
500 դրամանոց բյուջեով ֆիլմ, որի «սցենարի հեղինակաները եղել են տաքսիստները»
Ռեժիսոր Հարութ Շատյանի «Ճանապարհի փիլիսոփաներ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է հեռախոսով, իսկ տեսարանների մի մասը նկարահանված է գաղտնի: Ֆիլմի գլխավոր հերոսները հայ տաքսիստներն են:
Ֆիլմը նկարահանված է տաքսիստների խոսակցությունների հիման վրա
Շատերս, օգտվելով տաքսիներից, արդեն հիմնական պատկերացում ունենք նրանց մասին. մեծամասամբ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, ովքեր դժգոհ են իշխանության քաղաքականությունից և տիրող անարդարությունից, ովքեր «լավ օրից չէ, որ տաքսի են քշում» ու «սաղ կյանքը տաքսի չեն քշել», կարող են խոսել ամենատարբեր թեմաներից ու վերլուծել ցանկացած իրավիճակ, քանի որ լավ տեղեկացված են: Բոլորիս քաջ ծանոթ այդ մարդիկ ակամա դարձել են Հ. Շատյանի ֆիլմի գլխավոր «դերակատարները»: Տաքսիստների ամենօրյա խոսակցությունը հաճախորդի հետ Հարութը նկարահանել և դարձրել է իր ֆիլմի առանցքը: Ֆիլմում տաքսիստներին միանում են փոքր երեխաները, որոնք մոնտաժի արդյունքում, կարծես, արձագանքում են վարորդների ասածներին, մարդիկ, ովքեր տաքսու վարորդ չեն, բայց ռեժիսորը նրանց ևս դիտարկել է որպես «կյանքի փիլիսոփաներ», արտագնա աշխատանքի մեկնած երիտասարդներ և Երևանը իր բազմազան բնակիչներով:
Հարութ Շատյանը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլև օպերատորը և մոնտաժողը: Ֆիլմի պրոդյուսերն է Գրիգոր Հայրապետյանը:
«Տաքսու վարորդներն առանձին քաղաքակրթություն են. մի մեքենայի մեջ փոքր Հայաստան են սարքում»
Ֆիլմի գաղափարը ծնվել է, երբ ռեժսիորը դրսում գտել է անծանոթի հեռախոսը եւ այն վերադարձրել սեփականատիրոջը: Վերջինը` ազգությամբ ռուս, Հարութին առաջարկել է մի տեղ նստել և գարեջուր խմել: Այս հատվածը ևս ընդգրկված է ֆիլմում: Ռուսն իր զարմանքն է հայտնել, որ Հայաստանում այսքան շատ տաքսիներ կան: Դա էլ ռեժիսորին միտք է տվել նման ֆիլմ նկարահանել:
Ֆիլմն ընդհատումներով նկարահանվել է 2012-ից մինչև 2014-ի հունիսը: Արդյունքում հավաքվել է ավելի քան 70 ժամանոց նյութ, և ամենադժվարը եղել է այդ նյութից կարևոր դրվագները զտելը: Մոնտաժի փուլը տևել է մոտ ութ ամիս:
«Տաքսիստները տվել են այն միտքը, թե ում պետք է նկարել: Օրինակ, եթե տաքսիստը խոսում է խոպանի մասին, ֆիլմում պետք է լինեն խոպանչիներ: Այսինքն՝ տաքսիստները եղել են իմ սցենարի հեղինակները: Իսկ ֆիլմի բյուջեն կազմել է 500 դրամ», - ասում է Հ. Շատյանը:
Վերջինիս համար պակաս բարդ չի եղել ֆիլմում նկարահանվածների թույլտվությունը ստանալը` իրենց մասնակցությամբ կադրերն օգտագործելու համար: Ոմանք հեշտությամբ են համաձայնություն տվել, ոմանք էլ դեմ են եղել: Մի մասին էլ միջնորդավորված են հայտնել նկարահանման մասին և հետո նոր ստացել թույլտվությունը: Բայց քանի որ ֆիլմում նկարահանվածները շատ են, մի մասի հետ պարզապես չեն կարողացել կապ հաստատել:
«Իմ նպատակը, ասելիքն այս մարդկանց միջոցով այն է, որ մեր մեղավորությունը գտնենք, նոր փնտրենք ուրիշի աչքի փուշը: Մանր բաներ կան, որոնց ուշադրություն չենք դարձնում, բայց իրականում դրանք ավելի կարեւոր են»,- ասում է Հ. Շատյանը:
Վերջինս խոսոտովանում է, որ նախքան այս ֆիլմը ինքը նույնպես, ինչպես իր ֆիլմում շատերը, անցնում էր լուսացույցի կարմիր լույսի տակով, ինքն էլ շատերի նման ուշադրություն չէր դարձնում վարորդների խոսակցությանը:
«Տաքսու վարորդներն առանձին քաղաքակրթություն են,- ասում է Հ. Շատյանը:- Մի մեքենայի մեջ փոքր Հայաստան են սարքում, որտեղ մարդիկ ընդհանրապես իրար չեն ճանաչում, բայց կարող են ամեն ինչից խոսել»:
Հաճախ թե́ տաքսու վարորդը, թե́ հաճախորդը մի քանի րոպեների ընթացքում կարող են միմյանց հետ անկեղծ զրուցել, պատմել իրենց խնդիրների մասին` միաժամանակ իմանալով, որ հետագայում դժվար թե կրկին հանդիպեն: Հ. Շատյանն անգամ կեսկատակ-կեսլուրջ առաջարկում է հատուկ ծառայություն բացել, որը կկոչվի` «եկեք արտահայտվեք»:
«Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայանապատկեր» մրցութային ծրագրում, որի ընթացքում էլ տեղի է ունենալու ֆիլմի պրեմիերան: Ռեժիսորը խոստովանում է, որ իր նպատակներից մեկն այս փառատոնին մասնակցելն է: Իսկ ֆիլմի հետագա ճակատագիրն արդեն կախված է փառատոնում գրանցված հաջողությունից:
Ֆիլմը ցուցադրվելու է հուլիսի 15-ին և 19-ին Մոսկվա կինոթատրոնում:
Լուսանկարները՝ Հարութ Շատյանի ֆեյսբուքյան էջից:
Մեկնաբանել