HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ցեղը» ֆիլմում դերասանները սերը և ատելությունը ներկայացնում են ժեստերի լեզվով

Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը ստեղծված է ժեստերի լեզվով և խուլուհամրերի դերակատարմամբ: Ամբողջ ֆիլմն անձայն է. խոսում են միայն պատկերները: Ֆիլմում բացակայում են նաև ենթագրերը (սուբտիտրեր), որովհետև ֆիլմը ստեղծողները համոզված են, որ սերը և ատելությունը հասկանալու համար թարգմանության կարիք չկա:

Երբ խախտվում են ցեղի օրենքները

«Ցեղը» ֆիլմը պատմում է խուլուհամրերի համար նախատեսված գիշերօթիկ դպրոցի դեռահաս սաների մասին: Այստեղ դպրոցի հեղինակություն հանդիսացող տղաները կազմել են իրենց կլանը, որը կողոպտում է ոչ միայն տեղի թույլ բնակիչներին, այլև գողություն է անում դպրոցի պատերից դուրս: Կարճ ժամանակում այդ խմբի անդամ է դառնում հայտնված նորեկը` Սերգեյը: Ֆիլմի ընթացքում նա հաճախ է ենթարկվում ստորության և ճնշման, բայց ֆիլմի ավարտը ցույց է տալիս, որ այդ ամենը նրա մոտ միայն դաժանություն է ծնում:

Կլանի հետ են կապված նաև դպրոցի երկու աղջիկները, որոնք տղաների «հովանավորությամբ» զբաղվում են մարմնավաճառությամբ: Ցեղում գործող օրենքները խախտվում են, երբ Սերգեյը սիրահարվում է այդ աղջիկներից մեկին` Աննային: Սակայն նրա հետ լինելու միակ միջոցը նրան վճարելն է որպես մարմնավաճառի: Այդ գումարը հայթայթելու համար է, որ նա ևս սկսում է գողությամբ զբաղվել: Սակայն սիրած աղջկան այդ ուղուց փրկելու տղայի ջանքերն ապարդյուն են անցնում: Աննան պատրաստվում է մեկնել Իտալիա, իսկ նրա անձնագիրը ոչնչացրած Սերգեյը դաժան ծեծի է ենթարկվում դպրոցի տղաների կողմից:

Երբ թվում էր, թե Սերգեյը նման ծեծից հետո այլևս ողջ չէ, ֆիլմի վերջում տեսնում ենք, որ ամիսներ անց նա գիշերօթիկ է վերադառնում` վրեժխնդիր լինելու. գիշերը քնի մեջ նա սպանում է իրեն ծեծած չորս տղաներին:

Նրանք չեն ընտրել լինել «ցեղ»

Չնայած ֆիլմի համար ընտրված է բավականին նուրբ թեմա, բայց և այստեղ բացակայում է ավելորդ զգացմունքայնությունը: Ֆիլմը նպատակ չունի ցույց տալ խտրականության դրսևորումներ, ինչը հաճախ է արվում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց մասին պատմություններում: Պարզապես ներկայացված է մի առանձին աշխարհ, որի բնակիչներն առանձին «ցեղ են» իրենց առաջնորդով, հպատակներով, բոլորի համար հայտնի ու գործող օրենքներով և այս կյանքում գոյատևելու սեփական բանաձևով:

Այստեղ տեսնում ենք իրենց խնդիրների մեջ «սուզվող» դեռահասների, ալկոհոլի և ծխախոտի չարաշահում, սեքս, տան պայմաններում հղիության արհեստական ընդհատում, որի ամբողջ գործընթացը մանրակրկիտ նկարահանված է, ծեծ, թալան և այլն: Ֆիլմում դժվար է գտնել որևէ լուսավոր կետ: Դժվար է ասել, թե այդ «ցեղային» վիճակը որքանով է բնորոշ հենց խուլուհամրերին, որովհետև նման «ցեղեր» կարելի է գտնել հասարակության տարբեր շերտերում: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ դեռահասների նման կյանքն իրենցից չկախված հանգամանքների արդյունք է: Նրանք չեն ընտրել լինել այդպիսին և այդտեղ: Բայց և դժվար է ասել` արդյոք նրանք կարող էին փոխել իրենց ուղին:

«Ցեղը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում

Այս տարի «Ցեղը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Միջազգային խաղարկային» մրցույթում: Փառատոնի շրջանակներում Երևան այցելած գլխավոր դերասանուհի Յանա Նովիկովան պատմում է, որ իր հերոսուհու նման նա ևս ապրել է խուլուհամրերի գիշերօթիկ դպրոցում, որը չէր սիրում: Նա երազում էր դառնալ դերասանուհի, որի համար Բելառուսից մեկնել է Ուկրաինա: Այստեղ նա հանդիպել է Միրոսլավ Սլաբոշպիտսկուն, ով առաջարկել է նրան նկարահանվել իր ֆիլմում: Սա ֆիլմում նկարահանվելու Յանայի առաջին փորձն է: Նա խոստովանում է, որ սկզբում իր համար բավականին դժվար էր նկարհանվել, հատկապես` բաց տեսարաններում: Սակայն ռեժիսորը նրան զգուշացնում է, որ եթե չնկարահանվի այդ տեսարաններում, ապա դուրս կմնա ֆիլմից և հնարավորություն չի ունենա մասնակցել փառատոներին: Դերասանուհին ուրախ է, որ ստեղծվել է ֆիլմ, որն ամբողջությամբ ժեստերի լեզվով է և ներկայացնում է խուլուհամրերի գիշերօթիկ դպրոցի իրական պատկերը:

Այս տարի Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը արժանացավ Կաննի ՄԿՓ-ի «Քննադատնների շաբաթ» ծրագրի գլխավոր մրցանակին:

Յանա Նովիկովայի լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter