HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոբի Ուոմաք. սոուլի լեգենդը

Նաիրա Հայրապետյան

Հունիսի 27-ին համաշխարհային մամուլի էջերում պտտվում էր մի լուր. մահացել է լեգենդար Բոբի Ուոմաքը(Bobby Womack): Այն տխրելու առիթ տվեց միլիոնավոր երկրպագուների, ովքեր այս արտիստին բացահայտել էին ռիթմընդբլյուզի, սոուլի, գոսպելի, ռոքնռոլի և այլ ժանրերում, իսկ սիրված երգերի հավաքածուներում մշտապես պահում էին նրա «Lookin' For a Love», «It's All Over Now», «That's The Way I Feel About 'Cha», «Woman's Gotta Have It» երգերը:

 Աֆրոամերիկացի երգիչ, կիթառահար և երգահան Բոբի Ուոմաքը մահացավ 70 տարեկան հասակում, դեռևս չբացահայտված հանգամանքներում: Նրա ստեղծագործական կյանքն ընդգրկում է վեց տասնամյակ,  ավելի քան հարյուր հիթեր, որոնցից ամենալայն տարածում գտածները վերոնշյալ երգերն էին և կատարվել են բազմաթիվ աստղերի կողմից:

Նրա անունը սկսեց հնչել դեռևս 60-ականներին, երբ բեմերում հայտնվեց «The Womack Brothers» խումբը:  Հենց այստեղից, իր չորս եղբայրների հետ է սկսվել Ուոմաքի երաժշտական ուղին: Շուտով նրանց նկատեց ամերիկյան շոու-բիզնեսի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը` Սեմ Քուկը, ով դառնալով խմբի պրոդյուսերը,  նախ`«The Womack Brothers» –ը վերանվանեց  «The Valentinos», ապա սեփական` «SAR Records» ստուդիայում թողարկեց մի շարք երգեր`  գոսպել, սոուլ և փոփ ոճերում: Խմբի առաջին հիթը, որը մեծ հաջողություն ունեցավ, Ուոմաքը ձայնագրեց 1964թ-ին, դա  «It's All Over Now» երգն էր (հեղինակ` Բ. Ուոմաք), որը դանդաղ քայլերով փորձում էր տեղավորվել R&B  չարտերում:

Մի օր Ս. Քուկը ուրախությամբ տեղեկացրեց, որ այն կատարելու ցանկություն է հայտնել բրիտանական The Rolling Stones խումբը, իսկ մեկ ամիս անց արդեն հնչեց նոր տարբերակը, որը շատ արագ գրավեց բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականը: Այն շուտով վերածվեց համաշխարհային հիթի:

 «Ես շատ վշտացած էի,- խոտովանում է Ուոմաքը,- կարծես նրանք իմ երգը գողացած լինեին ինձնից»: Ավելի ուշ, նա հասկացավ և ընդունեց Քուկի ոգևորությունը, ով իրականում այդ քայլով հստակ ճանապարհ էր կանխորոշել. երգի նոր տարբերակը ազդարարեց նաև նոր երգահանի և երաժշտի հանդեպ ուշադրությունը: Տարիներ անց` 1986թ-ին, նա նույնիսկ համագործակցեց խմբի հետ` հանդես գալով Միք Ջագերի հետ դուետով:

Հետագայում Ուոմաքի շատ երգեր են կատարվել այլ արտիստների կողմից: Դրանցից շատերն ավելի մեծ հաջողություններ են ունեցել, քան բնօրինակները` Ջանիս Ջոփլին` “Trust Me”, Ուիլսոն Փիքեթ` «I’m a Midnight Mover», «I'm in Love» և այլն:

Սեմ Քուկի առեղծվածային մահով ավարտվեց նաև “The Valentinos” –ի կյանքը: Մի շարք հանգամանքներից բացի, Բոբիի որոշումը` Քուկի մահվանից ընդամենը մի քանի ամիս անց նրա այրու` Բարբարա Քեմփբելի հետ ամուսնությունը, նրան սկսեց ինչ-որ առումով հեռացնել երաժշտական նախկին աշխարհից:

Մնալով առանց հովանավորի և նոր պայմանագրերի, մերժվածի հոգեբանությամբ նաև` նա պարզապես հեռացավ խմբից: Կարճ ժամանակ անց Բոբին սկսեց իբրև «պահեստային» երաժիշտ-կատարողի հայտնվել տարբեր նախագծերում` Արեթա Ֆրենքլինի մի քանի ալբոմներում, այդ թվում հիշարժան «Lady Soul»–ում նա ձայնագրվեց որպես կիթառահար, ապա համագործակցեց ժամանակի երաժշտական դեմքերի` Ջեյմս Բրաունի, Ջո Թեքսի, Ջանիս Ջոփլինի և այն ժամանակ դեռ քիչ հայտնի, երիտասարդ Ջիմի Հենդրիքսի հետ:  1968թ. Բոբին թողարկեց իր դեբյուտային` «Fly Me to the Moon» ալբոմը, որով մեկնարկեց երաժշտի անհատական գործունեությունը: Այս ալբոմին սկսեցին հաջորդել մի շարք համագործակցություններ, նոր երգեր և նոր ձայնագրություններ, որոնք հաջորդաբար ամրացրեցին նրա  դիրքերը երաժշտական տարածքում:   1968թ. ջազային երաժիշտ Գաբոր Սաբոյի հետ նա ստեղծեց «Breezin'» կոմպոզիցիան, որը հետագայում Ջորջ Բենսոնի կատարմամբ հիթային դարձավ:

 70-ականների սկզբին թողարկված նրա երկու ալբոմները `«Communication» (1971 թ.)  և «Understanding» (1972 թ) համարվում են սոուլի դասական գործեր: Շուտով հայտնվեց նաև   «Across 110th Street»-ը, իսկ մեկ տարի անց  «Facts of Life»-ը 

1981թ-ին նա հանրությանը ներկայացրեց իր «The Poet» և «The Poet II » ալբոմները: Վերջինն ընդգրկում էր մի քանի դուետ սոուլ երգչուհի Փեթի Լաբելի հետ: Այս աշխատանքները համարվում են ամենաքքնադատված և ամենավաճառված ալբոմները Բոբի Ուոմաքի ստեղծագործական կյանքում` «փառավոր» տեղ զբաղեցնելով Billboard-ի  Top Black Albums շարքում` միաժամանակ մեծ հաջողություններ վերապահելով «If You Think You're Lonely Now» սինգլին:  

«Նյու-Յորք Թայմսի» բնորոշմամբ` թեև Բ. Ուոմաքը իր ժամանակակիցների` Ու. Փիքեթի, Էլ Գրինի, Մարվին Գեյի և Օտիս Ռեդինգի  նման չի ունեցել միլիոնավոր ձայնագրությունների հասնող հաջողություններ, նրա ձայնային առանձնահատկությունը, որին հղկաթղթե բնորոշումն են տալիս, առավել հանրաճանաչ դարձրեց Անգլիայով (քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում), որտեղ հանդիսատեսը հարգում և ընդունում է այն, ինչը իրապես է համարում է ամերիկյան ավանդական երաժշտություն: 

Գործնական կյանքի հաջողություններին զուգահեռ` Ուոմաքի անձնական կյանքը անվերջ վայրիվերումների մեջ էր, որն ուղեկցվում էր ողբերգական պատմությունների անվերջանալի շարքով` եղբոր` Հարիի սպանությունը, ապա երկու որդիների մահը և կախվածությունը թմրադեղերից: Այս ամենի հետևանքով 80-ականներից նրա երաժշտական կյանքը ևս սկսեց տատանումներ ունենալ և դանդաղորեն ցած սահել: Առողջական մի շարք խնդիրներին ավելացավ նաև շաքարային դիաբետը, թոքերի բորբոքումը, ապա սրտի անբավարարությունը: 80-ականների վերջում նա սկսեց լրջորեն բուժվել կոկաինից կախվածության դեմ, որը հաճախ պատճառաբանում էր որդու մահով: 2012թ. նա բուժվում էր ուռուցքային հիվանդության դեմ և բարդ վիրահատությունից հետո նա որոշեց այնուամենայնիվ կրկին վերադառնալ երաժշտական ասպարեզ:

2009թ. Ուոմաքը ներկայացվեց Ռոքնռոլի Փառքի Սրահում: «Առաջին բանը, որ հիմա մտածում եմ, այն է` կուզենայի, հնարավորություն ունենալ զանգահարել  Սեմ Քուքին և կիսել իր հետ այս պահի զգացողությունս,- ասել է երգիչը իր խոսքում, ապա այս իրողությունը համեմատելով Բարաք Օբամային ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի պաշտոնում տեսնելու հնարավորության հետ, ավելացրել է ,- սա վկայում է այն մասին, որ եթե քեզ կանխորոշված է ի վիճակի լինել սպասել քեզ համար կարևոր մի պահի, ուրեմն կյանքում շատ բան կարող է փոխվել»:

Իր հեղինակավոր ձայնի շնորհիվ նրան անվանում են նաև Քարոզիչ, ով ներկայացման իր յուրահատուկ ոճով երգը վերածում է կյանքի շուրջ երկարատև զրույցների: Իր ժամանակի փոփ աստղերը Ուոմաքին հեղինակություն էին համարում. Նրա երկրպագուների շարքում են Քիթ Ռիչարդսը, Սթիվի Ուոնդերը,  Ռոդ Ստյուարտը, ովքեր իրենց պարտքն էին համարում  հրավիրել նրան պատասխանատու ձայնագրությունների ժամանակ:

 2012թ. երկարատև լռությունից հետո Ուոմաքը ներկայացրեց իր “The Bravest Man in the Universe” (Տիեզերքի ամենախիզախ մարդը)ալբոմը. Վերադարձի խորհրդանիշ, որը ավանգարդային համագործակցություն էր երաժշտական նոր սերնդի ներկայացուցիչների հետ: Երգչի բնորոշմամբ, այն ցանկություն էր կրիկին մարդկանց հետ շփվելու: « 65 տարեկանում դու ավելի շատ բան գիտես, քան 25-ում,- ասել է Ուոմաքը այս ալբոմի առիթով,- այժմ ես երգերն ավելի խորն եմ հասկանում … սա ոչ 14 Ռոլս Ռոյսի և ոչ էլ երկու Բենթլիի մասին է : Եթե նույնիսկ մեկ նիկելի չափով էլ չվաճառվի, միևնույն է, ես գիտեմ, որ այնտեղ ներդրել եմ ողջ ներուժը»:

Չնայած ժամանակակից աստղերը հաճախ են երգում նրա ստեղծագործությունները` ընդունելով իբրև սոուլի հսկա, հաճախ էլ դիմել են երգչին խնդրանքով` իրենց ձայնագրություններում օգտագործել հենց Ուոմաքի կատարումները, դա այնքան էլ չի ոգևորել երաժշտին: Հարցազույցներում, նա խոստովանում է` ամուր և հաստատուն լինելով սոուլի ճանապարհին` այնուամենայնիվ ինքն իրեն հոգու խորքում գոսպելին հավատարիմ արտիստ է համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter