ըստ դրա` Սահմանադրությունը պետք է փոխել, քանի որ հասարակական հարաբերությունները շարունակաբար փոխվում են, զարգանում: Մինչդեռ իրականում ոչ թե այդ հարաբերություններն են զարգանում, այլ իշխանության վերարտադրման տեխնոլոգիաներն են կատարելագործվում, և դրանց համատեքստում Սահմանադրությունը դառնում է սովորական, մի քիչ դժվար կիրառելի գործիք:
Դրա երկրորդային էֆեկտն արդեն սահմանադրական հանրաքվեի արժեզրկումն է: Թե́ 1995թ. Սահմանադրության ընդունման և թե́ 2005թ. սահմանադրական առաջին բարեփոխումների անցկացման հանրաքվեների լեգիտիմությունը առ այսօր կասկածի տակ է: Այդ ֆոնին նույնպիսի նոր արկածախնդրությունը հանգեցնելու է նրան, որ ընտրությունների համակարգի պես նաև հանրաքվեն է խլվելու դրա իրական շահառուներից` քաղաքացուց և հասարակությունից: Որակական առումով ոչ մի տարբերություն չկա` իշխանության հագով կարված սահմանադրական փոփոխություննե՞րն են անցկացվում հանրաքվեով, թե՞ ինչ-որ բդեշխ է այսպես կոչված ընտրությամբ դառնում քաղաքապետ կամ պատգամավոր: Երկուսի արժեքն ու հետեւանքներն էլ նույնական են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել